Վարդաձոր (Գյուլաթաղ), խաչքար-սրբատեղի
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար-սրբատեղի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Միջնադարյան խաչքարն ի սկզբանե կերտվել և կանգնեցվել է որպես գերեզմանային կոթող։ Ուշ միջնադարից սկսած՝ խաչքարը տեղի բնակիչների համար դարձել է սրբատեղի։ Բնակիչներն այն հենել են կաղնու ծառին, որը ժամանակի ընթացքում սերտաճել է խաչքարին՝ վերջինիս վերին աջ հատվածը կլանելով բնի մեջ։ Կարծես քարն ու ծառն իրար են հպվել, ձուլվել, դարձել մեկ ամբողջություն։ Այսպիսով՝ կաղնին ևս սրբացվել է բնակչության կողմից։ Ադրբեջանական բանակի կողմից Վարդաձորի բռնազավթումից հետո՝ 2023 թվականից ի վեր, խաչքար-սրբավայրի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք գավառ (հետագայում` Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Վարդաձոր (Գյուլաթաղ)։

Հասցե
Մարտակերտի շրջան, Վարդաձոր (Գյուլաթաղ)

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 8,8 կմ հարավ-արևմուտք՝ Վարդաձոր գյուղում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վարդաձորի գերեզմանոցում` կաղնու ծառի տակ։

Ջրագրությունը
Գտնվում է Ամբարիջուր և Գյուլաթաղի գետ սեզոնային գետակների միջև ընկած տարածքում։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Վարդաձոր գյուղի գերեզմանոցում՝ կաղնու ծառի տակ։ Այն աչքի է ընկնում թե՛ իր խոշոր չափերով, թե՛ ուրույն ոճով և պատկերագրությամբ։ Հատկապես ուշագրավ և խորհրդանշական է խաչքարի՝ ծառին հենված դիրքը։ Ժամանակի ընթացքում խաչքարն ու ծառը միաձուլվել են՝ կարծես մեկը մյուսին ապավինելով իրենց գոյությունը։

Հորինվածքի կենտրոնում թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով, պարանահյուս խաչաթևերով և ամբողջությամբ հյուսվածազարդ մեծադիր ծաղկած խաչն է։ Խաչքարի ստորին հատվածը թաղված է հողի մեջ։ Հազիվ նշմարելի է վարդյակի վերին հատվածը։ Խաչի հիմքի կենտրոնից սկիզբ առնելով՝ դեպի աջ ու ձախ են բարձրանում հյուսածո ճյուղերը, որոնք, զարգանալով դեպի վեր, հարում են հորիզոնական խաչաթևերին և նրբագեղ հյուսվածազարդով միաձուլվելով նախշազարդ շրջանակին՝ պատում խաչքարի ողջ դաշտը՝ հիմնախաչից բաժանվելով նեղ խորաքանդակ գոտով։ Ուշագրավ է, որ խորաքանդակ այս հատվածն ուղղակիորեն չի կրկնում խաչի ուրվագիծը, այլ նոր եզրագծով այլ խաչապատկեր է ստեղծում, որտեղ խաչաթևերի զույգ ելուստները շրջանաձև են (նմանատիպ օրինակներ են` Քարագլխի Կուճիր շալի գերեզմանոցի № 7 և Խաչին խութ գերեզմանոցի № 1 խաչքարերը, Հացի գյուղի Անահիտի աղբյուրի 13-րդ դարի բոլոր խաչքարերը)։ Պատկերագրական տեսանկյունից հատկանշական է խաչի հորիզոնական թևերից վեր` երկու կողմից պատկերված զույգ անվազարդերը, որոնք խորհրդանշում են Աստծուն ամենամոտ հրեշտակների առաջին եռյակում դասակարգված Գահերը։ Աստծո գահը մշտարթուն պահող երկնային էակների (Եզեկիել Ա 15 - ԺԱ 22) այս դասը, ըստ Դիոնիսիոս Կեղծ Արիսպագացու սահմանման, դասակարգվում է Աստծուն ամենամոտ հրեշտակների առաջին եռյակում՝ խորհրդանշելով արդարությունն ու աստվածային իշխանությունը: Անվազարդերի առկայությունը խաչքարի հորինվածքում մատնանշում է, որ այստեղ, ամենայն հավանականությամբ, ներկայացված է Երուսաղեմի երկնքում «բոցաճաճանչ փայլով» փրկության լուսեղեն նշան Սուրբ Խաչի1 հրաշալի երևման տեսարանը2։ 
Խաչքարի վերին աջ անկյունը խրվել է ծառի մեջ, իսկ ձախ անկյունը վնասված է։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ գեղարվեստական, հորինվածքային առանձնահատկությունների և նույնաոճ կոթողների ուսումնասիրության:
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կարմրամոխրագույն ավազաքար

Տիպը
Խաչքար-սրբատեղի
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Լավ
Արժևորումը
Արցախի միջնադարյան խաչքարարվեստի լավագույն նմուշներից է։
----------------------------
1 Տե՛ս Մատենագրութիւնք Նախնեաց. Կորիւն Վարդապետի, Մամբրէի Վերծանողի եւ, Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1833, էջ 107։
Դավիթ Անհաղթ, Ներբող աստվածընկալ Սուրբ Խաչին. «․․․․Ապաքէն զի յամենայն կոյս ուղիղ զհայեցուածսն կալցի. քանզի քառադէմ ապաքէն ասի և կառքդ. որպէս և քառառաջէ այս կառք խաչակառք, յորում Էմմանուէլն բարձրացեալ, կառավարելով ստուգապէս աւարումն գերելոցն արար»։

2 Պատկերագրական վերլուծությունը՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի։

Լուսանկարներ
...
.
Ա․ Լ-Ե․