
Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի (2021թ․)
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 7
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Հասցե
Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր Շալ1 տեղամասում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցի տարածքում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4,1 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։ Նկարագրություն
Հուշարձանը տեղաշարժված է: Աչքի է ընկնում մեծ չափերով (170×50×20 սմ): Կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։ Երկարաձիգ հորինվածքի կենտրոնում մեծադիր ու լայնաթև Ծաղկած խաչն է, որն անջատվում է խաչքարի հյուսվածազարդ հենքից խորը ակոսով։ Ուշագրավ է, որ խորաքանդակ այս հատվածը ուղղակիորեն չի կրկնում խաչի ուրվագիծը, այլ նոր եզրագծով նոր խաչապատկեր է ստեղծում, որտեղ խաչաթևերի զույգ ելուստները շրջանաձև են։ Ծաղկած խաչի հիմքի կենտրոնից դեպի աջ և ձախ են տարածվում արմատի ճյուղերը, որոնք, զարգանալով դեպի վեր, հյուսածո զարդով պատում են խաչը շրջապատող ողջ դաշտը (նմանատիպ օրինակներ են` Հացի գյուղի Անահիտի աղբյուրի, Վարդաձոր գյուղի 13-րդ դարի խաչքարերը)։ Կենտրոնական խաչից ցած՝ կոթողի ստորին հատվածում, հորինվածքը լրացնում է ևս մեկ ավելի փոքր չափի կենտրոնական խաչ՝ շրջանաձև ելուստներով, որի երկու կողմերում մարդկային պատկերաքանդակներ են։ Ցավոք առկա հողի շերտը և պահպանվածության որակը անընթեռնելի են դարձնում պատկերագրությունը և դրանց մանրամասների վերծանումը։ Ուշագրավ է, որ այստեղ նույնպես խաչի հիմքից բխում և տարածվում է արմատը, որը շրջանակով է պատում հորինվածքի այս երեք տարրերը։ Ավելի ցած հորինվածքը շարունակվում է, սակայն մեր տրամադրության տակ եղած լուսանկարների վրա խաչքարի ստորին հատվածը հողածածկ է և պարզապես անընթեռնելի։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Միջնադար, ենթադրաբար թվագրվում է 13-րդ դար։ Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճային և պատկերագրական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն Կրաքար Տիպը
Խաչքար, գերեզմանակոթող Չափերը` լայնությունը
50 սմ Չափերը` բարձրությունը
170 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
20 սմ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Միջին Արժևորումը
Այն հատկապես ուշագրավ է իր պատկերագրությամբ և կատարողական հմտությամբ, որի նմանատիպ օրինակները և դրանց հետագա զարգացումները հանդիպում են արցախյան խաչքարարվեստում՝ սկսած 13-րդ դարից։ ----------------------------
1Կուճիր շալ, Արցախի բարբառով փոքր, հարթ տարածք։ Լուսանկարներ

...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։
Ա. Լ-Ե., Ա. Հ.