
Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Քարագլուխ գյուղատեղի, Խաչին խութ գերեզմանոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց Հատուկ անունը
Խաչին խութ Այլ անվանումներ
Խաչի խութ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը սկզբնավորվել է զարգացած միջնադարում և շարունակաբար օգտագործվել մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը։
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ
Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1050 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան հարավային կողմում։ Նկարագրություն
Գերեզմանոցը գտնվում է Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղի հարավարևմտյան եզրին՝ անտառապատ բլրի վրա։ Զբաղեցնում է մոտ 0,3 հա տարածք։ Միջնադարում կազմավորված 12-13-րդ դարերի խաչքարերով և սալատապաններով գերեզմանոցի շուրջը տարածվել և մինչև 20-րդ դարի վերջը թաղումներ են կատարվել, ինչի արդյունքում հին և նոր գերեզմանները խմբավորված չեն և խառն են։ Անդրադառնալով գերեզմանոցին՝ բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշում է․ «Գտնուում է գիւղիս հարաւ-արևմտեան կողմում, որի մէջ կան նշանաւոր մահարձաններ խաչազարդեալ։ Մի խաչքարի վերայ․ «Մեք հետևիք Աստուծոյ որդիքս Պապա, Սնպատ, Սարգիս․․․․․» (անընթեռնլի)։ Մի այլ կիսատ քարի վերայ «Խաչս Մխիթարայ, Քրիստոս ողորմի նմայ»։ Այլ նշանաւոր խաչարձանի վերայ «Թիվ ՉԲ․ Իշխանութիւն Հասանայ ես Սնպատ և եղբարք իմ կանգնեցաք զխաչս բարեխաւս առ Քրիստոս ինձ և ամուսին (նոյն) իմոյ Կատային, զոր ետ Պարոն մեզ հայրենիք և գերեզմանատեղ․ Քրիստոս աւգնե իւր որդեացն․ ամէն» »1։
Նախքան գյուղի բռնազավթումը այստեղ պահպանվում էին 12-20-րդ դարերի տարբեր գերեզմանային հուշարձաններ։ Հատկապես ուշագրավ էին միջնադարյան խաչքարերը, որոնցից ամբողջական պահպանված էր միայն մեկը, մյուսը կիսված էր։ Հանդիպում էին նաև տարբեր չափերի խաչքարերի բեկորներ։
Գերեզմանոցի խաչքարերն ու բեկորները՝ իրենց գեղաքանդակ հորինվածքով, զարդարվեստով և մշակմամբ, դասվում են Արցախի միջնադարյան խաչքարային դպրոցի լավագույն նմուշների շարքում։ Գերեզմանոցում հիմնականում գերակշռում էին ուշ միջնադարյան ուղղանկյունաձև (մի մասը՝ պարզ, անմշակ քարերից), ինչպես նաև 19-20-րդ դարերի սեղանաձև տապանաքարերը և ուղղաձիգ մահարձանները։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-20-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ խաչքարերի և տապանաքարերի արձանագրության
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ պահպանված գերեզմանային կոթողների կառուցվածքային, ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչին Խութ գերեզմանոցը սկզբնավորվել է 12-13-րդ դարերում։ Գերեզմանոցը գործել է մինչ 20-րդ դարի 70-ական թվականները։ 1981-82 թթ․ Քարագլխի վերջին բնակիչները տեղափոխվեցին շրջակա բնակավայրեր։ Անկախության տարիներին գերեզմանոցը կարևոր սրբավայր էր դարձել քարագլխեցիների համար։ Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թվականի մարտի 24-ին։ Ըստ 2023 թվականի տիեզերական պատկերների՝ Խաչին խութ գերեզմանոցի տարածքը ադրբեջանցի զինվորականների կողմից վերածվել է մարտական հենակետի, տարածքում փորվել են խրամուղիներ և գետնատնակներ։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գերեզմանոցի կոթողները հիմնականում կերտված են կրաքարից և ավազաքարից։
Չափերը` տարածքի մակերեսը
0,3 հա Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Լավ (նախքան գյուղի բռնազավթումը գերեզմանոցը հիմնականում անվնաս էր)Արժևորումը
Այստեղ պահպանված միջնադարյան շքեղ խաչքարերը, նրանց վիմագրերը, ինչպես նաև տապանաքարերը պատմական և ժողովրդագրական կարևոր տեղեկություններ են հաղորդում Արցախի պատմական անցյալի և մշակութային կյանքի վերաբերյալ։ ----------------------------
1Բարխուդարյանց Մ․, 1895, էջ 166։
Լուսանկարներ



...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։ .
Ա․Հ․, Ս․Դ․