
Քարագլուխ գյուղատեղի, Խաչին խութ գերեզմանոց, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կանգնեցվել է 1253 թվականին՝ Սնպատի և իր եղբայրների կողմից։ Խորհրդային տարիներից մինչև 2022 թվականը ծառայել է որպես սրբատեղի։
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1050 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան հարավային կողմում։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Խաչին խութ գերեզմանոցի համեմատաբար բարձրադիր կենտրոնական հատվածում։ Այն աչքի է ընկնում իր խոշոր չափերով (1,73x0,82x0,24), ոճով, պատկերագրությամբ, ինչպես նաև խաչքարի թիկունքին փորագրված 16 տողից բաղկացած արձանագրությամբ․ «Թի(վն) ։ՉԲ։ (1253). իշխանո|ւթի․ Հասանա|յ․ ես Սնպատ եւ|եղբարք իմ կա|նկ(ն)եցի զխաչս| բարէխաւս | ա|ռ Ք[րիստո]ս․ ինձ եւ ամ|ուսին իմոյ Կատ|ային․ զոր ետ պա|րոն մեզ հայրեն|իք եւ գերեզմա|նայտեղ․ ՔՍ | աւգնե իւ|ր որդեա|ցն․ Ամ|են»1։
Հորինվածքի կենտրոնում՝ ուղղանկյունաձև խաչախորանի ներքո, թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով և ամբողջությամբ հյուսվածազարդ մեծադիր ծաղկած խաչն է։ Վերջինիս հիմքի կենտրոնից սկիզբ առնելով՝ դեպի աջ ու ձախ են տարածվում հյուսածո ճյուղերը, որոնք, զարգանալով դեպի վեր, հարում են հորիզոնական խաչաթևերին և նրբագեղ հյուսվածազարդով պատում միջանկյալ ողջ դաշտը։ Նմանապես, ուղղահայաց խաչաթևի վերին կենտրոնից հիմք առնելով՝ դեպի ցած են տարածվում նրբագեղ բուսազարդեր, որ իրենցով լցնում են ողջ դաշտը՝ խաչից բաժանվելով նեղ խորաքանդակ գոտով։ Ուշագրավ է, որ խորաքանդակ այս հատվածը ուղղակիորեն չի կրկնում խաչի ուրվագիծը, այլ նոր եզրագծով նոր խաչապատկեր է ստեղծում, որտեղ խաչաթևերի զույգ ելուստները շրջանաձև են (նմանատիպ օրինակներ են` Հացի գյուղի Անահիտի աղբյուրի, Քարագլխի Կուճիր շալ գերեզմանոցի № 7, Խաչին խութ գերեզմանոցի № 2 խաչքարերը, ինչես նաև Վարդաձոր գյուղի 13-րդ դարի խաչքարերը)։
Կենտրոնական խաչից ցած՝ կոթողի ստորին հատվածում, ընտանեկան պատկերաքանդակ է՝ հոգեհանգստի սեղանի շուրջ։ Հավանաբար արձանագրության մեջ հիշատակված Սնպատը2, կինը՝ Կատան, և իրենց զավակը։ Կնոջ պատկերաքանդակի կողքին գինու սափոր է, իսկ տղամարդու ձեռքին՝ գավաթ։
Խաչախորանը վերևից և երկու կողմերից շրջապատված է հյուսկեն զարդանախշ եզրագոտով, որի աջ մասում կա ևս մի փոքր չափերի հյուսածո խաչաքանդակ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 1253 թվական
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ խաչքարի արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը կանգնեցվել է 13-րդ դարում՝ 1253 թվականին։ Տեղացիների համար յուրատեսակ սրբատեղի էր դարձել Սնպատի գերեզմանը։
Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թվականի մարտի 24-ին։ Ըստ 2023 թվականի տիեզերական պատկերների՝ Խաչին խութ գերեզմանոցի տարածքն ադրբեջանցի զինվորականները վեր են ածել մարտական հենակետի։ Տարածքում խրամուղիներ և գետնատնակներ են փորել։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է մոխրագույն կայծքարից։
Չափերը` լայնությունը
0,82 մ Չափերը` բարձրությունը
1,73 մ Չափերը` խորությունը, հաստությունը
0,24 մ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Լավ (Նախքան գյուղի բռնազավթումը խաչքարը կանգուն էր իր տեղում։)
Արժևորումը
Հուշարձանն Արցախի խաչքարագործության բարձրարվեստ օրինակներից է։ Այն, ինչպես նաև 13-րդ դարի արցախյան մի խումբ նմանատիպ խաչքարեր առանձնանում են ուրույն պատկերագրական ավանդույթներով, ինչպես նաև ոճական յուրահատկություններով։ Խաչքարի արձանագրությունն իր հերթին կարևոր վավերագիր աղբյուր է Քարագլուխ գյուղի պատմական անցյալի և տեղի բնակիչների մասին։ ----------------------------
1Բարխուդարյան Ս․, 1982, էջ 140։
2Սնպատ- նույնն է՝ Սմբատ։
Լուսանկարներ



...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․