Կարմիր գյուղ (Դռնավարզ), որմնափակ խաչքար, կոթող № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Այլ անվանումներ
Պեմի (Բեմ) խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սրբատեղի Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 16,5 կմ հարավ։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 2,3 կմ հյուսիս-արևմուտք՝ Աղին նահատակ վանքից 300 մ հյուսիս։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1295 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,5 կմ հյուսիս՝ Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում էր Կարմիր գյուղի Աղին նահատակ կամ Խաչին տակ սրբավայրից 300 մ հյուսիս գտնվող Պեմ (Բեմ) կոչվող 11-րդ դարի որմնափակ խաչքարի տարածքում։ Կոթողի մասին հիշատակել է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․ «․․․․սրբատաշ չիչ քարով շինուած բեմն, որ ունի երեք մետր լայնություն, 2 հաստութիւն և 5 մետր բարձրութիւն։ Բեմիս արևմտահայեաց ճակատում զետեղուած է երեք գեղեցկաքանդակ և նրբագործ խաչարձան, որոց վերև գրուած է․ «Թվ․ ՇԻ․ կամաւ ամենակալին Աստուծոյ ես․․․ Գրիգոր․․․ Աստուծոյ միաբան եղբարքս լա․․․ զխաչս իշխանութեան․․ և հայրապետութեան․․ Օհանէսի տէր Ներսէսի ո․․․ աղաւթեցէք»1։
Ցավոք գրությունն ու խաչքարերից մեկը չեն պահպանվել։ Տեղաբնակ Գ․ Ջհանգիրյանի կողմից խաչքարը տեղափոխվել է Կարմիր գյուղ՝ ապահովության նպատակով։ Հետագայում վերջնական հանգրվան է գտել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախասրահում։
Խաչքարի կենտրոնում լայն շրջանակով երիզված քարի քառանկյուն խորքից անջատվում է մեծադիր ծաղկած խաչը՝ նրբագեղ, երկակի եռաբողբոջ թևերով։ Այն առանձնանում է սլացիկ համաչափությունների նրբագեղությամբ և ողջ մակերեսը ծածկող ծակոտկեն հյուսվածազարդ նախշով։ Ուղղահայաց խաչաթևի հիմքից դեպի վեր երկկողմանի տարածվում են հյուսվածազարդ ոճավորված թփերով արմավաճյուղերը։ Վերջիններս պսակվում են քառակուսի շրջանակի մեջ առնված մեկական փոքրիկ խաչով, որոնց խաչաթևերն ունեն կլոր ելուստավոր վերջավորություններ։ Ուշագրավ է ուղղանկյուն խաչախորանը երիզող լայն եռապարան զարդագոտին, որը հմտորեն համադրում է չորս տարբեր հյուսվածազարդ հատվածներ մեկ ամբողջական շրջանակի մեջ։
Խաչքարի պատկերագրության կարևորագույն և բացառիկ տարրերից են կենտրոնական խաչի թևերի ութ բողբոջներն ընդգրկող թևավոր անիվները` Օֆանիմները կամ Գալգալիմները2։ Աստծո գահը մշտարթուն պահող երկնային էակների (Եզեկիել Ա 15 - ԺԱ 22) այս դասը, որ կոչվում է նաև Գահեր, ըստ Դիոնիսիոս Կեղծ Արիսպագացու սահմանման՝ դասակարգվում է Աստծուն ամենամոտ հրեշտակների առաջին եռյակում՝ խորհրդանշելով արդարությունն ու աստվածային իշխանությունը: Թևավոր անիվների առկայությունը խաչքարի հորինվածքում բացահայտում է, որ այստեղ ներկայացված է Երուսաղեմի երկնքում «բոցաճաճանչ փայլով» փրկության լուսեղեն նշան Սուրբ Խաչի` քառադեմ խաչակառքի3 հրաշալի երևման տեսարանը։ Այն երևաց Երուսաղեմի երկնակամարում 351 թվականի մայիսի 7-ին՝ ցերեկվա երրորդ ժամին, տարածվեց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռան կողմը և իր արձակած լույսով ծածկեց արեգակը4:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության (չի պահպանվել)։
Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Կառուցման մասին արձանագրությունը մեզ է փոխանցել ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։ Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարն ընդգրկող հուշարձանը կերտվել է 1071 թվականին։ Ծառայել է որպես սրբատեղի։ Խորհրդային տարիներին ավերվել է։ Հետագայում խաչքարը տեղափոխվել է գյուղամիջյան եկեղեցու նախասրահ։ Գյուղը 2023-ի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
19-րդ դարում հնավայր է այցելել և տեղեկություններ փոխանցել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։ 1895-ին հրատարակել է իր «Արցախ» գրքում։
1980-ականներին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը դաշտային ուսումնասիրություններ է կատարել՝ դրանք զետեղելով «Արցախի որմնափակ խաչքարերը» հոդվածի մեջ (1983 թ․):
Պատմական համառոտ տեղեկանք
Խաչքարի մասին որևէ տեղեկություն չկա։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար Տիպը
Խաչքար Չափերը` լայնությունը
60 սմ Չափերը` բարձրությունը
125 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Կարմիր գյուղի պատմամշակութային, հոգևոր ժառանգության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ ----------------------------
1Տե՛ս Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 131։
2Օֆանիմները կամ Գալգալիմները նաև պտտահողմեր են, որ Դանիելի գրքում (Դանիել Է 9) անվանվում են վառվող կրակներ։
3Տե՛ս Մատենագրութիւնք Նախնեաց. Կորիւն Վարդապետի, Մամբրէի Վերծանողի եւ, Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1833, էջ 107։
Դավիթ Անհաղթ, Ներբող աստվածընկալ Սուրբ Խաչին. «․․․․Ապաքէն զի յամենայն կոյս ուղիղ զհայեցուածսն կալցի. քանզի քառադէմ ապաքէն ասի և կառքդ. որպէս և քառառաջէ այս կառք խաչակառք, յորում Էմմանուէլն բարձրացեալ, կառավարելով ստուգապէս աւարումն գերելոցն արար»։
4Պատկերագրական վերլուծությունը՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի:
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․Լ-Ե․