Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Այլ անվանումներ
ժամ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1841 թվականին։ Խորհրդային տարիներին մի որոշ ժամանակով վերածվել է կոլտնտեսության պահեստի։ 2016-2018 թվականներին եկեղեցին վերանորոգվել է ու գործել մինչև 2023-ի սեպտեմբերը։
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հյուսիսարևելյան հատվածում՝ հին թաղամասում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Եկեղեցին գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասի վերնամասում: Ըստ եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության՝ այն կառուցվել է ՌՄՂ (1841) թվականին, սակայն եկեղեցու խորանը, ճարտարապետական այլ հատվածներ, ինչպես նաև պատերին ագուցված 16-17-րդ դարերի նվիրատվական խաչքարերը վկայում են կառույցի շատ ավելի հին լինելու մասին։ 19-րդ դարի կեսերին եկեղեցին վերակառուցվել է։ Բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշել է, որ գյուղն ուներ երեք քահանա։ Ըստ տապանագրերի ու պահպանված ձեռագրերի՝ քահանաները հիմնականում Տեր Մանվելյանների ու Մելիքսեթյանների տոհմից էին։
Եկեղեցին կառուցվել է սպիտակ, դեղնավուն և գորշ կրաքարով, կրաշաղախով։ Պատերը շարված են անկանոն, փոքրաչափ քարերով, սրբատաշ են միայն եկեղեցու ճարտարապետական կարևոր հատվածները և բացվածքները։ Տանիքը թաղակապ է, ծածկը՝ կղմինդրապատ: Միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Բարձրադիր բեմի երկու կողմերից դեպի խորան են բարձրանում չորս աստիճաններ։ Նեղ և երկայնաձիգ խորանի հյուսիսային և հարավային կողապատերին կան երկու փոքրիկ ուղղանկյունաձև պատրհաններ։ Խորանի երկու կողմերում ավանդատներն են։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ պարանահյուս շրջանակով կամարաձև խորշի մեջ, ընդգրկված է մկրտության ավազանը։ Վերջինիս ետնապատի ստորին հատվածում ագուցված է 17-րդ դարի նվիրատվական խաչքար։ Ավազանը կերտված է մեկ ամբողջական քարից և ունի խաչաձև հորինվածք։ Թաղածածկը հենվում է հյուսիսային և հարավային պատկից կամարների ու նրանց միջև ընկած որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։ Լուսավորվում է արևելյան ու արևմտյան կողմերից դեպի ներս լայնացող մեկական փոքրիկ և հարավային կողմի երկու մեծ ուղղանկյուն լուսամուտներով։ Եկեղեցու միակ մուտքը, որը բացված է հարավային կողմից, առնված է ուղղանկյուն շրջանակի մեջ՝ երկու կողային սյուների և կամարակապ բարավորի ներքո։ Մուտքին կից կառուցվել է կամարակապ, երկթեք ծածկով նախասրահ-գավիթը, որի արևմտյան պատի հարավային ճակատին պահպանվել է շինարարական արձանագրությունը․ «Յիշատակ իւր հոգւոյն | կառոյց զայս գաւիթս | Իսրաէլ Յոյաննեսեան | Դռնաւարզ գիւղացի 1894 ամի»։
Նախասրահի ներքո արևմտյան պատին հենած են Աղեն Նահատակ վանքից փոխադրված 13-րդ դարին վերաբերող երկու գեղաքանդակ խաչքարեր։
Եկեղեցու երկթեք տանիքի կենտրոնական մասում տեղադրված է քառանիստ, բրգաձև վեղարով, քառասյուն զանգակատուն-ռոտոնդան, որը, համաձայն նախասրահի արևելյան պատի հարավահայաց մասի արձանագրության, կառուցվել է ի հիշատակ Շամիր և Շիրին Իսրայելյանների․ «Յիշատակեցինք զանկ|ագս Շամիր կամ Շիրին Իսրա|յելեան Լոճունց 1892 ամի.| վախճանվեցան Բաքու | խոլերային ժամանակին»։
Խորանի կողային որմերի արևմտյան ճակատներին, մկրտարանի խորշում, ինչպես նաև որմնասյուներին հորիզոնական դիրքով ագուցված են 13-17-րդ դարերի գեղաքանդակ խաչքարեր, որոնց թվում առանձնանում են.
-Հյուսիսային պատի արևմտակողմ որմնասյան վրա ագուցված հոգևորականների պատկերաքանդակով արձանագիր խաչքարը․ «Յ[իսու]ս Ք[րիստո]ս | Տ[է]ր Ա[ստուա]ծ | ՌՃԾԶ (1707 թ․) | թվ․․․»:
-Հարավային պատի արևմտակողմ որմնասյան վրա ագուցված պատկերաքանդակ խաչքարը, որի ամբողջ մակերեսին փորագրված է․ «Խաչ|ս ահ|եղ Ասր|ուկ|էն»։
-Խորանի աջ կողապատի արևմտյան ճակատի խաչքարը՝ հետևյալ արձանագրությամբ․ «Խաչս| հոգ|ո յիշ|ատ|ակ Խ[ա]չ|ում․․․ն| հուր»։
Եկեղեցու շուրջը տարածվում է 19-րդ դարի գերեզմանոցը, որտեղ հիմնականում ուղղանկյունաձև տապանաքարեր են:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-19-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորի շինարարական արձանագրության
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Հիմք ընդունելով եկեղեցու ճարտարապետության որոշ տարրերի, ինչպես նաև պատերին ագուցված նվիրատվական խաչքարերի պատկերագրությունը և վիմագրերի ուսումնասիրությունը՝ հուշարձանը թվագրվում է առնվազն 16-17-րդ դարեր։ Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Եկեղեցին հիմնադրվել է 16-17-րդ դարերում, հիմնովին վերակառուցվել է 1841 թվականին։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ 2015-2018 թվականներին եկեղեցին վերանորոգվել է բարերարների միջոցներով։ Օծվել է 2018 թվականին և գործել մինչև 2023 թվականը։ Գյուղը 2023-ի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պատմական համառոտ տեղեկանք
Եկեղեցու մասին հիշատակում են ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ1, Շահեն Մկրտչյանն իր «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում2 և Վահրամ Բալայանը «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրության մեջ3։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին պարզ թաղակապ սրահ է։ Կառուցված է սրբատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Եկեղեցու բեմը բարձրադիր է, խորանը` կիսաշրջանաձև, թաղը՝ սլաքաձև։ Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ, սվաղ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցու միակ մուտքը հարավից է։ Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի չորս լուսամուտ՝ բացված արևելյան, արևմտյան ու հարավային ճակատներից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Կղմինդրապատ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Եկեղեցու ճարտարապետական կարևոր հատվածներում (անկյունաքարեր, որմնասյուներ, կամարներ և այլն) օգտագործվել է սրբատաշ կրաքար։ Մնացյալ հատվածները կառուցված են կոպտատաշ, անմշակ քարերով ու կրաշաղախով։
Հարդարանքը
Եկեղեցու բոլոր կամարները գունային գեղեցիկ լուծում ունեն իրար հաջորդող սև և սպիտակ եզրաքարերի շարվածքի շնորհիվ։ Անսովոր է նաև բեմառէջքի գեղարվեստական հարդարանքը, որը նույնպես սև և սպիտակ քարերով ստեղծված գունային լուծում ունի։ Սև քարով շարված շրջանակի մեջ գեղեցիկ լուսաստվերային և գունային խաղ է ստեղծում սպիտակ հենքի վրա անջատվող քառանկյուն սև քարերի շղթան՝ իրար հաջորդող, շեղադիր, ելուստային շարվածքով։ Որպես հարդարանք են ծառայել նաև պատերին ագուցված գեղաքանդակ խաչքարերը։
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
17,6 մ Չափերը` լայնությունը
8,9 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Կարմիր գյուղի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։ ----------------------------
1Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 130։2Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1980, էջ 130։
3Բալայան Վ․, Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020, էջ 107։
Լուսանկարներ
...