Կարմիր գյուղ (Դռնավարզ), Աղին նահատակ վանք-ուխտատեղի
Հուշարձան
Տիպային անվանումը
Վանք
Հատուկ անունը
Աղին նահատակ
Այլ անվանումներ
Աղեն նահատակ, Ըղեն նահատակ, Խաչին տակ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Վանքի հնագույն շինությունը՝ եկեղեցին, հիմնադրվել է 11-12-րդ դարերում։ Նույն ժամանակաշրջանում է կառուցվել փոքր-ինչ հեռու գտնվող որմնափակ խաչքարը։ 17-րդ դարում եկեղեցին վերանորոգվել է։ 19-րդ դարում եկեղեցու հարևանությամբ կառուցվել է ուխտավորների համար նախատեսված հյուրասենյակ։ Վանքը ուխտատեղի-սրբավայր է եղել ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (Կարմիր գյուղ), Խաչին տակ գյուղատեղի

Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, կացարան, որմնափակ խաչքար, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր, աղբյուր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 16,5 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1217 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,2 կմ հյուսիս։
Նկարագրություն
Աղին նահատակ վանքը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք՝ Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո՝ տեղացիների կողմից Խաչին տակ կոչված տարածքում՝ հին գյուղատեղիի հյուսիսային եզրին գտնվող անտառապատ, բայց քարքարոտ բլրի վրա։
Վանական համալիրի հիմնական շինություններն են 11-12-րդ դարերում կառուցված և հետագայում բազմիցս վերանորոգված փոքրաչափ միանավ եկեղեցին, ինչպես նաև եկեղեցու հարևանությամբ՝ արևմտյան կողմում գտնվող 1854 թվականին կառուցված ուխտավորների սենյակը։ Երկու շինությունների միջև ընկած հատվածը հետագայում ծածկվել է և նախասրահ ծառայել եկեղեցու համար։
17-18-րդ դարերի վերանորոգումների ժամանակ միանավ եկեղեցու պատերին ագուցվել են տապանաքարեր և խաչքարեր։ Վանքի ընդարձակ գերեզմանոցը տարածվում է բլրի հարթակին և թեքադիր լանջերին։ Այստեղ պահպանվել են բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր և պատկերազարդ տապանաքարեր։
Համալիրից շուրջ 300 մ հյուսիս գտնվում էր այժմ ավերված և մասնատված, 1071 թվականին կառուցված որմնափակ խաչքարը1։

Խաչին տակ գյուղատեղիում պահպանվել են նաև քարի և ջրի նախաքրիստոնեական պաշտամունքային սրբատեղիներ, որոնց մասին հիշատակել է ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանը․ «Դռնավարզ և Քառասնի գիւղերի միջև կայ երկու քար, որոնք միմեանց վրայ ընկած լինելով, տակովը մի անցք են թողել: Այս անցքի տակ ևս մի փոքրիկ քար կայ, ուր գտնւում է մի խորշ: Եթէ տասերկու տարեկան ժամանակ այդ խորշը ջուր ածեն և խմեն, 17 տարեկան հասակում սաստիկ զօրեղ կարող են լինել, որովհետև այդ քարերը նրան ոյժ կը տան»1։
Ուշագրավ են նաև ծառերի պաշտամունքի հետ կապված ավանդույթները։ Այդ մասին Երվանդ Լալայանը գրում է․ «Այսպիսի ծառերից միքանիսը պաշտւում են որպէս ամենայն տեսակ հիւանդութիւնների բժշկող և ամենայն տեսակ խնդիրներ կատարող, իսկ միւսները որպէս մի որոշ հիւանդութեան բժշկող և կամ մի որոշ զօրութիւն ունեցող:
Առաջին տեսակի ծառերից նշանաւոր են.․․․ Դռնավարզ գիւղի «Խաչին հարթ» անուն սզնի ծառը և այլն»3:


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-19-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի և առկա խաչքարերի պատկերագրական քննության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնադրվել է 11-12-րդ դարերում։ 15-16-րդ դարերում ավերվել է ասպատակիչների կողմից, որից հետո եկեղեցուն հարող բնակավայրը տեղափոխվել է ներկայիս Կարմիր գյուղի տարածք։ 17-18-րդ դարերում եկեղեցին վերանորոգվել է և վերածվել կարևոր ուխտավայրի։ 19-րդ դարում եկեղեցու հարևանությամբ կառուցվել է ուխտավորների սենյակ։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» գրքում (1895 թ․) կարևոր տեղեկություններ է հաղորդել հնավայրի մասին՝ որպես ականատես։ Անդրադարձել է այժմ ավերված որմնափակ խաչքարին (բեմ) և ընդօրինակել վերջինիս չպահպանված արձանագրությունը։

Որմնափակ խաչքարին անդրադարձել է նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Պատմական համառոտ տեղեկանք

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, թերթաքար, ավազաքար, կրաշաղախ

Տանիքը (նյութը, ձևը)
Վանքի շինությունները կամարակապ և թաղածածկ են։

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Վանք-ուխտատեղի
Չափերը` տարածքի մակերեսը
1,7 հա
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր է Ասկերանի շրջանի, մասնավորապես՝ Կարմիր գյուղի (Դռնավարզ) միջնադարյան պատմության ուսումնասիրության համար։ Այն կարևոր ուխտատեղի է եղել տարածաշրջանի ազգաբնակչության համար։ Աղին նահատակի խաչքարերը և տապանաքարերը Արցախի միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներից են։
Լուսանկարներ