Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի
Դահրավ, Սուրբ Սառա նահատակի մատուռ-սրբատեղի
Հուշարձան
Տիպային անվանումը
Մատուռ
Հատուկ անունը
Սուրբ Սառա նահատակ
Այլ անվանումներ
Նահատակի սորփ, Սորփ, Սուրբ Սարրա
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հնավայրում պահպանված ավելի վաղ շինությունների հետքերը, ինչպես նաև 12-13-րդ դարերին վերաբերող գերեզմանոցը և խաչքարերը փաստում են, որ մատուռն ամենայն հավանականությամբ կառուցվել է զարգացած միջնադարում։ Մուտքի բարավորի արձանագրությունը վկայում է 1868 թվականի վերակառուցման մասին։ Ծառայել է որպես սրբատեղի մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

Սկզբնական պատկանելությունը
Դահրավ
Պահպանման միավորի անվանումը
Մատուռ
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Մատուռ, գերեզմանոց, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրավ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրավ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 15,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դահրավ գյուղից 3,2 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ լեռան գագաթին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1645 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի Պտրեցիք և Մեղրագետ վտակների ջրբաժան լեռնաճյուղի վրա՝ Մեղրագետի Ցրտագետ վտակի ակունքամերձ հատվածում։
Նկարագրություն
Սուրբ Սառա նահատակի մատուռ-սրբատեղին գտնվում է Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի տարածքում՝ բնակավայրից 3,2 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ լեռան գագաթին: Տեղում կատարված դաշտային աշխատանքների արդյունքում պարզվել է, որ այստեղ հնագույն ժամանակներում եղել է նշանավոր սրբավայր, որտեղ զարգացած միջնադարում կառուցվել է միանավ եկեղեցի, իսկ վերջինիս ավերակների վրա էլ՝ ներկայիս մատուռը: Ըստ մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ այն կառուցվել է 1868 թվականին․ «1868 թվին | այս Ս[ուր]բ Սար|րայի նահատակի մա|տորն շինէց Յարութ[իու]ն | Խաչատուրեան Կլիկեանց | իւր եղբօրց հէտ»:

Մատուռը թաղակապ փոքրիկ շինություն է, ունի 6,4 մ երկարություն, 4,4 մ լայնություն և 3 մ բարձրություն: Միանավ սրահ է՝ արևելյան կողմում բարձրադիր բեմով և ընդհանուր սրահի հետ ձուլված ուղղանկյունաձև խորանով։ Խորանի հյուսիսային պատին կա ուղղանկյունաձև փոքրիկ պատրհան։ Միակ փոքրիկ լուսամուտն արևելքից է՝ խորանի կենտրոնական հատվածից։ Մուտքը բացված է արևմտյան ճակատի հարավային անկյունից: Կառուցված է տարբեր չափերի անկանոն, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ և կիսամշակ են անկյունաքարերը: Բեմառէջքին հենված է 13-րդ դարի գեղաքանդակ մի մեծ խաչքար, որի վերնամասը ջարդված է և բեկորները դրված են կողքին։ Հատկանշական է, որ այս խաչքարը սրբատեղիի պաշտամունքի հիմնական տարրն է հանդիսանում, այդ պատճառով ամողջովին մոմի և մրի շերտով է պատված։ Հավանաբար խաչքարն այստեղ է բերվել մատուռի մերձակա գերեզմանոցից։ Նույն ժամանակաշրջանի մի խաչքար էլ կանգնեցված է մուտքի ձախ կողմում։

Մատուռից արևմուտք նկատվող 1 մ լայնությամբ հիմնապատերը վկայում են, որ սրբատեղին եղել է պարսպապատ։ Հավանաբար հին ժամանակներում այստեղ նաև ամրոց է եղել։ Պարսպից դուրս՝ հյուսիսային ու հյուսիսարևմտյան կողմերում, տարածվում է միջնադարյան գերեզմանոցը։ Արևմտյան կողմում տների փոսորակներով և պատերի մնացորդներով հետքերը վկայում են վաղեմի բնակատեղիի մասին:

Պահպանված ավանդազրույցի համաձայն՝ սրբավայրը բուժելու զորություն ուներ, և տարբեր հիվանդություններից բուժվելու համար այստեղ ուխտի էին գալիս, մոմ վառում, աղոթում, մատաղ անում։
*  *  *
Ըստ տեղական ավանդության և գյուղացիների վկայության՝ այդ տարածքում վաղեմի գյուղ է եղել՝ Ախաչ անունով։ Այդ գյուղի բարձրադիր լանջին` սըռում1, դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից գերեզմանոց է եղել։ Ժողովրդական բանահյուսության համաձայն՝ այստեղ ամփոփվել են տեղում նահատակված և այլ վաղ քրիստոնեական սրբերի մասունքներ։ Այստեղից էլ ծագում է Սըռում նահատակված կամ Սառա նահատակ անվանումը։ Այս անվանումը փոխանցվել է նաև ներկայիս մատուռին։ Գյուղացիները վկայում են, որ սրբավայրում են ամփոփված նաև Վարդան Մամիկոնյանի մասունքները։
Դահրավցիները  մինչ գյուղի հայաթափումը պահպանում էին վաղեմի ավանդույթը․ ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը համագյուղացիներով ուխտագնացության էին գնում և մատաղ մատուցում Սառա Նահատակ սրբերին։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-19-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորի շինարարական արձանագրության

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Մատուռի ներսում և շուրջը պահպանված խաչքարերն իրենց ոճական և գեղարվեստական առանձնահատկություններով թվագրվում են 12-13-րդ դարեր։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Դահրավ գյուղից հարավ-արևմուտք գտնվող անտառապատ լեռան գագաթը դեռևս միջնադարում ձևավորված ամրոց-բնակատեղի և սրբատեղի է եղել։ Ներկայիս մատուռը հնավայրի տարածքում կառուցվել է 1868 թվականին։ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Պարզ թաղակապ սրահ է։ Խորանն ուղղանկյունաձև է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, թերթաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մատուռի մուտքն արևմտյան կողմից է։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Միակ լուսամուտն արևելքից է։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղակապ
Տանիքը (նյութը, ձևը)
Հին ծածկասալերը չեն պահպանվել։ 1994 թվականին մատուռի տանիքը թիթեղապատվել է դահրավցի Սամվելյան ընտանիքի նախաձեռնությամբ։


Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը կառուցված են տեղական քարերով և կրաշաղախով, շարվածքն անկանոն է։ Սրբատաշ և կիսամշակ են միայն անկյունները, մուտքի շրջանակը և բարավորը։

Հարդարանքը
Զուսպ
Պատկերագրությունը, բովանդակությունը (լուսանկարներ)

Տիպը
Մատուռ-սրբատեղի
Չափերը` երկարությունը
6,4 մ
Չափերը` լայնությունը
4,4 մ
Չափերը` բարձրությունը
3 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է միջնադարյան Արցախի Խաչենի իշխանության, ինչպես նաև Դահրավ գյուղի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1Սէռ, սըռ (բրբռ․) - լեռան գագաթնային գիծը, որի երկու կողմերից սկսվում է վայրեջքը




Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․