Երից Մանկանց վանք, խաչքար № 5
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը՝ որպես գերեզմանային կոթող, կերտվել է 1237 թվականին։ Հայտնաբերվել է 2018 թվականին։

2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ջրաբերդ գավառ, Խոտորաշեն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Երից մանկանց վանքի տարածքը համապատասխանել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք, Մեծ Առանք, Ներքին Խաչեն գավառներին, հետագայում՝ Ջրաբերդի իշխանություն։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Տոնաշեն

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տոնաշենից 7 կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 945 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի Թրղի վտակից 330 մ հյուսիս՝ անտառապատ լեռնաճյուղի հարթակին։
Նկարագրություն
1237 թվականին կերտված խաչքարը հայտնաբերվել է 2018 թվականին տարածքի մաքրման աշխատանքների ժամանակ։ Տեղափոխվել է եկեղեցու հյուսիսային բակ։

Որպես գերեզմանային կոթող կերտված խաչքարը առանձնանում է իր երկարաձիգ, ուղղանկյուն համաչափություններով։ Հորինվածքի գլխավոր տարրը կենտրոնական ծաղկած հիմնախաչն է, որի ուղղահայաց խաչաթևի եռաբողբոջ վերջավորություններից սկզբնավորվում են երկու փոքր խաչաքանդակներ։ Խաչային հորինվածքը շրջապատված է նրբագեղ զարդագոտով, որը, վերնամասում զարգանալով, յուրօրինակ բուսազարդ խաչախորան է ստեղծում։ Ուղղահայաց խաչաթևի երկու կողմերից դեպի խաչի կենտրոն է իջնում խաղողի մեկական ողկույզ՝ ընդգրկված բազմապիսի տերևազարդերի մեջ։ Կենտրոնական խաչը ամբողջությամբ երիզված է խաչի հիմքից բխող զույգ պարանագոտով։ Խաչաքանդակ հորինվածքից ցած՝ կոթողի ստորին հատվածում (մասամբ վնասված է), պահպանվել է հետևյալ հիշատակագրական արձանագրությունը․ «Թիվ ՈՁ|Զ (1237), ես Հայր|․․․ (կ)անգնեցի | զխաչս»:
Արձանագրության վերին ձախ անկյունում տեսանելի է փորագրված պարզատիպ խաչ։ Աջ կողմում քարը վնասված է։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 1237 թվական

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ կրաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի, մասնավորապես՝ Խաչեն գավառի խաչքարարվեստի, ինչպես նաև Երից մանկանց վանքի պատմության ուսումնասիրության համար։ Խաչքարն ավելի վաղ գոյություն ունեցած սրբավայրի նշանակալի վկայություններից մեկն է վանական համալիրի տարածքում։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․