Տոնաշեն, Երից մանկանց վանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Վանական համալիր Հատուկ անունը
Երից մանկանց Այլ անվանումներ
Երից Մանկունք, Երեք Մանկունք, Իրեք մանկուք, Իրեքմանկուք, Երիցմանկանց վանք, Երից Մանկանց, Երից մանկաց (Երից Մանկաց) Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Վանական համալիրը կառուցվել է 17-րդ դարում։ Գործել է մինչև 19-րդ դարի կեսերը։
Սկզբնական պատկանելությունը
Ջրաբերդ գավառ, Խոտորաշեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, սեղանատուն, միաբանների սենյակներ, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Երից մանկանց վանքի տարածքը համապատասխանել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք, Մեծ Առանք, Ներքին Խաչեն գավառներին, հետագայում՝ Ջրաբերդի իշխանություն։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 945 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի Թրղի վտակից 330 մ հյուսիս՝ անտառապատ լեռնաճյուղի հարթակին։ Նկարագրություն
Երից մանկանց վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 7 կմ հարավ-արևմուտք՝ Ջրաբերդից 5 կմ հեռավորությամբ։ Ղևոնդ Ալիշանն իր «Արցախ» գրքում Երից մանկանց վանքը նշում է նաև Դանիելի վանք անվանմամբ․ «Չարաբերդից մի փոքր արևմուտք, լեռան ստորոտի մի ձորում է գտնվում Երից-Մանկանց կամ Դանիելի վանքը, որը աշխարհացույց քարտեզում գրված է Քիբերդի Վելի վանք անունով անունով, որի մասին հիշատակություններ կան միայն արձանագրություններում»1։
Վանքի մասին «Արարատ» ամսագրում հիշատակվում է․ «Այս գաւառին վանքերէն երևելի է Երից Մանկանց ուխտն հռչակաւոր Մռաւու լերին բազկաց վերայ․․․․»2։
Երից մանկանց վանքն իր անվանումը ստացել է Հին Կտակարանի Դանիելի գրքի «երեք մանկանց» պատմությունից, որոնք հիշատակվում են որպես «Դանիելի ընկերներ» (Դանիել Բ 17)։ Վերջիններս անթերի մարմնով, գեղեցիկ արտաքինով, խելքով և գիտությամբ, իմաստությամբ օժտված հրեա երիտասարդներ էին (Դանիել Ա 4), որոնց Նաբուգոդոնոսոր II թագավորը նշանակում է Բաբելոնի գավառի տնտեսության ղեկավարներ։ Նրանք, սակայն, համարձակորեն հրաժարվում են խոնարհվել թագավորի հրամանով կանգնեցված ոսկե արձանի առջև։ Զայրացած թագավորը հրամայում է նրանց կապել և նետել կրակե հնոցի մեջ։ Սակայն հավատով լի երիտասարդները շարունակում են ապավինել և փառաբանել իրենց Աստծուն։ Այդ պահին նրանց մեջ է հայտնվում Տիրոջ հրեշտակը և, ի զարմանս բոլորի, նրանք, կապանքներից ազատված, սկսում են քայլել կրակի մեջ։ Երեք երիտասարդներն անվնաս դուրս են գալիս հնոցից․ նրանց գլխից մազ չէր այրվել ու հագուստից կրակի հոտ նույնիսկ չէր գալիս։ Դա ստիպում է հեթանոս թագավորին ընդունել Իսրայելի Աստծուն և փառաբանել նրան (Դանիել Գ 8-30):
Վանքի վերաբերյալ գոյություն ունեն նաև այլ ավանդազրույցներ․ պատմում են, որ օտար բռնակալների կողմից սպանված հայազգի մանուկների մարմինները ուղտով տեղափոխելիս ճանապարհին կենդանին չոքել և չի կարողացել առաջ գնալ: Այդ ժամանակ որոշել են մանուկներին թաղել վանքի տարածքում: Այստեղից էլ առաջացել է Երից մանկանց անվանումը: Մինչև վերջին ժամանակները արցախահայության մեջ տարածված էր, թե իբր գիշերները վանքի տարածքում լսվում է մանուկների լացի ձայնը։
Մանրանկար, Երից մանկանց վանք, գրիչ-մանրանկարիչ Աթանաս, 1565թ․
Երից մանկանց վանքի ներկայիս շինությունները կառուցվել են 17-րդ դարում, իսկ եկեղեցին հիմնվել է 1691 թվականին։ Սակայն, ինչպես վկայում է Սամվել Կարապետյանը, որոշ ձեռագրեր թվագրվում են հիմնադրումից ավելի վաղ․ «․․․․Երից Մանկանց վանքում ստեղծված մի քանի ձեռագրեր թվագրվում են ավելի վաղ, քան 1691 թ.։ Այսպես՝ Մատենադարանում պահվող № 8139 ձեռագիր «Մաշտոցը» (գրիչ՝ Ղազար վարդապետ) գրված է 1214 թ.։ № 2928 ձեռագիր «Աւետարանը» (գրիչ՝ Աթանաս աբեղա, ստացող՝ Ըռստամ) գրված է 1565 թ., № 1505 ձեռագիրը «Յայսմաւուրքը» (ծաղկող՝ Պողոս եպս. Մելտենցի, ստացող՝ Յակոբ վրդ.) գրված է 1592 թ.: № 3446 ձեռագիր «Ժողովածուն» (գրիչ և ստացող Իգնատիոս Մեծշենցի) գրված է 1661 թ.։ Միակ ձեռագիր «Մաշտոցը», որը գրվել է Երից Մանկանց վանքի ներկայիս եկեղեցու կառուցումից (1691 թ.) հետո, № 1078 ձեռագիրն է՝ 1760 թ. (գրիչ՝ Աբրահամ Շաքեցի)»3։
Ձեռագրերի հիշատակարաններից բացի՝ եկեղեցու պատերի մեջ պահպանվել են ավելի վաղ թվագրվող արձանագիր խաչքարեր, որոնցից է հյուսիսարևելյան ավանդատան հյուսիսային պատի խորշի մեջ տեղադրված խաչքարը․ «Թ[Վ]։ ՌԻ։ ՄԼՄ: (1571 թ.)»4։
Մեկ այլ խաչքարի վրա, որը գտնվում է հարավարևելյան ավանդատան հարավային խորշում, կա հետևյալ արձանագրությունը. «ՍԲ Խ[Ա]ՉՍ Շ[Ա]ՀՈՒՄԻՆ ՄԵԼՔՈՒՄԻՆ ԹՎ։ ՌԿԹ (1620 թ.)»5։
Ըստ մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1691 թվականին։ Հայտնի է որպես Գանձասարին հակաթոռ կաթողիկոսության կենտրոն, որի մասին մի շարք վկայություններ են մեզ հասել։ Ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը Երից մանկանց վանքի Սիմեոն կաթողիկոսի մասին գրել է․ «․․․․ճըռ և ինքնակոչ կաթուղիկոսն, որ շինած է տաճարս ոչ ’ի փառս Աստուծոյ, այլ ’ի յագուրդ իւր անարգ փառասիրութեան, ’ի դավաճանութիւն Աղուանից հարազատ կաթուղիկոսութեան, հակաթոռ Գանձասարի․․․»6։ Այս հակամարտությանը անդրադարձել է նաև Լեոն7։
1705 թվականին այստեղ կաթողիկոս է կարգվում Ներսեսը, որի օրոք նոր հակամարտության սկիզբ է դրվում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ: Սակայն ազատագրական պայքարի մարտիկ Եսայի կաթողիկոսը, ճիշտ ըմբռնելով ստեղծված իրավիճակի լրջությունը և սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը, հաշտվում է Ներսես կաթողիկոսի հետ: Երից մանկանց վանքը` որպես վանք-ամրոց, մեծ դեր է խաղացել 18-րդ դարի սկզբին Արցախում ծավալված ազգային-ազատագրական պայքարում: 1819 թվականին հակաթոռ կաթողիկոս Սիմեոն Բ-ի (Սիմեոն Փոքր) մահով Երից մանկանց վանքի կաթողիկոսությունը վերացել է: 1854 թվականին վանքն արդեն չուներ ոչ մի կալվածք, գրեթե ամայի էր և խնամվում էր «մուղդուսիների»՝ եկեղեցու աշխարհական սպասավորների կողմից: 19-րդ դարի վերջին Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը, այցելելով Երից մանկանց վանքը, գրել է․ «Վանքը վանահայր չունի։ Նրան պահպանում և կառավարում են երկու պառաւած աղջկերք (մինը՝ մի աչքով կոյր)։ Աղջկերանցից մինը կուսապատցի է և կոչվում է Մարթա Տէր-Պետրոսեան, իսկ միւսը՝ մատաղիսցի՝ Խաթուն Սարգսեան․․․․ Աղջկերքը վանքը կապալով են վերցրել Շուշուայ դպրանոցի հոգաբարձութիւնիցը և տարին 30 ռ․ են վճարում»8։
1930 թվականին վանքը վնասվել է երկրաշարժից:
Մինչև 1992 թվականի՝ ադրբեջանական հրոսակների կողմից վանքի գրավումը պահպանվել էին վանքի փայտակերտ հին դուռը և վեղարի ծայրին՝ խնձորակի վրա ամրացված խաչը: 2018 թվականից սկսվեցին եկեղեցու վերականգնման աշխատանքները։ 2023-ին վերականգնումն անավարտ մնաց՝ Արցախի հայության բռնի տեղահանության պատճառով։
Վանական համալիրի գլխավոր կառույցը եռանավ հորինվածքով գմբեթավոր եկեղեցին է՝ տեղադրված հրվանդանի ամենաբարձր վայրում։ Եկեղեցու մուտքի ճակատակալ քարի վրա տասը տողով փորագրված է վանքի կարևոր արձանագրություններից մեկը. «Ի ՌՃԽ թվ|իս ի ժամանակս Շահ Սուլ|էյմանին Մեծի արքային պարսից | ես Սիմեօն շնորհիւն Ա[ստուծո]յ Կ(ա)թ(ո)ղ(ի)կոս Ա|ղուանից, շինեցի զեկեղեցիս ընդ | հարազատ եղբարբ իմով Իգնատիոսի Վ[ա]րդ[ա]|պ[ե]տին որ եմք որդիք Սարգիս քահանայ[ի]ն | Մեծ Շինեցոյ Յաղօթս յիշեցէք | որդիք նոր Սիօնի ի մտանելն | եւ յելանելն դրանս Տ[է]րունի ՝ ամէն»։
Արձանագրությունն առանձնանում է ձեռագրարվեստին բնորոշ պատկերազարդման սկզբունքի կիրառմամբ, որն արտահայտվում է տարբեր տառերի ծաղկազարդման և հատկապես Օ և Զ տառերի յուրահատուկ ձևավորման միջոցով։ Այս ձևավորումներում կարելի է հանդիպել տարբեր խաչերի, լուսնի, արեգակի և մարդկային դեմքի պատկերների, որ ընդգրկված են տառերի մեջ։
Եկեղեցուց հարավ պաշտպանական շինությունն է՝ կազմված երկու սենյակից և բոլորաձև դիտաշտարակից, իսկ 16 մ դեպի հյուսիս-արևմուտք սեղանատունն է՝ բաղկացած նախասրահից և երկու սենյակից։ Եկեղեցու հյուսիսարևմտյան հատվածում տարածվում է փոքրաթիվ տապանաքարերով գերեզմանոցը։ Համալիրը պարսպապատ է․ պահպանվել են հիմնականում արևմտյան հատվածի հիմնապատերը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ հավաստի փաստաթղթի
Ըստ եկեղեցու շինարարական արձանագրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Վանքը հիմնադրվել է միջնադարում, որի մասին փաստում են միջնադարյան ձեռագրերը։ Համալիրի պահպանված շինությունները կառուցվել են 17-րդ դարում։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Երից մանկանց վանքի մասին հիշատակել են ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության (1895) և Ղևոնդ Ալիշանը համանուն երկի մեջ (1993)։
Եկեղեցու արձանագրություններին անդրադարձել է Սարգիս Ջալալյանցը «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» գրքում (2016)։ Արձանագրությունները ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը «Դիվան հայ վիմագրության» 5-րդ պրակում: Հուշարձանին անդրադարձել է պատմաբան Շահեն Մկրտչյանը 1985-1989 թթ․ լույս տեսած «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքի տարբեր հրատարակություններում: Երից մանկանց համալիրի մասին 1985 թվականին «Պատմա-բանասիրական հանդես»-ում հոդված է հրատարակել Ս․ Կարապետյանը՝ «XVII դարի վանական երկու համալիր Արցախում» վերնագրով։ Վերջին տարիներին ուսումնասիրություններ է կատարել վանքի վերականգնող ճարտարապետ Սամվել Այվազյանը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Համալիրի շինությունները կառուցված են տեղական գորշ կոպտատաշ քարերով և սպիտակադեղնավուն սրբատաշ կրաքարով։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են հիմնականում փոքրաչափ կոպտատաշ և սրբատաշ քարերով ու կրաշաղախով։
Տիպը
Վանք-ուխտավայր Չափերը` տարածքի մակերեսը
Համալիրն ընդգրկում է շուրջ 0,3 հա տարածք։ Արժևորումը
Կարևոր է Արցախի 17-րդ դարի ճարտարապետության, Աղվանից կաթողիկոսության ուշ միջնադարյան շրջանի ուսումնասիրության համար, ինչպես նաև Մռավի հարավային լանջերի պատմական աղբյուրներում հիշատակված և լքված բնակավայրերի պատմության ու մշակույթի համար։ ----------------------------
1 Ալիշան Ղ․, 1993, էջ 41։ (Հեղինակը ճշգրիտ նկարագրում է վանքի տեղադրությունը, սակայն անվանումների մեջ շփոթում այն Մռավից հյուսիս՝ Ներքիշեն (Շահումյան) ավանի մոտ գտնվող Երից մանկանց (Իրեք մանկուք) վանքի հետ՝ անվանելով Դանիելի վանք, Քիբերդի Վելի վանք։)2 Պլուզեան Մ․, 1871, № Ը, էջ 442։
3 Կարապետյան Ս․, 1985, էջ 230։
4 Նույն տեղում։
5 Նույն տեղում։
6 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 232։
7 Լեո, 1973, էջ 116։
8 Գեղամյանց Ե․ (Հայկունի), 2010, էջ 50։
Չափագրություններ
Տոնաշեն, Երից մանկանց վանք
Չափագրությունը՝ Սամվել Այվազյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Լեո, 1973 - Լեո (Առաքել Բաբախանյան), Երկերի ժողովածու, հ․ 3, Գիրք 2, Երևան, 1973։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Պլուզեան Մ․, 1871 - Պլուզեան Մաղաք, «Արցախ նահանգի Ջրաբերդ գաւառը», «Արարատ», Էջմիածին, 1871, № Ը, էջ 440-443։
Ջալալյանց Ս., 2016 - Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Երևան, 2016։
.
Ա․Հ․, Ս․Դ․, Ա․ Լ-Ե․