Տոնաշեն, Երից Մանկանց վանքի եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Երից Մանկանց (Երից մանկանց) Այլ անվանումներ
Երից Մանկունք, Երեք Մանկունք, Իրեք մանկուք, Իրեքմանկուք
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ Գործել է մինչև 19-րդ դարի կեսերը, սակայն բնակչության համար շարունակում էր մնալ որպես ուխտատեղի։ Խորհրդային տարիներին իշխող աթեիզմի գաղափարախոսության ազդեցությամբ հոգևոր կենտրոնը լքվել է։ 2018 թվականից սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները։ 2023-ին վերականգնումն անավարտ է մնացել՝ Արցախի բռնազավթման և հայության բռնի տեղահանության պատճառով։ 2025 թվականի աշնանը սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները պղծել են եկեղեցին, ջարդել մի շարք խաչքարեր։
Սկզբնական պատկանելությունը
Ջրաբերդ գավառ, Խոտորաշեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Երից մանկանց վանքի տարածքը համապատասխանել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք, Մեծ Առանք, Ներքին Խաչեն գավառներին։ Միջնադարում ընդգրկվել է Խաչենի իշխանության, այնուհետև Ջրաբերդի մելիքության տիրույթում։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Տոնաշեն
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տոնաշենից 7 կմ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 945 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի Թրղի վտակից 330 մ հյուսիս՝ անտառապատ լեռնաճյուղի հարթակին։ Նկարագրություն
Երից մանկանց վանական համալիրը գտնվում է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 7 կմ հարավ-արևմուտք՝ Ջրաբերդից 5 կմ հեռավորությամբ գտնվող թերակղզաձև հրվանդանի վրա։ Գլխավոր կառույցը եռանավ հորինվածքով, գմբեթավոր եկեղեցին է՝ տեղադրված ամենաբարձր կետում։
Այն իր անվանումը ստացել է Հին Կտակարանի Դանիելի գրքի «երեք մանկանց» պատմությունից, որոնք հիշատակվում են որպես «Դանիելի ընկերներ» (Դանիել Բ 17)։
Ներկայիս եկեղեցին, ըստ մուտքի ճակատակալ քարի վրա փորագրված տասը տողից բաղկացած արձանագրության, հիմնվել է 1691 թվականին․ «Ի ՌՃԽ թվ|իս ի ժամանակս Շահ Սուլ|էյմանին Մեծի արքային պարսից | ես Սիմեօն շնորհիւն Ա[ստուծո]յ Կ(ա)թ(ո)ղ(ի)կոս Ա|ղուանից, շինեցի զեկեղեցիս ընդ | հարազատ եղբարբ իմով Իգնատիոսի Վ[ա]րդ[ա]|պ[ե]տին որ եմք որդիք Սարգիս քահանայ[ի]ն | Մեծ Շինեցոյ Յաղօթս յիշեցէք | որդիք նոր Սիօնի ի մտանելն | եւ յելանելն դրանս Տ[է]րունի՝ ամէն»1։
Ինչպես վկայում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, վանքում ընդօրինակվել և նկարազարդվել են ձեռագրեր, որոնք շատ ավելի վաղ թվագրություն ունեն․ «Այսպես՝ Մատենադարանում պահվող № 8139 ձեռագիր «Մաշտոցը» (գրիչ՝ Ղազար վարդապետ) գրված է 1214 թ.։ № 2928 ձեռագիր «Աւետարանը» (գրիչ՝ Աթանաս աբեղա, ստացող՝ Ըռստամ) գրված է 1565 թ., № 1505 ձեռագիրը «Յայսմաւուրքը» (ծաղկող՝ Պողոս եպս. Մելտենցի, ստացող՝ Յակոբ վրդ.) գրված է 1592 թ.: № 3446 ձեռագիր «Ժողովածուն» (գրիչ և ստացող Իգնատիոս Մեծշենցի) գրված է 1661 թ.։ Միակ ձեռագիր «Մաշտոցը», որը գրվել է Երից Մանկանց վանքի ներկայիս եկեղեցու կառուցումից (1691 թ.) հետո, № 1078 ձեռագիրն է՝ 1760 թ. (գրիչ՝ Աբրահամ Շաքեցի)»2։
Համազասպ Ոսկյանն իր «Արցախի վանքերը» գրքի ծանոթագրություններում հիշատակում է 1580 թվականին գրված մի Ավետարանի մասին, որի մեջ նշված է․ «Կամաւն Աստուծոյ Կոստանդ մահդասիս առայ սուրբ Աւետարանս ի հալալ ընչից մերոց իմ կամաւորութեամբ եւ տվի իմ հոգոյ որդոյն տէր Ռստակէսին․․․ ես Կոստանդ մահդասիս, լուսարար Եղիշէի սուրբ առաքելոյն եւ տվեալ իմ աւետարանիս գինն առաջի Աստուծոյ տէր Մարկոսին ԺԲ մառչիլ3, ա ֆեթակ ետոյ տաւոյ արաւ տվի Ե խոն բիրինձ ա չուխայ, էլ մին ֆեթակ՝ սուրբ երեք Մանկուքն․ վկայ է Իգնատիոս եպիսկոպոս վկայ է, տէր Ակոբն վկայ է, Ոսկան եպիսկոպոս վկայ»4։
Ձեռագրերի հիշատակարաններից բացի՝ եկեղեցու պատերի մեջ պահպանվել են ավելի վաղ թվագրվող արձանագիր խաչքարեր, որոնցից է խորանի ձախ կողմի ավանդատան հյուսիսային պատի խորշի մեջ տեղադրված խաչքարը․ «Թ[Վ]։ ՌԻ։ ՄԼՄ: (1571 թ.)»5։
Մեկ այլ խաչքարի վրա, որը գտնվում է հարավարևելյան ավանդատան հարավային խորշում, կա հետևյալ արձանագրությունը. «ՍԲ Խ[Ա]ՉՍ Շ[Ա]ՀՈՒՄԻՆ ՄԵԼՔՈՒՄԻՆ ԹՎ։ ՌԿԹ (1620 թ.)»6։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ, գմբեթավոր բազիլիկ է։ Գմբեթը բարձրանում է չորս մույթերի վրա հիմնված կամարների և դրանցից ձևավորվող առագաստների վրա։ Ներսից 13,5 × 9,5 մ չափերով ընդարձակ, լուսավոր սրահ է։ Արևելյան հատվածում յոթ կամարակապ որմնախորշերով կիսաշրջան խորանն է։ Հատկապես ուշագրավ է իր շքեղ եզրագոտով և հետնապատին վերօգտագործված խաչքարերով առանձնացող ձախակողմյան առաջին որմնախորշը։ Եկեղեցու ներսում՝ տարբեր հատվածներում, առկա են մի քանի նմանատիպ խաչքարերով ձևավորված որմնախորշեր։ Բեմի կենտրոնում տեղադրված է վեմ քարը։ Խորանի ներքին՝ հյուսիսային պատին փորագրված հակիրճ արձանագրությունը պահպանել է եկեղեցին կառուցող վարպետ Սարգսի անունը․ «Շինօղ եւ վարպետ | եկեղեցւոյս ուստա | Սարգ(ի)սն յիշեցէք ի Ք[րիստո]ս»7։
Խորանի երկու կողմերից դեպի բեմ են բարձրանում չորս աստիճաններ։ Բարձրադիր բեմառէջքն ամբողջությամբ ծածկված է արձանագրությամբ, որն ընդգրկված է բեմառէջքի համար հարդարանք հանդիսացող գեղեցիկ, հյուսկեն, ծավալային շրջանակի մեջ․ «Կերտեցաւ այս յարկ նուիրանաց տուն Ա(ստծո)յ եւ տաճար փառաց նորոյ ուխտի պատարագաց, զոր Տ(է)ր Յ(իսու)ս մեզ ավանդեայ։ Շի|նեցաւ յերկուց հարազատաց Սիմէօն կ(ա)թ(ո)ղ(ի)կ(ո)սի եւ Իգնատիոու րաբունեաց եւ այլ յոքունց աշխատողաց գրե|լոց ի դպրութի․ կենաց․ ի թուականիս հայոց ազ(գ)ի հազար հարիւր եւ չորս տասնի (1691)։ Աւարտեցաւ սո|յն եկեղեց(ի)ք ի փառս անճառ Տ(է)րն Յ(ի)ս(ու)ի որք աղօթէք եւ երկըրպագէք յուղիղ մտօք յայս նկատէք|․ աղերսանօք զտ(էր)ն․ յիշեցէք, եւ յանցանաց մերոց թողութիւն խնդրեցէք, եւս առաւել ծնողաց մերոց| մարմնաւորաց Սարգիս քահանայի եւ մօր Մերումայ եւ ամենայն աշխատաւորաց ի սմա․ Ամէն»8: Վեց տողից բաղկացած այս արձանագրության երկու կողմերում քանդակված են 17-րդ դարի խաչքարարվեստին բնորոշ երկու հյուսվածազարդ խաչապատկերներ, որոնցից ձախակողմյանն ավերված է։
Եկեղեցու երկհարկանի զույգ ավանդատները տեղադրված են խորանի երկու կողմերում։ Առաջին հարկի հյուսվածազարդ գոտով հարդարված մուտքերը բացվում են եկեղեցու սրահից։ Ուշագրավ է, որ երկրորդ հարկը հասանելի է միայն խորանից բացվող բարձրադիր մուտքերից, որոնց համար նախատեսված են եղել շարժական սանդուխքներ։ Արցախում նմանատիպ կառուցվածքային լուծումներ ունեն նաև Գտչավանքի գլխավոր եկեղեցին, Ծակուռիի Ծաղկավանք և Պտկեսբերքի Սուրբ Գևորգ վանքի եկեղեցիները։
Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը, որն առանձնանում է իր շքեղ շթաքարային, քանդակազարդ լուծմամբ։ Եկեղեցին ներսից աչքի է ընկնում իր վեհությամբ և արտահայտիչ ճարտարապետական լուծումներով, ինչպիսիք են՝ կառուցվածքային տարրերի համաչափությունը, կամարների սլացիկությունը, ինչպես նաև պատերի մեջ ագուցված մեծ ու փոքր խաչքարերի առկայությունը։ Արտասովոր են եկեղեցու խորանի և բեմի խորությունը, ինչպես նաև աղոթասրահի ոչ թե ուղղանկյուն, այլ քառակուսի հատակագիծը, ինչի արդյունքում սրահի կենտրոնական հատվածից բարձրացող գմբեթը արտաքուստ երևում է կենտրոնից դեպի արևմուտք ուղղվածությամբ։ Գմբեթակիր մույթերը ի սկզբանե եղել են խաչաձև։ 18-րդ դարում արևելյան մույթերը ամրացման նպատակով հաստացվել ու վերածվել են քառանիստի։ Այդ մասին է վկայում հարավային մույթի վրա պահպանված արձանագրությունը․ «Շինեցաւ երկու սիւնս եւ թախթափուշն․․․ ի թագաւորութեանն ռուսաց Աղիքսանդրայ․ ի հայրապետութեան տ[եառ]ն Մատթէոսի․ օժանդակութեամբ ժողովրդոց․ ձեռամբ Կուսապատու Եսայի վարդապետին․ ։ՌՅԹ․ 1860։ Յիշողքդ յիշեալ լիցին առաջի անմահդառին Ա[ստծո]յ․ եւ երջանիկ սրբոցն Երից Մանկանց»9։
Եկեղեցին լուսավորվում է արևելյան կողմից հինգ լուսամուտով, արևմտյան, հարավային, հյուսիսային կողմերից՝ երեքական, և թմբուկի ութ լուսամուտով։ Մուտքը հարավային կողմից է։ Դռան շրջանակը սրբատաշ է՝ պարանաձև հյուսքով։ Մուտքի բարավորը պսակված է նրբագեղ, շթաքարային զարդագոտով՝ ծածկված կամարով, և կրում է, ինչպես վերը նշվեց, եկեղեցու կառուցման վերաբերյալ վիմագիր արձանագրությունը։ Վերջինս առանձնանում է ձեռագրարվեստին հատուկ տառերի ծաղկազարդման սկզբունքով։ Ուշագրավ են հատկապես Օ և Զ տառերի ոճավորումները, որտեղ առկա են խաչերի, լուսնի, արեգակի և մարդկային դեմքի պատկերներ։
Եկեղեցու ութանկյուն թմբուկը և բազմանիստ գմբեթը, ինչպես նաև ճակատների եռանկյունաձև վերին հատվածները, բացվածքները և անկյունաքարերը երեսպատված են դեղնասպիտակավուն երանգով սրբատաշ քարերով՝ ի տարբերություն կառույցի մյուս հատվածների, որտեղ կիրառվել են տեղական մոխրագույն անմշակ քար ու ավազաքար։ Հատկանշական են եկեղեցու լուսամուտների գեղեցիկ, նախշազարդ արտաքին լուծումները, ինչպես նաև չորս ճակատների կենտրոնական լուսամուտների բացվածքների բազմազանությունը։ Արտաքին հարդարանքի տարրերից կարևորագույն գեղարվեստական նշանակություն ունեն կառույցի չորս ճակատների մեծածավալ, հյուսվածազարդ խաչաքանդակները։ Սրահի սալահատակից պահպանվել է միայն արևելյան հատվածը։ Վանական համալիրը տուժել է 1930 թվականի երկրաշարժից։
Մինչև 1992 թվականի՝ ադրբեջանական հրոսակների կողմից եկեղեցու գրավումը պահպանվել էին նաև կառույցի փայտակերտ հին դուռը և վեղարի ծայրին՝ խնձորակի վրա ամրացված խաչը: 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանման պատճառով 2018 թվականին սկսված վերականգնման աշխատանքները մնացին անավարտ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ եկեղեցու շինարարական արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Եկեղեցին հիմնադրվել է 1691 թվականին։ 18-րդ դարում վերանորոգվել է։ 2018 թվականին մեկնարկել է եկեղեցու վերանորոգումը, որը, սակայն, ավարտին չի հասցվել։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Երից մանկանց վանքի մասին հիշատակել են ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության (1895) և Ղևոնդ Ալիշանը համանուն երկի մեջ (1993)։
Եկեղեցու արձանագրություններին անդրադարձել է Սարգիս Ջալալյանցը «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» գրքում (2016)։ Արձանագրությունները ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը «Դիվան հայ վիմագրության» 5-րդ պրակում:
Հուշարձանին անդրադարձել է պատմաբան Շահեն Մկրտչյանը 1985-1989 թթ․ լույս տեսած «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքի տարբեր հրատարակություններում:
Երից Մանկանց վանական համալիրի մասին 1985 թվականին «Պատմա-բանասիրական հանդեսում» հոդված է հրատարակել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ «XVII դարի վանական երկու համալիր Արցախում» վերնագրով։
Վերջին տարիներին ուսումնասիրություններ է կատարել վանքի վերականգնող ճարտարապետ Սամվել Այվազյանը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Եկեղեցին կառուցված է տեղական գորշ կոպտատաշ քարերով և սպիտակադեղնավուն սրբատաշ կրաքարով։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են հիմնականում փոքրաչափ կոպտատաշ և սրբատաշ քարերով ու կրաշաղախով։
Տիպը
Եռանավ, կենտրոնագմբեթ սրահ Չափերը` երկարությունը
15,5 մ Չափերը` լայնությունը
12 մ Արժևորումը
Կարևոր է Արցախի 17-րդ դարի ճարտարապետության, Աղվանից կաթողիկոսության ուշ միջնադարյան շրջանի ուսումնասիրության համար, ինչպես նաև Մռավի հարավային լանջերի պատմական աղբյուրներում հիշատակված և լքված բնակավայրերի պատմության ու մշակույթի համար։
----------------------------
1 Բարխուդարյան Ս․, 1982, էջ 96։2 Կարապետյան Ս․, 1985, էջ 230։
3 Մարսիլի, եվրոպական արծաթ դրամ։ Գործածության մեջ են եղել տարբեր երկրների և տեսակների մարսիլիներ, որոնց քաշը միջին հաշվով եղել է 24 գրամ։
4 Ոսկյան Հ․, 1953, 126։
5 Կարապետյան Ս․, 1985, էջ 230։
6 Նույն տեղում։
7 Բարխուդարյան Ս․, 1982, էջ 97։
8 Նույն տեղում, էջ 96-97։
9 Նույն տեղում, էջ 97։
Չափագրություններ
Տոնաշեն, Երից մանկանց վանք
Չափագրությունը՝ Սամվել Այվազյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Լեո, 1973 - Լեո (Առաքել Բաբախանյան), Երկերի ժողովածու, հ․ 3, Գիրք 2, Երևան, 1973։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Ջալալյանց Ս., 2016 - Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Երևան, 2016։
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․