Երից Մանկանց վանք, խաչքար № 4
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը՝ որպես գերեզմանային կոթող, կերտվել է 1236 թվականին։ Հետագայում Երից մանկանց եկեղեցու շինարարության ժամանակ վերօգտագործվել է որպես որմնախորշի եզրաքար։

2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ջրաբերդ գավառ, Խոտորաշեն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Երից մանկանց վանքի տարածքը համապատասխանել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք, Մեծ Առանք, Ներքին Խաչեն գավառներին, հետագայում՝ Ջրաբերդի իշխանություն։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Տոնաշեն

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տոնաշենից 7 կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 945 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի Թրղի վտակից 330 մ հյուսիս՝ անտառապատ լեռնաճյուղի հարթակին։
Նկարագրություն
Երից մանկանց1 վանքի եկեղեցու ներսում, որպես որմնախորշի եզրաքար, հորիզոնական դիրքով ագուցված է գեղաքանդակ մի խաչքար։ Կոթողի վերնամասը և մասամբ ստորին հատվածը կտրված է։ Ծաղկած հիմնախաչը ամփոփված է ծաղկազարդ և հյուսկեն եզրագոտու մեջ։ Վերին խաչաթևի երկու կողմերից դեպի ցած են իջնում խաղողի երկու գեղեցիկ քանդակված ողկույզներ։ Ուղղահայաց խաչաթևի ստորին երկու եռաբողբոջ վերջավորություններից սկիզբ առնելով` վեր են բարձրանում գալարաձև արմավաճյուղերը։ Թվագիր հիշատակագրական արձանագրությունից պահպանվել է միայն երկու տող կոթողի ստորին հատվածում․ «Թիվ | ՈՁԵ (1236) էր, ես Աւնէս | ․․․»։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 1236 թվական

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար 
Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի, մասնավորապես՝ Խաչեն գավառի խաչքարարվեստի, ինչպես նաև Երից մանկանց վանքի պատմության ուսումնասիրության համար։ Եկեղեցին վանական համալիրի տարածքում ավելի վաղ գոյություն ունեցած սրբավայրի մասին կարևոր քարե վկայություններից մեկն է։

----------------------------
1 Հանդիպում են նաև այլ անվանումներ և գրության ձևեր՝ Երից մանկանց, Երից Մանկունք, Երեք Մանկունք, Իրեք մանկուք, Իրեքմանկուք։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․Լ-Ե․