Կիչան, Խաչքարերով գերեզմանոց, խաչքար № 2
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-րդ դարում՝ որպես գերեզմանային կոթող։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Կիչան գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Կիչան

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտից 20,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կիչան գյուղից 300 մ հարավ-արևմուտք՝ Ստեփանակերտը Վարդենիսին կապող հյուսիս-հարավ մայրուղու աջ եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից մոտ 966 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում՝ գետից 3 կմ հյուսիս։
Նկարագրություն
Կոթողը տեղադրված է Կիչանի Խաչքարերով գերեզմանոցի հարավարևմտյան կողմում՝ թեքադիր լանջի վրա։ Խոշոր չափերի այս խաչքարի հորինվածքի կենտրոնում՝ հիմնական ուղղանկյուն շրջանակին ներգծված կամարաձև, պարանահյուս խաչախորանի ներքո, քանդակված է ծաղկած խաչը՝ թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով։

Խաչաքանդակն ամբողջովին հյուսվածազարդ է։ Վերջինիս հիմքից սկզբնավորվելով՝ դեպի աջ ու ձախ են տարածվում գեղեցիկ ձևավորված խաչարմատները, որոնք գալարվելով դեպի վեր են բարձարանում՝ զարգանալով որպես ոճավորված արմավաճյուղեր։ Կենտրոնական հորինվածքը երկու կողմերից և վերևից ներփակված է լայն, եռապարան, հյուսկեն զարդագոտով, որը հար նման է Կիչանի գերեզմանոցի խաչքար № 1-ին։ Ուշագրավ է, որ մեկ ընդհանուր շրջանակ ստեղծող զարդագոտին բաղկացած է իրար հաջորդող երեք տարբեր հյուսվածանախշերից։ Շրջանակի մեջ առնված խաչաքանդակ-հորինվածքից ցած չորս տողից բաղկացած արձանագրությունն է․ «Թւին ՈԽԸ։ Ես Իշխան կ|անգեցի զխաչս ի տա|պանի հաւր իմոյ Վարհա|մ, յաղաւթս ...»1։
Խաչքարի վերին ձախակողմյան հատվածը ջարդված է։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարերը վավերացվել և չափագրվել են։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանային կոթող
Չափերը` լայնությունը
0,99 մ
Չափերը` բարձրությունը
1,5 մ
Չափերը` խորությունը, հաստությունը
0,17 մ
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Հուշարձանն ունի բացառիկ արժեք Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ Կիչանի խաչքարադաշտը վկայում է Արցախում քրիստոնեական հավատքի և գեղարվեստական աշխարհընկալման շարունակական զարգացման մասին։

----------------------------
1 Արձանագրության ընթերցումը՝ Սասուն Դանիելյանի։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․