Կիչան, Խաչքարերով գերեզմանոց, խաչքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Կիչան գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Կիչան

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտից 20,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կիչան գյուղից 300 մ հարավ-արևմուտք՝ Ստեփանակերտը Վարդենիսին կապող հյուսիս-հարավ մայրուղու աջ եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից մոտ 966 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում՝ գետից 3 կմ հյուսիս։
Նկարագրություն
Կոթողը տեղադրված է Կիչանի Խաչքարերով գերեզմանոցի հարավարևմտյան կողմում՝ թեքադիր լանջի վերին հատվածում։ Չափերով մեծ հուշարձանի հիմնական առանցքը կազմված է կիսաշրջանաձև խաչախորանի ներքո տեղադրված, զույգ բողբոջաձև խաչաթևերով ծաղկած խաչից։ Ուղղահայաց խաչաթևի վերնամասից սկզբնավորվելով՝ խաչի աջ և ձախ կողմերով իջնում է խաղողի մեկական ողկույզ, որոնցից աջակողմյանը չափերով համեմատաբար փոքր է։ Խաչի կենտրոնում խաչաթևերը եզրագծող զույգ պարանաձև ժապավենը վերածվում է շրջագծի մեջ առնված հյուսվածազարդի։ Խաչի հիմքից սկզբնավորվելով՝ դեպի վեր են բարձրանում գեղեցիկ ոճավորված խաչարմատները, որոնք իրենց վրա են կրում նույնպես ոճավորված արմավաճյուղերը։ Կենտրոնական հորինվածքը երկու կողմերից և վերևից ներփակված է լայն, եռապարան, հյուսկեն զարդագոտով։ Ուշագրավ է, որ մեկ ընդհանուր շրջանակ ստեղծող զարդագոտին բաղկացած է իրար հաջորդող երեք տարբեր նախշերից։ Հարկ է նշել, որ կոթողի ձախ կողմում՝ նախշազարդ շրջանակի ստորին հատվածում, հստակ տեսանելի է քարի ողջ հաստությամբ արված ակոսատիպ փորվածք։ Շրջանակի մեջ առնված խաչաքանդակ-հորինվածքից ցած նկատելի են արձանագրության հետքեր, որոնք, սակայն, անընթեռնելի են։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարերը վավերացվել և չափագրվել են։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Հուշարձանն ունի բացառիկ արժեք միջնադարյան Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ Կիչանի խաչքարադաշտը վկայում է Արցախի քրիստոնեական հավատքի և գեղարվեստական աշխարհընկալման շարունակական զարգացման մասին։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․