Սարուշեն, Փիրումաշենի եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Փիրումաշեն
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 16-17-րդ դարերում։ Իր նշանակությունը պահպանել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ 2010-2014 թթ․ եկեղեցին վերականգնվել է։ 2023 թվականի սեպտեմբերից տարածքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Փիրումաշեն

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ, հետագայում Վարանդայի մելիքության մաս է կազմել։ Մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սարուշեն գյուղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սարուշեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 23 կմ հարավ-արևելք՝ Սարուշեն գյուղի վարչական տարածքում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարուշեն գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Փիրումաշեն գյուղատեղիի տարածքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1021 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ձախակողմյան՝ Ծանուն ջուր փոքրիկ վտակի ակունքամերձ հատվածում։
Նկարագրություն
Եկեղեցին գտնվում է Սարուշեն գյուղից մոտ 1,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհի աջ եզրին՝ Փիրումաշեն գյուղատեղիի տարածքում։ Քանի որ եկեղեցու անվանումը հայտնի չէ, այն պայմանականորեն սկսել է կոչվել բնակատեղիի անունով։ Ըստ Նիկողայոս Ղահրաման-Քևխոյանի (Արցախեցի)՝ եկեղեցին կառուցվել է հայոց ՌԳ (1554) թվականին՝ Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետ համաժամանակ1, սակայն ներկայիս կառույցի վրա այդ թվականը փաստող շինարարական արձանագրությունը չի պահպանվել։ Եկեղեցու պատերի մեջ ագուցված են նմանատիպ հորինվածքով բազմաթիվ խաչքարեր, որոնցից ինն արձանագիր են, սակայն միայն խորանի հյուսիսային որմնախորշում տեղադրված խաչքարն է թվագրված՝ Թվ (ին) |ՌԿ|Դ (1615 թ․)2։
17-րդ դարում եկեղեցին վերակառուցվել է 1554 թվականին կառուցված եկեղեցու տեղում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ ներկայիս եկեղեցու պատերին ագուցված են շատ ավելի վաղ շրջանի բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, որոնք հիմնականում թվագրվում են 14-16-րդ դարերով։ Ավելի վաղ ժամանակաշրջանին վերաբերող խաչքարերը հավանաբար եկեղեցու որմերին ագուցվել են 17-րդ դարի վերակառուցման ժամանակ։

Համաձայն Փիրումաշեն բնակավայրի ու եկեղեցու մասին պահպանված տվյալների՝ «XVI դարում, Ղարաբաղ մտած թուրքական ասպատակիչները Փիրումաշենի բնակիչներին հավաքում, լցնում են եկեղեցին և այրում»3։ Պատմական այս տեղեկությունը հաստատող մեկ այլ աղբյուր է հաղորդում ճարտարապետ Սամվել Այվազյանը․ «Նշվածը հաստատող մեկ այլ տեղեկություն էլ 2014 թ․ մեզ է փոխանցել Սարուշենի գյուղապետը։ 1970-73 թթ․ եկեղեցուն հարող տարածքում (արևմտյան կողմում) ֆերմա կառուցելիս, բուլդոզերով փորելու ժամանակ հայտնաբերվել են իրար վրա լցրած մարդկային խառը ոսկորներ, որի ականատեսն էր նա»4։

Վերականգնող ճարտարապետ Սամվել Այվազյանը տվել է եկեղեցու մանրամասն ճարտարապետական նկարագրությունը․ «Փիրումաշենի եկեղեցին մտնում է բազիլիկների խմբի մեջ և դասվում միանավների շարքին, առանձնացվում և կարգվում է մեկ զույգ որմնամույթ ունեցողների ենթատիպում․․․․ Փիրումաշենն իր ենթատիպի մեջ դասվում է այն խմբում, որն ունի երկու ավանդատուն և հզոր, խոր տեղադրված որմնամույթեր՝ 120-130 սմ։ Դրանց շնորհիվ երկայնական պատերին կից առաջացել են մույթերից դեպի արևելք և արևմուտք ձգվող չորս (երկուսը՝ հարավային և երկուսը՝ հյուսիսային պատերին կից) խոր (100 սմ) որմնակամարներ։ Եկեղեցու աղոթասրահի գլանաձև թաղը, որ հենված է որմնամույթերն իրար կապող կամարին, իր հիմնամասում նստած է վերը նշված որմնակամարների վրա։ Հորինվածքային նման առանձնահատկություններ ունեն․․․․ Բերքնիի5 եկեղեցին և Միրզիկի Քարհանի վանքը6։ Փիրումաշենի եկեղեցու շքամուտքի համեմատական վերլուծությունները ցույց են տալիս, որ այն բնորոշ է ԺԷ-ԺԹ դարերին․․․․ Մուտքի ճակատային լուծումը նույնպես ուշ ժամանակաշրջանին է բնորոշ․ շրջանակը բավական սլացիկ համաչափությամբ վեր է ձգվում՝ թողնելով մուտքի բացվածքը ներքևում։ Նման լուծումներ՝ անկախ կառույցի ճարտարապետական հորինվածքից, ունեն Հադրութի շրջանի Հին Թաղասեռ գյուղատեղիի (1635 թ․), Քաշաթաղի շրջանի Հակ գյուղի Սբ․ Մինաս, Մերիկի Սբ․ Աստվածածին, Հյուսիսային Արցախի Չարդախլու գյուղի Սբ․ Աստվածածին և Ոսկանապատի Սբ․ Հակոբ եկեղեցիները։ ․․․․ Տեղում կատարված հետազոտությունները և համեմատական վերլուծությունները ցույց են տալիս, որ Փիրումաշենի եկեղեցին, իրոք, կառուցվել է ԺԶ-ԺԷ դարերում»7։
 
Լուսանկարները՝ Սամվել Կարապետյանի (ձախից) և Սամվել Այվազյանի (աջից)
 Եկեղեցին վերականգնումից առաջ և հետո

Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է կոպտատաշ և անմշակ տեղական քարերով։ Անկյունաքարերը, կամարները և բացվածքների շրջանակները շարված են դեղնավուն և մոխրագույն սրբատաշ կրաքարերով։ Բեմը բարձրադիր է, որի երկու կողմերից դեպի խորան են բարձրանում հնգաստիճան սանդուղքներ։
Խորանը կիսաշրջանաձև է՝ վերնամասում թաղակապ գմբեթարդով։ Հյուսիսային և հարավային պատերին կան մեկական պատրհաններ՝ ընդգրկված սրբատաշ կամարաձև շրջանակների մեջ։ Հարավային խորշում ագուցված են երկու արձանագիր խաչքարեր, որոնց վրա փորագրված է՝ «Խաչս | Էըային(՞)» և «Խաչս | Հումին»8։
Բացի թվակիր արձանագրությամբ խաչքարից՝ ևս չորս խաչքարեր տեղադրված են խորանի հյուսիսային պատի խորշում, որոնց վրա առկա «Խ|ան|ումին», «Խա|չս | ․․․ու․․․ա․․․ին» և «․․․ին», «.․․քին»9 արձանագրությունները հազիվ նշմարելի են։


Եկեղեցին լուսավորվում է դեպի ներս լայնացող չորս լուսամուտներով, որոնցից երեքը բացված են արևելյան, մեկը՝ արևմտյան ճակատից։ Միակ մուտքը բացված է արևմտյան պատի կենտրոնական հատվածից։ Շքամուտքն աչքի է ընկնում գեղազարդ և իր համաչափություններով սլացիկ շրջանակով։ Մուտքի բացվածքը ընդհանուր շրջանակի ցածրադիր հատվածում է։ Շրջանակը երիզված է շթաքարային և երկրաչափական զարդագոտով։ Հյուսիսային և հարավային կողմերում ագուցված են արձանագիր խաչքարեր։
Հյուսիսային կողմի խաչքարի վրա գրված է՝ Ս[ուր]բ խաչ|ս (բ)արէ|(խ)աւս | Խաչ|․․․ կ|ին, իսկ հարավային կողմի խաչքարի վրա պահպանվել է արձանագրության այս հատվածը՝ Խա|չս | ․․․|ին10։

Եկեղեցու հարդարանքի հիմնական տարրերն են մուտքի զարդագոտի շրջանակը և պատերին ագուցված տարբեր ժամանակաշրջանների ու նշանակության փոքրաչափ խաչքարերը։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
 Հայ Առաքելական Եկեղեցի, 16-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ հավաստի փաստաթղթի
Ըստ ճարտարապետական և կառուցողական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 16-17-րդ դարերում։ Խորհրդային տարիներին եկեղեցին գործածվել է որպես պահեստ։ 2010-2014 թթ․ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ եկեղեցին վերանորոգվել է։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

1980-ական թթ․ եկեղեցին առաջին անգամ չափագրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Պատմաբան Շահեն Մկրտչյանը անդրադարձել է Փիրումաշեն եկեղեցուն իր «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում։

2010-2014 թթ․ վերականգնող ճարտարապետ Սամվել Այվազյանի ուսումնասիրությամբ և նախագծով վերականգնվել է եկեղեցին։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջան խորանով թաղակապ շինություն է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կրաշաղախ, սվաղ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները չորսն են, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, կղմինդրապատ

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
12,70 մ
Չափերը` լայնությունը
9 մ
Պահպանվածությունը`
Լավ (հիմնովին վերականգնված է)

Արժևորումը
Եկեղեցին Արցախի ուշ միջնադարյան ճարտարապետական յուրօրինակ նմուշներից է։ Այն կարևոր նշանակություն ունի երբեմնի գոյություն ունեցած Փիրումաշեն բնակավայրի և վերջինիս պատմության համար։

----------------------------
1 Տե՛ս Արցախեցի, 1893, էջ 45-46։
2 Այվազյան Ս․, 2020, էջ 11։
3 Մկրտչյան Շ․, 1985, էջ 184։
4 Այվազյան Ս․, 2020, էջ 10։
5 Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան, Կովսական։
6 Հյուսիսային Արցախ, Խանլարի շրջան, Միրզիկ գյուղ։ Ներկայումս Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլի շրջան։
7 Այվազյան Ս․, 2020, էջ 12-14։
8 Տե՛ս նույն տեղը, էջ 10։
9 Տե՛ս նույն տեղը, էջ 11։
10 Տե՛ս նույն տեղը, էջ 10։
11 Մկրտչյան Շ․, 1985, էջ 185։

Չափագրություններ
Փիրումաշենի եկեղեցու հատակագիծը
Չափագրությունը՝ Սամվել Այվազյանի 

Լուսանկարներ