Բերքնիի եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 16-17-րդ դարերում ավելի հին սրբավայրի տեղում։ Հավանաբար գործել է մինչ 18-րդ դարի վերջերը, երբ գյուղը հայաթափվել է։

Սկզբնական պատկանելությունը
Բերքնի գյուղ (Կովսական գավառ)

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Սյունիք, Կովսական գավառ։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Կովսական, Բերքնի գյուղատեղի։

Հասցե
Քաշաթաղի շրջան, Կովսական, Բերքնի

Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 110 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կովսականից 10 կմ արևմուտք` Բերքնի գյուղատեղիից 0,9 կմ հյուսիս-արևմուտք` Հին Բերքնի գյուղատեղիում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 910 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Ծավ գետից 3,3 կմ հյուսիս՝ սեզոնային վտակի ակունքամերձ հատվածում։
Նկարագրություն
Պատմական Սյունյաց աշխարհի Կովսական գավառի արևմտյան հատվածը հայաթափվեց 18-րդ դարավերջին և 19-րդ դարասկզբին։ Գավառի շատ գյուղերում, որտեղ մեծամասնությունը հայ բնակչություն էր, հաստատվեցին թյուրքալեզու քոչվոր բնակիչներ։ Այս բնակավայրերից մեկը Բերքնին էր, որտեղ գրեթե կանգուն վիճակում պահպանվել է եկեղեցին և ավերակ գերեզմանոցը։

Բերքնին հիշատակվել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից դեռևս 13-րդ դարում։ Այն Կովսական գավառի հարավային բնակավայրերից մեկն էր և Տաթևի վանքին տալիս էր 8 միավոր պտղահարկ։ Ուշ միջնադարում գյուղը մաս է կազմել Ղափանի իշխանության Չավնդուրի գավառի և հայտնի էր Բերքին անունով։ Ղևոնդ Ալիշանը բնակավայրը հիշատակել է «Բերքի» ձևով։ 

Ճարտարապետական և շինարարական լուծումներից ելնելով՝ եկեղեցին թվագրվում է 16-17-րդ դարերով, սակայն պատերին և շուրջը պահպանված խաչքարերն իրենց ոճային և գեղարվեստական առանձնահատկություններով պատկանում են 10-13-րդ դարերին։ Հավանաբար եկեղեցին կառուցվել է հին սրբավայրի տեղում։

Եկեղեցին կառուցված է բացառապես կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Ներսը եղել է սվաղված։ Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերին կից որմնակամարներին և կենտրոնական հատվածում որմնասյուներից բարձրացող կամարին։ Արևելքից կիսաշրջանաձև խորանն է, որին զուգահեռ փոքրիկ ուղղանկյուն ավանդատներն են՝ կամարակապ մուտքերով։ Հյուսիսային պատի մեջ մկրտարանն է։ Եկեղեցին լուսավորվում է հինգ փոքրաչափ, դեպի ներս լայնացող լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելքից, մեկը՝ հարավից, մեկը՝ արևմուտքից։ Միակ մուտքը հարավից է։ Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Պատերի որոշ քարեր զարդարված են ուշ միջնադարին բնորոշ պարզ խաչաքանդակներով։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իրականացրել է Բերքնի գյուղատեղիի և եկեղեցու ուսումնասիրություն, որը հրապարակվել է նրա «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում1։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, զույգ ավանդատներով միանավ թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցին լուսավորվում է հինգ լուսամուտներով․ երեքը՝ արևելյան, մեկը՝ հարավային, մեկը՝ արևմտյան կողմից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին և փոքր չափերի կոպտատաշ քարերով՝ կրաշաղախի համակցությամբ։

Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
14,50
Չափերը` լայնությունը
9,10 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Հուշարձանը կարևոր նշանակություն ունի Կովսական գավառի տարածքում հայ բնակչության թողած հոգևոր և պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1Կարապետյան Ս․, 1999, էջ 208։
Լուսանկարներ