Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Սարուշեն, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Ամենափրկիչ
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին հիմնադրվել է 16-17-րդ դարերում և շարունակական վերակառուցումների է ենթարկվել։ 1885 թվականին վերանորոգվել է Գրիգոր Այվազյանցի կողմից։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ 2014-2015 թթ․ եկեղեցին վերականգնվել է՝ բարերարությամբ Արսեն Ավետիսյանի։ 2022 թվականին խորանում տեղադրվել է վեմ քար։

Սկզբնական պատկանելությունը
Սարուշեն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում Վարանդայի մելիքության մաս է կազմել), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սարուշեն գյուղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սարուշեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 24,5 կմ հարավ-արևելք՝ Սարուշեն գյուղում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարուշեն գյուղի արևելյան հատվածում՝ հին թաղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1099 մ։
Նկարագրություն
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Սարուշեն գյուղի արևելյան հատվածում՝ հին թաղի կենտրոնում։ 1893 թվականին «Արաքս» հանդեսում տպագրված մի հոդվածի համաձայն՝ եկեղեցու ներկայիս շենքը թվագրվում է 16-րդ դարով․ «Սարուշէնցիք եկեղեցասէր են. ունին մի փոքրիկ եկեղեցի անթուական, ըստ աւանդութեան Փիրումաշէն գիւղի եկեղեցու հետ միաժամանակ շինուած (ՌԳ-հայոց կամ 1554 փրկչական թուականին) և երկու գերեզմանատուն՝ հնագոյնը Քաչալ Խութի հանգստարան անունով, միւսը եկեղեցուց արևելք,– երկուսումն էլ հին գերեզմաններ կան (մէկի տապանաքարի վերայ կարդացուում է 1663 փրկչական թիւը),– նաև Խաւա աղբիւրի առաջ մի մեծ ծառի տակ գեղեցիկ քանդակներով զարդարուած մի խաչքար,– գիւղական ուխդատեղի ս. Վանէս անունով»1:

Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշում է․ «….Եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ, հնաշէն և նորոգուած քանիցս․․․․ Գաւառիս բոլոր եկեղեցեաց մէջ առաջնակարգ տեղ բռնած է եկեղեցուս ներքին և արտաքին պայծառութիւնն, զարդն ու զարդարանքն։ Այս պայծառութիւնը պարտական ենք Գերազնիւ Գրիգոր աղա Այվազեանցին հոգատար խնամոցն։ Քահանայ մի»2։
Հեղինակը նշում է նաև եկեղեցում պահվող ձեռագիր ավետարանի մասին․ «Եկեղեցումս է Սարուշէնի հռչակուած ձեռագիր աւետարանն, որի մօտ ուխտի են գալիս ոչ միայն Արցախի շատ կողմերից, այլ Բագուից, Թիփլիզից, այլ և մահմէտականք։ Աւետարանս մագաղաթեայ և մեծադիր է, որ ունի Ռստակէս, Վրդանէս և Ստեփաննոս վարդապետների պատկերները, բայց անճաշակ նկարուած. Առաջնոյն մօտ գրուած է․ «ԶՌստակէս գրիչ յիշեսջիք, սիրելի եղբարք»։ Ապա վախճանուելուց յետոյ գրուած է այլ գրողից. «որ փոխեցաւ առ Քրիստոս, որ գրեց զՄատթէս և զՄարկոս (աւետարանները)։ Երկրորդին մօտ գրուած է. «ԶՎրդանէս գրիչ՛ որ գրեցի զՂուկաս և զՅովհանէս զվիրաւրս մեղաւք յիշեսջիք ո՛վ պատուական եղբարք, զի չիք մարդ մեղաւոր քան զիս յերկրի…»։ Երրորդին մօտ գրուած է միայն իւր անունն։ Անճաշակ են պատկերներն, նախշերն և ծաղիկներն. սակայն գեղեցիկ է մագաղաթն և ամբողջապէս գրուած է գլխագրերով։ Սկզբում ունի յիշատակարանի նման մի գրութիւն, որն կարդացուում է խիստ դժուարութեամբ, ուր ի միջի այլոց գրուած է. «Բայց գրեցաւ սուրբ աւետարանս… յաբեթեանս թուականին ՈԼԱ.»։ Իսկ Մատթէոսի պատկերի տեղում գրուած է փակագրի ձևով. «Տէր Աստուած ողորմեա՛ Յակովբայ նկարչի»։ Նոյնպէս գրուած է սկզբում. «Յամի Տեառն 1827 և ի թուականիս (Հայոց) ՌՄՀԶ. սուրբ աւետարանս, որ գերի էր ընկել Պարսից տէրութիւնն, ես Ղարաբաղու Շուշի Ղալի բնակիչ Միրզայ Օհաննէսեան Զարկարեանցովս տեսի զսուրբ աւետարանս ի ձեռս անօրէն այլազգեաց ի քաղաք Թաւրէզ, վասն որոյ դրամս ետու և գնեցի ի արդար վաստակոց իմոց և բերեալ ՛ի աւմուրս Շուշի և յանձնեցինք այն տեղն, ուր կայր և այժմ 1833 ամի և յամսեան մայիսի 12-ին. բերաք տեղս վասն մեր ուխտադրութեանն նորոգելութեամբ աւետարանս, ահա նորոգեցինք և պայծառացուցինք ի յիշատակ մեր համայն կենդանեաց և ննջեցելոց.. Միրզայ Օհանեան»3։

Հուշարձանագետ Շահեն Մկրտչյանն իր «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում նշում է, որ եկեղեցու՝ 19-րդ դարում կատարված վերանորոգման մասին հիշատակությունը գրված է մուտքի բարավորին, սակայն ներկայումս այն չի պահպանվել։ 

Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։ Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերի երկու զույգ որմնակամարներին և նրանց միջև որմնասյուներից բարձրացող կամարին։ Եկեղեցին արտաքուստ ունի երկթեք թիթեղապատ ծածկ։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան մեկական կամարակապ պատրհաններ։ Բեմը բարձրադիր է, որի երկու կողմերից դեպի խորան են բարձրանում քառաստիճան սանդուղքներ։ Հյուսիսային պատին՝ ավանդատան մոտ գտնվող կամարակապ խորշի մեջ, մկրտության ավազանն է։ 
Եկեղեցին լուսավորվում է դեպի ներս լայնացող երեք արևելյան, մեկ արևմտյան և երկու հարավային լուսամուտներով։ Արևելյան կողմի լուսամուտներից երկուսը բացված են ավանդատներից, իսկ կենտրոնականը՝ խորանից։ Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ երկու կողային սյուների և սլաքաձև կամարի ներքո։ Հարդարանքը զուսպ է, թեև Բարխուդարյանցը նշում է, որ այն 19-րդ դարում շրջակա բնակավայրերի մեջ ամենաշքեղ եկեղեցին էր։ Եկեղեցու յուրաքանչյուր ավանդատան մուտքի վերնամասում, որպես բարավոր, ագուցված են խաչաքանդակ և պատկերազարդ տապանաքարի ու խաչքարի բեկորներ։ Հատկապես ուշագրավ են հյուսիսային ավանդատան պատկերազարդ բարավորի քանդակները։ Եկեղեցու պատերը հարդարված են պատկերաքանդակներով և խաչաքանդակներով։ Հետաքրքրական են մուտքի շրջանակի ձախ հատվածում քանդակված ծաղկի ու ձիերի պատկերները։ Եկեղեցու հարավային ճակատին՝ մուտքից ձախ և աջ, ագուցված են նվիրատվական բնույթի մեկական փոքրաչափ խաչքար։

Դատելով «Արաքս» հանդեսում 1893 թվականին տպագրված լուսանկարից՝ Գրիգոր Այվազյանցի միջոցներով կատարված վերանորոգության ժամանակ փոխվել է ոչ միայն եկեղեցու տանիքի ծածկը, այլև տանիքին կառուցվել է փայտյա քառասյուն ռոտոնդա, իսկ արևմուտքից՝ փայտաշեն նախասրահ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և կառուցողական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Եկեղեցին հավանաբար կառուցվել է 16-17-րդ դարերում։ 19-րդ դարի երկրորդ կեսին վերանորոգվել է։ Ավելացվել է փայտաշեն նախասրահը և ռոտոնդան։ Ներքուստ և արտաքուստ սվաղվել է։ Տանիքը թիթեղապատվել է։ Խորհրդային տարիներին վերափոխվել է պահեստի։ 2014-15 թթ․ մասնակի կատարվել են վերանորոգություններ, սալահատակվել է, վերականգնվել է բեմը։ 2023 թվականի սեպտեմբերից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կամարակապ, թաղածածկ սրահ է։ Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարերով, կրաշաղախով։ Եկեղեցու խորանը կիսաշրջանաձև է՝ կից երկու ուղղանկյուն ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կրաշաղախ, սվաղ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները վեցն են՝ արևելյան, արևմտյան ու հարավային ճակատներին։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղապատ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Եկեղեցին կառուցվել է փոքրաչափ կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Ճարտարապետական կարևոր հատվածներում (անկյունաքարեր, որմնասյուներ, կամարներ և այլն) օգտագործվել է սրբատաշ կրաքար։

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
13,50 մ
Չափերը` լայնությունը
8,45 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի ու Սարուշեն գյուղի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1Արցախեցի, «Սարուշէն գիւղը», Արաքս հանդես, հ․ Ա, Ս․ Պետերբուրգ, 1893, էջ 45-46։
2Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 100-101։
3Նույն տեղում։

Լուսանկարներ