Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 4
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Խանումի տապանաքար Այլ անվանումներ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը տապանաբակում կանգնեցվել է 1871 թվականին։ Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Կարմիր գյուղի (Դռնավարզ) Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում՝ հարավարևելյան պատի տակ, պահպանվել է մեկ ամբողջական քարից կերտված սեղանաձև մեծ տապանաքար։ Այն ունի ընդգծված քիվ և դրված է քիվի հարդարանքը կրկնող ցածր, ավելի լայն պատվանդանի վրա։ Շիրմաքարի հարավային նիստին ութտողանի արձանագրություն է փորագրված։ Ուշագրավ է, որ արձանագրությունը սկսվում է քիվի վերին գոտում և շարունակվում տապանաքարի հարավային նիստին՝ լրացնելով ողջ դաշտը․ «Տ(ապան)իս ամփոփի մարմին լուս[ա]հ[ո]գի վաղ[ա]թ[ա]ռամ | Խանումին դստեր դռնավարզեցի Յոhաննիսի Երեմե|անց եւ ամուսնոյ Իսրայէլ ք[ա]հ[ա]ն[ա]յին Տ[է]ր Պողոսե[ա]ն Տ[է]ր Մանու|էլե[ա]նց որ ձեռնադր[ու]եց[ա]ւ ք[ա]հ[ա]ն[ա]յ ի 5 սեպտեմբ[եր] 1870 ամի ծնուն|դն ս[ո]ր[ա] եղեւ ի 1850 եւ վախճանն ի 1871 ամի ի 8 ապրել ի | թողեալ զ երկուս երա(խ...)ա Դանիէլ եւ Մինայ խանում | յաջողու[թեամ]բ Տ[եա]ռն յիւ․․․․ ․․․ր[․․․]տի ամփոփիչ | ի ներքոյ տ[ա]պ[ա]նիս ․․․ Իսրայէլ ք[ա]հ[ա][ն[ա]]յ[ի]ն»։
Արձանագրությունը մասամբ վնասված է քիվի վերին ձախ և նիստի կենտրոնական հատվածներում։ Շիրմաքարի կողային երկու նեղ նիստերը քանդակազարդ են, հյուսիսային նիստը չի վավերացվել։
Հատկապես հետաքրքիր է արևելյան նիստին՝ երեք կամարակապ խորանների ներքո քանդակված հորինվածքը։ Կենտրոնական խորանում՝ Գողգոթան խորհրդանշող պատվանդանին, մեծածավալ ծաղկած խաչն է՝ թևերի եռաբողբոջ վերջավորություններով։ Կենտրոնական խորանի աջ և ձախ կողմերում գտնվող երկու նմանատիպ կամարաձև, նախշազարդ խորանների ներքո՝ քառակուսի շրջանակի մեջ, ձախից կնոջ պատկերաքանդակ է, իսկ աջից՝ միանգամայն անսովոր խաչային հորինվածք և խաչակիր գավազան։ Հարկ է նշել, որ աջից պատկերված անձը քանդակված է հասակով մեկ կանգնած, ձեռքերն առջևում՝ որովայնի հատվածում իրար միացրած, երկար, գոտկատեղից ծալքավոր զգեստով։ Հատկապես ուշագրավ և արտասովոր է կնոջ քանդակի լուսապսակ գլուխը, որտեղ դեմքի փոխարեն քանդակված է ինըթերթանի վարդյականման ծաղիկ։ Եռախորան հորինվածքի կենտրոնական խորանի վերևում՝ շրջանակից դուրս, թևերը պարզած հրեշտակի կամ թռչնակերպ հուշկապարիկի պատկեր է։ Համաձայն գերեզմանաքարի երեսին փորագրված վերոնշյալ արձանագրության՝ տապանն ամփոփում է «դռնավարզեցի Երեմեանց Յոhաննիսի դստեր և իր ամուսնու Տ[է]ր Մանու|էլե[ա]նց Տ[է]ր Պողոսե[ա]ն Իսրայէլ ք[ա]հ[ա]ն[ա]յի աճյունները»։
Արևելյան կողին՝ ծաղկամանի մեջ, քանդակված են խոնարհված զույգ երկճյուղ ծաղիկներ՝ գրեթե հայելանման դիրքով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը երբևէ չի ուսումնասիրվել։ Արձանագրությունը հրապարակվում է առաջին անգամ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Սեղանաձև տապանաքար Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի Դռնավարզի (Կարմիր գյուղ) պատմության, ինչպես նաև հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․, Ա․ Լ-Ե․