Քարագլուխ գյուղատեղի, Խաչին խութ գերեզմանոց, խաչքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կանգնեցվել է 13-րդ դարում։ Հայտնի է, որ խորհրդային տարիներից ընդհուպ մինչև 2022 թվականը այն սրբավայրի նշանակություն է ունեցել տեղի բնակիչների համար։

Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ, Քարագլուխ գյուղատեղի։

Հասցե
Խրամորթ, Քարագլուխ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլխի հարավարևմտյան եզրին՝ Խաչին խութ տեղամասում՝ գերեզմանոցի աջ կողմում գտնվող կաղնու տակ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1050 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան հարավային կողմում։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Քարագլխի Խաչին խութ գերեզմանոցից դուրս՝ հյուսիսային կողմում՝ կաղնու ծառի տակ։ Այն այստեղ է տեղափոխվել գյուղամիջյան աղբյուրի մոտից։ Խաչքարը գերեզմանոցում գտնվող 13-րդ դարի երկու այլ խաչքարերի հետ ոճական նմանություններ ունի։ Հորինվածքի կենտրոնում՝ ուղղանկյունաձև խաչախորանի ներքո, թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով, պարանահյուս խաչաթևերով և ամբողջությամբ հյուսվածազարդ մեծադիր ծաղկած խաչն է։ Հորիզոնական խաչաթևերի վերին հատվածի երկու կողմից՝ խաչախորանի անկյուններից կախված է խաղողի մեկական ողկույզ։ Մեծադիր խաչի հիմքի կենտրոնից սկիզբ առնելով՝ դեպի աջ ու ձախ են բարձրանում հյուսածո արմավաճյուղերը, որոնք նրբագեղորեն միաձուլվում են խաչախորանը պատող նախշազարդ շրջանակին և եռագոտի պարանահյուս նախշով պատում խաչքարի ողջ դաշտը։ Ուշագրավ է, որ նախշազարդ գոտու և մեծ ծաղկած խաչի միջև ընկած խորաքանդակ գոտին ուղղակիորեն չի կրկնում խաչի ուրվագիծը, այլ նոր եզրագծով նոր խաչապատկեր է ստեղծում (նմանատիպ օրինակներ են` Հացի գյուղի Անահիտի աղբյուրի, Քարագլխի Կուճիր շալի գերեզմանոցի № 7, Խաչին խութ գերեզմանոցի № 1, Վարդաձոր գյուղի 13-րդ դարի խաչքարերը)։ Խաչից ցած քանդակված է եռապարան հյուսվածազարդ վարդյակ, որի կենտրոնում ծաղկանման կամ անիվանման զարդ է։

Դատելով խաչքարի ստորին հատվածում առկա ելուստից՝ ակնհայտ է, որ այն ի սկզբանե ագուցված է եղել պատվանդանի մեջ։ Քարը հորիզոնական խաչաթևի ձախ կողմում վնասված է։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար։

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճային և պատկերագրական առանձնահատկությունների քննության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է մոխրագույն կայծքարից։

Չափերը` լայնությունը
60 սմ
Չափերը` բարձրությունը
130 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
18,30 սմ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Հուշարձանը կարևոր պատմական տեղեկություն է հաղորդում Քարագլուխ գյուղի անցյալի և Արցախի խաչքարային արվեստի վերաբերյալ։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Մկրտչյան Շ․, 1988 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1988։

Սարգսյան Ս․, 2002 - Սարգսյան Սլավա, Խաչենի ամրոցները, Ստեփանակերտ, 2002։

.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․