Քարագլուխ գյուղատեղի, Խաչին խութ գերեզմանոց, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կանգնեցվել է 13-րդ դարում։ Խորհրդային տարիներից մինչև 2022 թվականը ծառայել է որպես սրբատեղի։
Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թվականի մարտի 24-ին։ Ըստ 2023 թվականի տիեզերական պատկերների՝ Խաչին խութ գերեզմանոցի տարածքն ադրբեջանցի զինվորականները վեր են ածել մարտական հենակետի։ Տարածքում խրամուղիներ և գետնատնակներ են փորել։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ (Շիկաքար)
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։

Հասցե
Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլխի հարավարևմտյան եզրին՝ Խաչին խութ տեղամասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1050 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան հարավային կողմում։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Խաչին խութ գերեզմանոցի համեմատաբար բարձրադիր կենտրոնական հատվածում։ Այն աչքի է ընկնում ինչպես իր խոշոր չափերով (2,5x0,82x19,2), այնպես էլ ուրույն ոճով և պատկերագրությամբ։ Ուշագրավ է նաև խաչքարի դիմերեսին փորագրված արձանագրությունը։ Խաչքարը ջարդված ու բաժանված է երկու մասի։

Հորինվածքի կենտրոնում՝ ուղղանկյունաձև խաչախորանի ներքո, թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով, պարանահյուս խաչաթևերով և ամբողջությամբ հյուսվածազարդ մեծադիր ծաղկած խաչն է։ Վերջինիս հիմքի կենտրոնից սկիզբ առնելով՝ դեպի աջ ու ձախ են տարածվում հյուսածո ճյուղերը, որոնք, զարգանալով դեպի վեր, հարում են հորիզոնական խաչաթևերին և նրբագեղ հյուսվածազարդով միաձուլվելով խաչախորանը երկու կողմից և վերևից երիզող նախշազարդ շրջանակին՝ պատում միջանկյալ ողջ դաշտը։ Նմանապես հիմք առնելով ուղղահայաց խաչաթևի վերին կենտրոնից՝ դեպի ցած են տարածվում նրբագեղ բուսազարդեր, որ իրենցով լցնում են ողջ դաշտը՝ խաչից բաժանվելով նեղ խորաքանդակ գոտով։ Ուշագրավ է, որ խորաքանդակ այս հատվածը ուղղակիորեն չի կրկնում խաչի ուրվագիծը, այլ նոր եզրագծով նոր խաչապատկեր է ստեղծում, որտեղ խաչաթևերի զույգ ելուստները շրջանաձև են (նմանատիպ օրինակներ են` Հացի գյուղի Անահիտի աղբյուրի, Քարագլխի Կուճիր շալի գերեզմանոցի № 7 և Խաչին խութ գերեզմանոցի խաչքար № 1, Վարդաձոր գյուղի 13-րդ դարի խաչքարերը)։

Նույնքան ուշագրավ է հուշարձանի ստորին մասը․ այստեղ ավանդական վարդյակը փոխարինված է լի մատուցարանով, որի երկու կողմից կնոջ ու տղամարդու պատկերաքանդակներ են: Աջ կողմի կերպարը, ամենայն հավանականությամբ, կին է, որը երկու ձեռքով կարծես բռնում է մատուցարանը, իսկ ձախից տղամարդ է՝ աջ ձեռքին գավաթ, իսկ ձախ ձեռքը մեկնած է լի մատուցարանին։ Կենտրոնական այս հորինվածքից աջ և ձախ շրջանակի ստորին հատվածն է, որի հյուսածո նախշերի մեջ ամեն կողմից մեկական փոքրիկ պարանահյուս խաչեր են զետեղված։ 
Այս խմբից ցած մասամբ ընթեռնելի է հետևյալ արձանագրությունը. «Մեք |հեւետ |իքայոր |դիքս Պապա(ս)ն պատ (Սարգիս)…»1։ Վերջինս փորագրվել է նախքան խաչքարը պատվանդանի մեջ ագուցելը, ինչի հետևանքով տեսանելի է մինչև հինգերորդ տողի կեսը։ Արձանագրությունից վերև՝ կնոջ և տղամարդու հարթաքանդակների մոտ, պատկերված է փոքր չափերի հյուսածո մեկական խաչաքանդակ։ Խաչքարի կողին՝ աջակողմյան հատվածի ստորին մասում, տեսանելի են նախկին ուսումնասիրողների ուշադրությունից վրիպած չորստողանի արձանագրության հետքեր, որոնցից ընթեռնելի են սոսկ մի քանի տառեր․ «Հե/նմ /Յա /սմ/»2:


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճային և պատկերագրական առանձնահատկությունների քննության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է մոխրագույն կայծքարից։

Չափերը` լայնությունը
0,82 մ
Չափերը` բարձրությունը
2,5 մ
Չափերը` խորությունը, հաստությունը
19,2 մ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Միջին (Նախքան գյուղի բռնազավթումը խաչքարի երկու բեկորները իրենց տեղում էին)

Արժևորումը
Հուշարձանը կարևոր պատմական տեղեկություն է հաղորդում Քարագլուխ գյուղի անցյալի և Արցախի խաչքարային արվեստի վերաբերյալ։ Խաչքարը կարևոր նյութ է պարունակում նաև ժամանակաշրջանի կենցաղը, տարազը և կյանքի որոշ մանրամասնություններ ուսումնասիրելու համար:
----------------------------
1Բարխուդարյան Ս․, 1982, էջ 140։
2Սարգսյան Ս․, 2002, էջ 21։

Լուսանկարներ