Դրմբոն գյուղի Ճոխտակ խաչ սրբատեղի, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշակոթող Սկզբնական պատկանելությունը
Դրմբոն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Կուենք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Դրմբոն։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1055 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու գետի աջ կողմում՝ Սարսանգ ջրամբարից 3,5 կմ հեռավորության վրա՝ վերջինիս փոքրիկ վտակի ձախ հատվածում։ Նկարագրություն
Դրմբոն գյուղից 2 կմ արևմուտք գտնվող Ճոխտակ1 խաչ սրբատեղիի զույգ խաչքարերը երկայնաձիգ ուղղանկյուն կոթողներ են՝ կերտված կրաքարից։ Կանգնեցված են բնական ժայռի վրա, որը և պատվանդան է ծառայում խաչքարերին։
Հյուսիսային կողմի (ձախակողմյան) խաչքարի հորինվածքը կազմված է երեք գոտուց։ Վերին գոտում ներքին հորիզոնական խաչաթևերի կլոր ելուստներով իրար ձուլված երկու մեծ խաչաքանդակներ են։ Միջին գոտում նմանապես իրար ձուլված ևս երկու ոչ մեծ չափերի խաչաքանդակներ են, և դրանցից աջ՝ մի փոքր վեր, երրորդ նմանատիպ խաչապատկերն է։ Եվ, վերջապես, ստորին հատվածում՝ ամենից վատ պահպանված գոտում, դեռևս նշմարելի են արձանագրության հետքեր։ Կոթողի բոլոր խաչաքանդակներն առնված են կամարաձև խորանների մեջ, իսկ խաչերի հիմքերից դեպի աջ ու ձախ են բարձրանում արմավաճյուղերը։ Բոլոր խաչաքանդակները զարդանախշ են եղել, սակայն հուշարձանի հողմահարվածության պատճառով նախշերը հազիվ նշմարելի են։
2021 թվականին հուշարձանի տարածքում դաշտային աշխատանքներ են կատարվել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության կողմից, որի ժամանակ ծառայության փոխտնօրեն Սլավա Սարգսյանը և հնագետ Գագիկ Սարգսյանը ընթերցել են հողմահարված վիմագրից հատվածներ․ «․․․․ կանգնեցի զխաչս․․․․ ՈԼ ․․․․» (1180-ական թթ․)։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, Միջնադար (12-13-րդ դդ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական, ինչպես նաև գրաձևի առանձնահատկությունների ուսումնասիրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կերտվել է միջնադարում և իր սկզբնական դիրքով հասել մինչև մեր օրերը։ 2023 թ․ սեպտեմբերի 20-ին Դրմբոնը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2021 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հնագետ Գագիկ Սարգսյանի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին տեղեկությունները հրապարակվում են առաջին անգամ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար Տիպը
Խաչքար Չափերը` լայնությունը
72 սմ Չափերը` բարձրությունը
170 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
20 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Ճոխտակ խաչը քիչ է ուսումնասիրված, սակայն Արցախի միջնադարյան խաչքարային արվեստի լավագույն օրինակներից է։ Ուշագրավ է ձախակողմյան խաչքարը՝ իր արձանագրությամբ, որ սակայն մեծ մասամբ հողմահարված է։ ----------------------------
1Ճոխտակ, Արցախի բարբառով՝ զույգ։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Սրբատեղիի ու խաչքարի մասին մատենագրության մեջ հիշատակված չէ։
Ա․Հ․, Ս․Դ․, Ա․Լ․-Ե․