Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Դրմբոն, Ճոխտակ խաչ սրբատեղի
Հուշարձան
Տիպային անվանումը
Սրբատեղի, խաչքարեր
Հատուկ անունը
Ճոխտակ (Ջուխտակ) խաչ
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սրբավայր, սրբատեղի

Սկզբնական պատկանելությունը
Դրմբոն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Սրբատեղի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքար №1, խաչքար №2, ճարտարապետական խաչազարդ բեկոր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Կուենք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, 
Մարտակերտի շրջան, Դրմբոն գյուղ։

Հասցե
Մարտակերտի շրջան, Դրմբոն գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դրմբոն գյուղից 2 կմ արևելք՝ անտառապատ տեղանքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1055 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու գետի աջ կողմում՝ Սարսանգ ջրամբարից 3,5 կմ հեռավորության վրա՝ վերջինիս փոքրիկ վտակի ձախ հատվածում։
Նկարագրություն

Ճոխտակ1 խաչ սրբատեղին գտնվում է Դրմբոն գյուղից մոտ 2 կմ արևելք՝ անտառապատ բլրի գագաթին։ Իրար կից, չափերով մեծ զույգ խաչքարերը տեղադրված են մեկ ամբողջական ժայռազանգվածի վրա։ Հնագետ Գագիկ Սարգսյանի կարծիքով՝ հնարավոր է, որ տարածքը երբեմնի դամբանաբլուր է եղել։

Հուշարձանի սկզբնական գործառույթը անհայտ է, սակայն տարածքում պահպանված եկեղեցու երեսպատի խաչաքանդակ քարաբեկորը, ինչպես նաև տեղ-տեղ նշմարվող քարերի շարվածքների մնացորդները վկայում են մատուռի կամ եկեղեցու մասին։

Զույգ խաչքարերը գրեթե նույն չափերի երկայնաձիգ ուղղանկյուն կոթողներ են։ Կերտված են կրաքարից, մասամբ հողմահարված են խաչապատկերները և զարդանախշերը։ Ձախակողմյան կամ հյուսիսային կողմի խաչքարի ստորին հատվածում արձանագրության հետքեր են նշմարվում։

Ճոխտակ խաչը Դրմբոնի բնակիչների համար կարևոր սրբատեղի էր։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, միջնադար (12-13-րդ դդ․)

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ պահպանված խաչքարերի ոճական, գեղարվեստական առանձնահատկությունների, ինչպես նաև գրաձևի ուսումնասիրության։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կերտվել է միջնադարում։ Հուշարձանի զույգ խաչքարերը մեզ են հասել իրենց սկզբնական վիճակով։ 2023 թ․ սեպտեմբերի 20-ին Դրմբոնը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Սրբավայրի ճակատագիրն անհայտ է։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2021 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հնագետ Գագիկ Սարգսյանի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար

Տիպը
Խաչքարային կոթողներով սրբատեղի
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Ճոխտակ խաչը Արցախի քիչ ուսումնասիրված հուշարձաններից է։ Այն Դրմբոնի բնակիչների համար կարևոր ուխտատեղի էր։ Սրբավայրում պահպանված երկու խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի, մասնավորապես՝ Արցախի դպրոցի վառ օրինակներից են։
----------------------------
1Ճոխտակ, Արցախի բարբառով՝ զույգ։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հուշարձանի մասին տվյալները հրապարակվում են առաջին անգամ։


Ա․Հ․, Ս․Դ․, Ա․Լ․-Ե․