Վանք, Սպիտակ խաչ վանքի գերեզմանոց, տապանաքար № 4
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Ստեփանոսի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը տեղադրվել է 1854 թվականին Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Վանք գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղ, Սպիտակ խաչ վանք

Պահպանման միավորի անվանումը
Ուղղանկյունաձև տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից մոտ 500 մ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ Սպիտակ խաչ վանքի բակում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։
Նկարագրություն
Ուղղանկյունաձև այս տապանաքարը տեղադրված է Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում՝ եկեղեցուց արևմուտք՝ երկու նմանատիպ տապանաքարերի միջև։ Այն ավազաքարից կերտված ուղղանկյունաձև բարձր շիրմաքար է։ Հատկանշական է, որ վերջինիս տապանագիրը գրված է երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն։ Հայերեն և վրացերեն արձանագրությունները տեղադրված են կոթողի հարավային կողին՝ համապատասխանաբար ութ և վեց տողով․ «Յայս է տապան լուսահոգի | վաղաթառամ Ստեփաննո{ս}սի, | ազգաւ կոչի թիփլիզեցի, | թոռն ազնիւ Կանջումովի | եւ էր որդի Աղէքսանդրի, | փոխեալ աստէն սա ամուրի, | թողեալ զծնողն յոյժ կսկծալի, | 1854»։ Հայերեն արձանագրությունից դեպի աջ վրացերենով տապանագիրն է․ «საფლავსა | ამას მდებარე | ვარეზე | სტეფანე | განჯუმო|ვი»։
Ուշագրավ է, որ երկու լեզուներով տապանագրերի համար նախատեսվել են զարդագոտով իրարից բաժանված երկու առանձին դաշտեր, այդուհանդերձ հայերեն արձանագրությունը տարածվում է նաև զարդագոտուց դուրս՝ վրացատառ արձանագրության հատվածում։ Ռուսերեն արձանագրությունը փորագրված է շիրմաքարի հյուսիսային երեսին. «Здесь покоится прах гражданина Степана Алексеева, сына Гаджумова, скончавшегося 7 января 1854 г.»1։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1854 թ․)

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տապանաքարին անդրադարձել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Սպիտակ խաչ վանք» հոդվածում (2022):

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վանք գյուղի պատմության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Աբրահամյան, Է․, 2022, էջ 51։

Լուսանկարներ