Հարությունագոմեր, Միջի խութ միջնադարյան գերեզմանոց, խաչքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Գիրգորի (Գրիգորի) խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 1208 թվականին` որպես գերեզմանային կոթող կանգնեցվել Միջի խութ կոչվող բնակատեղիի գերեզմանոցում։2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն
Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1139 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի աջափնյա բարձրադիր անտառում՝ գետից 5 կմ հարավ։ Նկարագրություն
Հարությունագոմեր1 գյուղի Միջի խութ2 կոչվող տարածքի միջնադարյան գերեզմանոցի պահպանված մի շարք խաչքարերից առանձնանում է մամռապատ, խոնարհված վիճակում մեզ հասած մի նրբաքանդակ խաչքար՝ 127×67×16 սմ չափերի։ Կոթողի կենտրոնական հատվածում՝ ուղղանկյունաձև խաչախորանի ներքո, մեծադիր, բարձրաքանդակ, հյուսվածազարդ, զույգ եռաբողբոջ խաչաթևերով ծաղկած խաչն է, որի հիմքից սկիզբ են առնում և դեպի վեր զարգանում վարպետորեն ոճավորված, ոլորապտույտ արմավաճյուղերը։ Խաչախորանի վերին երկու անկյունները զարդարված են բուսանախշերով։ Խաչաքանդակ հորինվածքը կողքերից և վերևից ներփակված է հյուսկեն զարդագոտով, իսկ ստորին մասում քանդակված է նիզակակիր, զինավառ հեծյալ։ Վերջինս հասուն տարիքի, մորուսավոր տղամարդ է, որի գլուխը ծածկված է գլխարկով։ Քանդակը դիմահայաց է, երեսի երկու կողմերից երևում է մեկական երկար ծամ։ Հեծյալը ներկայացված է մարմնի երեք քառորդ դիրքով, իսկ ոտքերը պատկերված են կողքից։ Ձախ ձեռքում ձիու սանձն է, իսկ աջում՝ նիզակը։ Ձին պատկերված է ծառս եղած դիրքով՝ դեպի աջ ուղղվածությամբ։ Պատկերաքանդակի շուրջբոլորը յոթ տողից բաղկացած արձանագրությունն է. «Թ (վ)ինն | ՈԾԷ (1208) | ես Ա...ո...ու | Գիրգոր կ|անգնեցա | զխաչս եղբա|ւր Հարբի որ երկիրպա[գեք]…»3։
Խաչքարի ստորին հատվածը վնասված է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Գերեզմանային կոթող Չափերը` լայնությունը
67 սմ Չափերը` բարձրությունը
127 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
16 սմ Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին Արժևորումը
Կարևոր է Մարտակերտի շրջանի, մասնավորապես՝ Հարությունագոմեր գյուղի պատմության և հայկական խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Արցախի հուշարձանների գիտակ Սլավա Սարգսյանը Գանձասարի վանքի ՋՂԵ (1546) թ․ արձանագրության մեջ հիշատակված «Առատունոյ» բնակավայրը, որը հետագայում Մեհտի խանի հրովարտակում հիշատակված է «Առտանա» ձևով, նույնացնում է Հարությունագոմերի հետ։
Տե՛ս Սարգսյան Ս․, Արցախի բնակավայրերը, Երևան, 2018, էջ 123։
2 Խութ, Արցախի բարբառով՝ բլուր։
3 Արձանագրության ընթերցումը՝ Արմինե Հայրապետյանի։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հայրապետյան Ա․, 2025 - Հայրապետյան Արմինե, «Նորահայտ հուշարձաններ Հարությունագոմեր գյուղի Միջի խութ կոչվող տարածքում», «Հուշարձան», 2025, Երևան, ԻԴ 2 (24), էջ 88-97։Սարգսյան Ս․, 2018 - Սարգսյան Սլավա, Արցախի բնակավայրերը, Երևան, 2018։
.
Ա․Հ․, Ա․Լ-Ե․