Հարությունագոմեր, Միջի խութ միջնադարյան գերեզմանոց
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Գերեզմանոց Հատուկ անունը
Միջի խութ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը ձևավորվել է ամենայն հավանականությամբ 12-13-րդ դարերում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1139 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի աջափնյա բարձրադիր անտառում՝ գետից 5 կմ հարավ։ Նկարագրություն
Միջնադարյան գերեզմանոցը գտնվում է Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր1 գյուղի վարչական տարածքում՝ գյուղից 2,7 կմ հարավ՝ Միջի խութ2 կոչվող անտառապատ լեռնային բարձունքում։ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տարածքում իրականացված դաշտային հետազոտական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են շինության՝ ամենայն հավանականությամբ եկեղեցու ավերակներ, որոնք կարիք ունեն համակարգված հնագիտական ուսումնասիրության։ Այդ մասին է վկայում նաև դեպի ավերակները տանող անտառային արահետի վրա հայտնաբերված (63×24×18 սմ) խաչքարի բեկորը։ Դարչնագույն քարից կերտված այս կոթողի կողային հատվածում 13 տողից բաղկացած արձանագրությունը փաստում է երբեմնի եկեղեցու վերանորոգման մասին․ «․․․հ․․․ | Ես Գագ|իկ նորո|գեցի Ս[ուր]բ | եկեղեց|իս եւ կա|նգնեցի | զխաչս ի | բարեխա|ւսութի[ւն] հ|ոգւոյ իմ|ոյ, որք երկ|րպագ․․․»։ Կոտրվածքի հետևանքով արձանագրության սկիզբն անընթեռնելի է։
Նույն ավերակների շրջակայքում էլ հենց փաստագրվել է վերոնշյալ գերեզմանոցը, որտեղ հայտնաբերվել են տասնյակից ավելի ամբողջական և բեկորատված խաչքարեր։ Դրանց մի մասը արձանագիր է և թվագրված։ Պատկանում են 13-րդ դարին։ Ժամանակի ընթացքում անտառը կլանել է հնավայրը, իսկ խոնարհված խաչքարերը անցել են հողի տակ կամ ծածկվել մացառուտով։ Գերեզմանոցը չի ենթարկվել համակարգված հնագիտական և դաշտային ուսումնասիրման, հետևաբար հնարավոր է, որ այնտեղ առկա խաչքարերի թիվը իրականում զգալիորեն գերազանցի արձանագրված տվյալները:
Գերեզմանոցի մասին առաջինը հիշատակել է Սամվել Կարապետյանն իր «Արցախի մանրատեղանուններ» աշխատության մեջ3։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, 12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ խաչքարերի արձանագրությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանոց Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Ավերակ Արժևորումը
Կարևոր է Մարտակերտի շրջանի, մասնավորապես՝ Հարությունագոմեր գյուղի պատմության և հայկական խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Արցախի հուշարձանների գիտակ Սլավա Սարգսյանը Գանձասարի վանքի ՋՂԵ (1546) թ․ արձանագրության մեջ հիշատակված «Առատունոյ» բնակավայրը, որը հետագայում Մեհտի խանի հրովարտակում հիշատակված է «Առտանա» ձևով, նույնացնում է Հարությունագոմերի հետ։Տե՛ս Սարգսյան Ս․, Արցախի բնակավայրերը,Երևան, 2018, էջ 123։
2 Խութ, արցախյան բարբառով՝ բլուր։
3 Կարապետյան Ս․, 2022, էջ 409։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հայրապետյան Ա․, 2025 - Հայրապետյան Արմինե, «Նորահայտ հուշարձաններ Հարությունագոմեր գյուղի Միջի խութ կոչվող տարածքում», «Հուշարձան», 2025, Երևան, ԻԴ 2 (24), էջ 88-97։
Սարգսյան Ս․, 2018 - Սարգսյան Սլավա, Արցախի բնակավայրերը, Երևան, 2018։
.
Ա․Հ․