Վանք, Սպիտակ խաչ վանքի գերեզմանոց, տապանաքար № 2
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Վելիջան իշխանի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել և Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում կանգնեցվել է 1478 թվականին՝ Վելիջանի հիշատակին։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Վանք գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղ, Սպիտակ խաչ վանք

Պահպանման միավորի անվանումը
Օրորոցաձև տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից մոտ 500 մ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ Սպիտակ խաչ եկեղեցուց հարավ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։
Նկարագրություն
Տապանաքարը գտնվում է Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում, տեղադրված է եկեղեցու հարավային կողմում։ Այն իշխան Վելիջանի տապանաքարն է, որի մասին Գտչավանքի վանահայր Առաքել Վարդապետն իր «Արցախի պատմություն» ձեռագրի մեջ պատմում է Վելիջան իշխանի յոթամյա պայքարի և պարսիկ նվաճողների դեմ ինքնապաշտպանության մասին․ «․․․․Ղարաուսուփ չար զորապետը բազմաթիվ ծանր զորքով եկավ Ցորա բերդի վրա՝ մարտնչելու հայոց քաջ նախարար Վելիջանի դեմ: Երկու կողմերը սկսեցին մարտնչել, բազմաթիվ օրեր նրանք պաշարեցին բերդը: Բայց անմիջաբար պատերազմում պարսիկների կողմից մեծ կոտորած եղավ, որովհետև բերդն անառիկ էր՝ շինված անմատչելի վեմի վրա»1:
Երկարատև և հերոսական ինքնապաշտպանությունն ավարտվեց մարտով, որտեղ զոհվեց նաև իշխանը և «․․․․ քաջ Վելիջանի դին բերին ամփոփեցին Սպիտակ խաչ կոչված վանքին առընթեր՝ Դիզակ նահանգում: Ըստ կտակագրության՝ այնտեղ է թաղված նաև [Վելիջանի] հայրը՝ Խումարը: Փա՜ռք Քրիստոսին հավիտյանս հավիտենից, ամեն…»2։

Մոխրագույն ավազաքարից կերտված հուշարձանը մեծ չափերի օրորոցաձև շիրմաքար է, որը հարավային կողմից զարդարված է հարուստ և լայն զարդագոտիներով, ուղղանկյուն խորան-շրջանակների ներքո ամփոփված խաչաքանդակներով։ Ուշագրավ է, որ վերջիններս զույգ եռաբողբոջ խաչաթևերով ծաղկած խաչերի բազմապիսի օրինակներ են։ Տապանաքարի հյուսիսային կողմը առանձնանում է հարուստ պատկերաքանդակ հորինվածքով, որտեղ հատկապես ուշագրավ է կենաց ծառի և դրա շուրջ համախմբված մարդկանց տեսարանը, ինչպես նաև նույն երեսի ձախ կողմում հեծյալի պատկերաքանդակը։ Ցավոք, հուշարձանի հյուսիսային կողմը մամռակալած լինելու պատճառով բարձրաքանդակ հորինվածքն ամբողջությամբ տեսանելի չէ։ Արևմտյան, հարավային և հյուսիսային նիստերին փորագրված է միատող, իսկ արևելյան նիստին՝ ութատող տապանագիրը․ «Ես՝ Խումար, որդի | Ջալալայ, կանգնե|ցի զխաչս ի փրկ|ութիւն հոգոյ | որդոյ Վէլիճանին։ | Որք երկիրպ(ագան)էք, յաղ|աւթս յիշեցէք, թվ(ին) ՋԻԷ (1478): || Այս է հանգիստ բարէպաշտ Վալիճանայ, որ || կէսաւրէ ժ|ամանակաւ ի Ք(րիստո)ս փոխեցաւ։ Ով»3։



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 15-րդ դար (1478 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տապանաքարը ուսումնասիրել են Սարգիս արքեպիսկոպոս Ջալայանցը («Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան», 1856), ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը («Արցախ», 1985), պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը («Դիվան Հայ Վիմագրության», պրակ 5, 1982)։

Տապանաքարին անդրադարձել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Սպիտակ խաչ վանք» հոդվածում (2022):

Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Տապանաքարը չափագրվել և վավերացվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Չափերը` երկարությունը
1,70 մ
Չափերը` բարձրությունը
78 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
34 սմ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան պատմության, ինչպես նաև Սպիտակ խաչ վանքի պատմության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Կոստանդյանց Ա․, 1858-1868, ՄՄ 7822:
2 Նույն տեղում։
3 Աբրահամյան Է․, 2022, էջ 50։

Լուսանկարներ