Տող, Մելիք Եգանի տապանաքար
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Մելիք Եգանի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել է 1744 թվականին։ Խորհրդային տարիներին այն տեղահանվել է և ակումբի վերածված Սուրբ Հովհաննես եկեղեցում օգտագործվել որպես գերանների հենարան։ Արցախի անկախության տարիներին գտնվում էր Սուրբ Հովհաննես եկեղեցու աղոթասրահում։

2020 թվականի հոկտեմբերին Տող գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից, և այժմ եկեղեցին ու նրա պատմական միջավայրը ներկայացվում են որպես աղվանական։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Դիզակի մելիքություն, Տող ավան

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում դարձել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կենտրոնը։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութից 9 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տող գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 856 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի վտակ Թաղոտա գետի ձախ կողմում՝ Տողասար լեռան արևելյան թեքադիր լանջին։
Նկարագրություն
Մելիք Եգանի տապանաքարը ի սկզբանե գտնվել է Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավարևելյան կողմում՝ պատկից մատուռ-տապանատանը, որը ծառայել է որպես Դիզակի մելիքների դամբարան։ Այդ մասին է վկայում ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։ Նա տապանատան գերեզմանաքարերից գրի է առել մի շարք տապանագրեր, այդ թվում նաև Մելիք Եգանի տապանաքարի ամբողջական՝ տասը տողից բաղկացած արձանագրությունը՝ փորագրված տապանի երկու նիստերին․ 
 
«Այս է տապան քաջ իշխանին, Եկան անուն մեծ Մ|էլիքին, որ է որդի բարեպաշտին Ղուկաս անուն | վարդապետին, եղև սիրեցեալ ամենայնին, Նատիր ա|նուն թագաւորին։ Տիրապետեաց սայ ի երկրին ի Ա|ղուանից ի նահանգին յոյժ պատուեցավ պար|սից ազգէն, քան զիշխանս հայոց երկրին․․․ ՌՃՂԳ»1։  
 

Արցախյան առաջին պատերազմից հետո Դիզակի Մելիք Եգանի տապանաքարի բեկորները հայտնաբերվել են Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցու հատակի տակ։ Խորհրդային տարիներին, երբ եկեղեցին վերափոխվել էր ակումբի, մելիքական տապանատունը ավերվել էր, իսկ տապանաքարերը՝ ջարդվել ու բեկորատվել։ Վերջիններս հետագայում օգտագործվել էին որպես հենարաններ ակումբի դահլիճի տախտակամած հատակի գերանների համար։ Նույն ճակատագրին էր արժանացել նաև Մելիք Եգանի տապանաքարը, որի երկու մասի բաժանված, ջարդված բեկորները պահպանվել էին եկեղեցու տախտակամած հատակի տակ և բացահայտվել են Արցախի առաջին պատերազմից հետո։


 

Մելիք Եգանի շիրմաքարը ուղղանկյունաձև գերեզմանակոթող է, որի բոլոր նիստերը մշակված են գեղեցիկ, գծանախշ շրջանակներով, իսկ քարի բոլոր անկյունները ծածկված են պարանաձև նախշով։ Հյուսիսային և հարավային լայն նիստերի շրջանակների մեջ ընդգրկված են արձանագրությունները, իսկ արևելյան և արևմտյան կողային նեղ նիստերի շրջանակների մեջ քանդակազարդ հորինվածքներ են։ Առանձնակի ուշադրություն է գրավում տապանաքարի արևմտահայաց կողին քանդակված խաչքարային հորինվածքը, որի ստորին հատվածում պատկերված է Ադամի գլուխը, որից վեր հյուսվածազարդ զարդագոտով երկնային դրախտի այգին է։ Վերջինից սկիզբ է առնում եռաբողբոջ խաչաթևերով ծաղկած խաչը։ Հորինվածքը երիզող լայն հյուսվածազարդ շրջանակի վերին երկու անկյուններից դեպի խաչն է իջնում մեկական բուսազարդ։
Հարկ է նշել, որ համաձայն Տողի մելիքական ապարանքի ընդունարանի գլխավոր մուտքի արձանագրության, ինչպես նաև գրավոր այլ աղբյուրների՝ պարսից Նադիր շահը 1736 թվականին Ղուկասի որդի Ավանին անվանակոչել է Եգան (միակ) և ցմահ (մինչև 1744 թ․) շնորհել բեգլարբեկի (իշխանաց իշխան) կարգավիճակ։ Դա Արցախում հայկական նոր իշխանության կայացման ժամանակաշրջանն էր (1736-1744 թթ․), երբ վեց մելիքությունները՝ Դիզակ, Վարանդա, Խաչեն, Ջրաբերդ, Թալիշ և Քոչիզ, համախմբվեցին մեկ՝ «Խամսա» վարչաքաղաքական միավորի մեջ, որը բացառիկ հնարավորություն ստեղծեց Արցախի ժողովրդի համար ինքնուրույն և հնարավորինս անվտանգ ապրելու համար։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի մելիքություն, 18-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
19-րդ դարում ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն ու Գտիչ վանքի վանահայր Առաքել վարդապետը արտագրել են Մելիք Եգանի տապանագիրը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար
Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Վատ (ջարդված)

Արժևորումը
Կարևոր է Դիզակի մելիքական տան պատմության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 75:

Լուսանկարներ