Տող, Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Հովհաննես Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել և օծվել է 17-րդ դարի երկրորդ կեսին, գործել մինչ 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից վերածվել է ակումբի։ Արցախի անկախության տարիներին Սուրբ Հովհաննես եկեղեցին վերանորոգվել ու ներառվել էր «Տողի մելիքական ապարանքներ» պետական պատմամշակութային արգելոցի մեջ։ 2020 թվականի հոկտեմբերին Տող գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից, և այժմ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական հոգևոր կենտրոն։ Քաղաքական քարոզչության նպատակով Ադրբեջանի կառավարությունը ուդիների ցուցադրական ուխտագնացություններ է կազմակերպում դեպի եկեղեցի։
Սկզբնական պատկանելությունը
Դիզակի մելիքություն, Տող ավան
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, մատուռ-դամբարան, կացարան, գերեզմանոց, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում դարձել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կենտրոնը։ Մինչև 2020 թ․` Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութից 9 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տող գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 856 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի վտակ Թաղոտա գետի ձախ կողմում՝ Տողասար լեռան արևելյան թեքադիր լանջին։ Նկարագրություն
Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է գյուղի արևմտյան բարձրադիր հատվածում՝ թեքադիր ժայռոտ տեղանքում։ Եկեղեցու շինարարության վերաբերյալ գրավոր վկայություններ չեն պահպանվել։ Հաշվի առնելով շինության ճարտարապետական լուծումները և ոճային առանձնահատկությունները` կարող ենք հավաստել, որ այն կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Եկեղեցու հյուսիսային պատի ստորին հատվածում ընդգրկված խաչքարը վկայում է այն մասին, որ ներկայիս կառույցը հիմնվել է միջնադարյան ավելի վաղ հուշարձանի տարածքում։
Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին հիշատակել է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, որն անդրադարձել է նաև իր այցելության ժամանակ պահպանված արձանագրություններին, որոնց թվում հատկանշական է եկեղեցու դռան ճակատակալ քարին փորագրված 1736 թվականի արձանագրությունը․ «Թվին ՌՃՁԵ․ այս սուրբ Ոհանէս եկեղեցուս գլուխն նորոգեց Ղուկազ վարդապետի որդի Մէլիք-Եկանն․ յիշատակ է հոգոյն իւրոյ, ով որ կարդայ մէկ բերան Աստուած ողորմի ասէ»1։
Բարխուդարյանցը հիշատակում է նաև խաչկալի չորս սյուներից հյուսիսայինի վրա փորագրված արձանագրությունը․ «Որ ողորմի Քրիստոս Աստուած․ յիշատակ է խաչկալս պարոն Մէլիք Եկանիս և ծնողաց իմոց Մօսէս, Ղուկաս վարդապետին, մօրն իւր Շհօին և ծնողին իմ Մարիամին և եղբարն իմ Արամին և քոյրն իմ Խանում, կողակիցն Խանում աղին, որդի Արամին, Ըսայուն (Եսայուն) Պաղտամին, Օսէփին, Պաղրին, Առաքելին, Սափարին, Պաղումին, Վերտին, կողակիցն Գոզալին, դուստր Թավարին, Խանպաճին, Խաթուն Խաթայուն, և այլն եղելոց ողորմի ասէք, ամեն․ թիւն ՌՃԷ․»2։
Հուշարձանը պատկանում է երկու զույգ մույթերով, եռանավ, թաղակապ բազիլիկի զարգացած տիպին, որը բնորոշ է 17-րդ դարին։ Կենտրոնական նավի արևելյան հատվածում կիսաշրջան խորանն է, որն ընդհանուր սրահից բաժանված է սլաքաձև կամարով։ Բեմի երկու կողմերից դեպի բարձրադիր խորանն են տանում քարե չորս աստիճանները։ Սրբատաշ կրաքարով շարված բեմառէջքը հարդարված է եղել քիվով։ Խորանի երկու կողմերում գտնվում են թաղածածկ, ուղղանկյուն ավանդատներ։ Եկեղեցու ներքին պատերը շարված են խոշոր, կարծր, կոպտատաշ քարերով ու կրաշաղախով, սվաղի հետքեր չեն երևում։
Եկեղեցին ունի երկու մուտք․ գլխավորը հարավային մուտքն է, որի նախնական տեսքը չի պահպանվել։ Հուշարձանի տարածքում հայտնաբերված շթաքարային նախշով կամարաքարի բեկորը վկայում է, որ մուտքի հարդարանքը նման է նույն ժամանակաշրջանում կառուցված Ծակուռիի Ծաղկավանք, Հերհերի Սուրբ Գրիգորիս և այլ եկեղեցիների շքամուտքերի հորինվածքը։ Խորհրդային տարիներին շքամուտքը քանդվել է և վերակառուցվել սրբատաշ կամարով։ Կամարակապ է նաև գլխավոր մուտքից աջ տեղադրված լուսամուտի ներքևում նույն ժամանակ ավելացված բացվածքը։ Հյուսիսային մուտքը պահպանել է իր նախնական տեսքը և չափերը, շեմը բարձրացված է և ունի թեք աստիճաններ։
Եկեղեցին լուսավորվում է հիմնականում դեպի ներս լայնացող նեղ ու փոքր լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են հարավային, մեկը՝ արևմտյան, երեքը՝ արևելյան պատերին։ Հատկանշական է, որ արևելյան լուսամուտներից երկուսը լուսավորում են ավանդատները, իսկ խորանը լուսավորվում է ավելի մեծ և լայն կենտրոնական լուսամուտով։ Երկթեք տանիքը ի սկզբանե սալարկված է եղել սրբատաշ կրաքարով, որը հետագայում փոխարինվել է կղմինդրով։ Այդ մասին են վկայում պահպանված կղմինդրների մնացորդները։ Տանիքի ծածկի արևելյան և արևմտյան եզրերի սալաքարերը հենվում են քիվի վրա, որը նույնպես սրբատաշ կրաքարից է։ Գլխավոր թաղի կենտրոնում արված բացվածքի վրա վեր է խոյացել զանգակատուն-ռոտոնդան, որը նույնպես վերականգնվել է։
Եկեղեցու հյուսիսային բակի մաքրման և պեղման աշխատանքների արդյունքում բացվել են երկու տասնյակից ավելի, հիմնականում լավ պահպանված պատկերազարդ տապանաքարեր (18-րդ դ․)։
2017 թվականին եկեղեցու հարավային բակում իրականացված պեղումները վավերացրել են նաև կառույցին հարավ-արևելքից կից մատուռ-դամբարանի հիմքերը: Նույն թվականին պեղվել են նաև հարավ-արևմուտքից կից Ղուկաս վարդապետի կացարանը, ինչպես նաև բացվել են տապանաբակի 17-19-րդ դարերով թվագրված շուրջ 50 տապանաքարեր, որոնց մի մասը, արձանագրությունների համաձայն, պատկանում են մելիքական ընտանիքի անդամներին:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի և շինարարական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Միջնադարյան սրբատեղիի տարածքում 17-րդ դարի երկրորդ կեսին կառուցվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը հետագայում բազմիցս վերանորոգվել է։
Կարևոր է առանձնացնել երեք ժամանակաշրջան.
18-րդ դարի սկզբին Ղուկաս քահանան կառուցել է Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող կացարանը:
1736 թվականին մելիք Եգանը վերականգնել է տանիքը:
19-րդ դարի երկրորդ կեսին` ռուսական տիրապետության շրջանում, փլուզված հին զանգակատան տեղում կառուցվել է նորը։
1908 թվականին, համաձայն շինարարական արձանագրության, կառուցվել է եկեղեցու հարավային բակի կամարակապ դարպասը։ Այդ ժամանաշրջանին է վերագրվում նաև եկեղեցու կտուրի վերականգնումը։
Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը վերածվել է ակումբի, որի ժամանակ քանդվել է շքամուտքը, փոխարինվել կամարակապ մեծ մուտքով, ինչպես նաև մուտքից աջ բացվել է նոր լայն պատուհան։ Եկեղեցու ներսում ձևափոխվել է բեմը, պատերը ներկվել են։
2017-2019 թթ․ եկեղեցին հիմնովին վերականգնվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին եկեղեցուն հարող տարածքում իրականացվել են պեղումներ։ Պեղվել են մատուռ-դամբարանը և տապանաբակը։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են եկեղեցու փլուզված զանգակատան, խորանի բեմի քիվի, 17-րդ դարի ծածկասալերի հինգ բեկորներ, ինչպես նաև շքամուտքի կամարի շթաքարային նախշով բեկոր։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Քվարցային ավազաքար, կրաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերում
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Յոթ լուսամուտ՝ արևելյան, հարավային և արևմտյան կողմերում
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղակապ
Տանիքը (նյութը, ձևը)
Կղմինդրապատ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են հիմնականում փոքրաչափ կոպտատաշ և սրբատաշ քարերով ու կրաշաղախով։
Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
18,8 մ Չափերը` լայնությունը
10,6 մ Չափերը` բարձրությունը
8,90 մ (Ռոտոնդայի հետ՝ 13,84 մ) Պահպանվածությունը`
Լավ (վերականգնված)
Արժևորումը
Սուրբ Հովհաննես եկեղեցին 17-րդ դարի բուռն եկեղեցաշինության շրջանի վառ օրինակներից է։ Պատկանում է այդ շրջանին հատուկ եռանավ թաղակապ կառույցների զարգացած տիպին։ Այն եղել է Տող ավանի մայր եկեղեցին։ ----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 74։
2 Նույն տեղում։
Ըստ վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի՝ թվականի մեջ սխալ կա․ բաց է թողնված տասնավորը, տե՛ս Բարխուդարյան Ս․, 1982, էջ 177։
Չափագրություններ
Տող, Սուրբ Հովհաննես եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Ջալալեանց Ս․, 1856 - Ջալալեանց Սարգիս, «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան», մաս Բ, Տփխիս, 1856 (տե՛ս նաև Ջալալյանց Սարգիս, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, մաս Ա, Բ, Երևան, 2016)։
Սարգսյան Մ․ - Սարգսյան Մանվել, անձնական արխիվ, Երևան, Կիևյան 1ա, 24։
.
Մ․Ս․, Ռ․Խ․