
«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց | Մելիք Եգանի ընդունարան
Հուշարձան
Տիպային անվանումը
Իշխանական (մելիքական) ընդունարան Հատուկ անունը
Մելիք Եգանի ընդունարան Այլ անվանումներ
Թանապա Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Մելիք Եգանի ընդունարանը կառուցվել է 1737 թվականին։ Շինությունը երեք անգամ վերակառուցվել է տարբեր նպատակներով։ Մելիքական ապարանքի տարածքում 2009-2011 թթ․ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հնագիտական պեղումների ժամանակ այն մաքրվել, ուսումնասիրվել և ամբողջովին վերականգնվել է։ Այստեղ հիմնվել է թանգարան, որտեղ ցուցադրվում էին պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները։ 2020 թվականի հոկտեմբերին Տող գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից, և համաձայն համացանցում տարածվող տեղեկությունների՝ հուշարձանը ներկայումս ենթարկվում է բռնայուրացման և օտարացման։ Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են գյուղի և արգելոցի հուշարձանների ինչպես մահմեդականացման (աշխարհիկ շինություններ), այնպես էլ աղվանականացման (հոգևոր շինություններ) ակնհայտ գործընթաց։
Պահպանման միավորի անվանումը
Ընդունարան
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Տողը դարձել է Դիզակ գավառի և համանուն մելիքության իշխանանիստ կենտրոնը։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 833 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի վտակ Թաղոտա գետի ձախ կողմում՝ Տողասար լեռան արևելյան թեքադիր լանջին։ Նկարագրություն
Տողի մելիքական ապարանքի կենտրոնական և լավագույնս պահպանված շինություններից մեկը իշխանական տոհմի հիմնադիր Մելիք Եգանի կողմից կառուցված ընդունարանն է։ Այն իր ճարտարապետական կառուցվածքով համալիրի առավել ուշագրավ շինությունն է։ Ի սկզբանե ունեցել է հստակ վարչական գործառույթ, որը նշված է ընդունարանի մուտքի բարավորին և եզրապատերին փորագրված ընդարձակ արձանագրության մեջ։ Մելիքը կառույցն անվանում է «թանապա»1․ «Թվին ՌՃՁԶ (1737)։ | Յիշատակ Է թանապայաս | այս է, որ ես Ղուկազ վարդայպետի որդի, | որ է իմ անուն Մ[ե]լ[ի]ք Եկան, որ առաջեւ խէլխն գամ | դեռն ինձ կարքեցին քօխ[ա]յ յեդ նորաց, որ օլքան | ղալ դեռ|աւ: Շահ սո|լթան Հուսէյ|նի տղա|յ շահ Թա(h)մաս|իպէ թաքաւ|որի յին[չ] չա|փ ղուլուղ ար[կ]|է, որ պիրաւ | ինձ տունցէ|ս մէլիքութ|ուն դվավ, ա|յլ օսմա|նլուն եկա|վ առավ | ի ձեռ նորայնիցն, | որ ս(ր)ան էլ աս չափ ղ|ուլուղ արկէ, որ պիրեն | Դիզակ, | ես թողեցի ոչ Հայեասդանաս | եսիր գալու, ինձ դ․․․|վավ սօվլ|ղ։ Արաղին Շա|հ Նայդի|ր զօրէղ | թաքաւոր ե|կաւ զօրօք | առաւ օլք|աս ի ձեռե|ս օսմանլ|ուէն անայ։ | Նորայ էս|չափ ղուլուղ արկէ, որ | դրաւ ինձ այս եր Զ (6) մոհիլ|իս, ազկ քր[(ի)սդ(ոն)ե(ա)յ, որ մէկն Թ|ալիշ, մէկն Չար(ա)յպ(եր)թ, մէկն Խա|չան, մէկն Վարանդայ, մէկն Ք|ոչեզ, մէկն Տուզաղ։ Այ|[ս]դունց խանը պակլարպէ|կայ տեղ արար ինձ, չափայղա|թ արաւ։ Օվ որ յեդօվ կար|թէ այս գիրես, իմանայ, որ մեր | որպէսութուն այսպէս եղաւ, մին | ողորմեա այսէ, եղեւ, ամեն»2։
Ըստ վերոնշյալ արձանագրության` ընդունարանի շենքը կառուցվել է 1737 թվականին, երբ սկիզբ է դրվել Արցախի հինգ մելիքությունների կառավարումը Եգանի կողմից՝ որպես բեգլարբեկ3։
Ընդունարանի շենքը դասվում է այդ ժամանակաշրջանին բնորոշ վարչական նշանակություն ունեցող երկհարկանի շինությունների շարքին: Բուն ընդունարանի դահլիճը տեղակայված է վերնահարկում․ այն երկարավուն մի սրահ է, որին հյուսիսարևելյան կողմից հարում է կամարակապ ճակատով նախասրահը: Սրբատաշ քարից կառուցված կամարաձև շրջանակով մուտքը գտնվում է դահլիճի և նախասրահի միջանկյալ պատի կենտրոնում։
Ներքնահարկը առանձին մուտքով կիսանկուղային սրահ է։ Մուտքի կամարակապ անցուղին գտնվում է նախասրահի տակ՝ ձախ կողմում։ Թե՛ վերնահարկը, թե՛ ներքնահարկը թաղակապ են: Պատերը շարված են կոպտատաշ տեղական քարերով ու կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարով են շարված որմնասյուները, որմնակամարները, կամարները, մուտքի եզրաքարերը և արտաքին պատերի անկյունները:
2009-2010 թթ. իրականացված հնագիտական պեղումների արդյունքում բացահայտվել են ավելի վաղ ժամանակաշրջանի տարբեր կառույցների հիմնապատեր, որոնց վրա կառուցվել է ընդունարանի ներկայիս շենքը։ Այն ազդել է շինության անկանոն բնույթի վրա․ հատակագիծը զուգահեռագծի ձև է ընդունել։
Այսպես` Եգանի ընդունարանի հարավարևմտյան պատը հենված է ավելի հին վիթխարի մի պատի հիմքի վրա, սրանով բացատրվում է ուղղահայաց առանցքից այդ պատի թեքվածությունը: Ավելի վաղ շրջանի շինություններն ազդել են նաև ընդունարանի հիմքի մակերեսագծի բնույթի վրա, օրինակ՝ հարավարևելյան պատը հենվում է այդ գոտում գտնվող հին ձիանոցի շենքի անկյունի վրա:
Ընդունարանի շենքի բոլոր հատվածների (ներքնահարկ, ընդունարանի սրահ, նախասրահ) կառուցողական առանձահատկությունները և պատերի շարվածքի բնույթը վկայում են մեկ ամբողջական ճարտարապետական հորինվածքի, ինչպես նաև համաժամանակյա կառուցման մասին։ Տվյալ փաստի վավերագրումը հատկապես ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ մելիք Եգանի ընդունարանի ճարտարապետությունն իր սկզբնական տեսքով նմանատիպ օրինակներ չունի․ Արցախի և Սյունիքի մյուս մելիքական ապարանքներում պահպանված այդ նույն նշանակության շենքերի մեջ չկան Տողի ընդունարանի ծավալանախագծային հորինվածքը կրկնող կառույցներ: Մյուս մելիքական ապարանքների ընդունարանների վերնահարկերը ամառային դահլիճներ են, և ի տարբերություն Տողի ընդունարանի՝ վերջիններս չունեն նկուղային ներքնահարկեր, ինչպես նաև դահլիճին կից նախասրահներ:
Իր ճարտարապետությամբ ու նշանակությամբ եզակի է նաև Եգանի ընդունարանի ներքնահարկը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հարավարևելյան պատի վրայի երկու խորշերը ի սկզբանե նախատեսված են եղել օդափոխության համար: Խորշերի վերնամասից օդատարը ուղղահայաց անցքերով կապվում է վերնահարկի պատի մեջ գտնվող մյուս զուգահեռ անցքերին` հնարավորություն ստանալով դուրս գալ դեպի հարավարևելյան պատի միակ նեղ ելքը: Ներքնահարկի պատերին որմնախորշեր չկան: Այն փաստը, որ ներքնահարկի ելքի դուռն ընդամենը 80 սմ բարձրություն ունի, վկայում են վերջինիս հատուկ գործառույթների մասին (չի բացառվում, որ այն ծառայել է որպես խուց՝ կալանավորների համար):
Ի տարբերություն ներքնահարկի՝ վերնահարկի պատերին կան վեց խոր, կամարակապ որմնախորշեր: Դահլիճը լուսավորվում է երեք նեղ, դեպի ներս լայնացող լուսամուտներով, որոնցից երկուսը բացվում են մուտքի վերին կողերից, մյուսը՝ հարավային պատից: Վերնահարկի դահլիճը օդափոխվում է կամարակապ թաղի կենտրոնական հատվածում գտնվող երկարավուն օդանցքով: Շենքը ջեռուցվել է, այդ մասին է վկայում հարավարևելյան պատի մեծ կամարակապ բուխարին: Արտաքին պատերի հյուսիսարևելյան և հարավարևմտյան հատվածներում կան երկու փոքր որմնախորշեր: Դահլիճի և նախասենյակի հատակը սալարկված է քարե սալիկներով:
Մեզ հասած վկայությունները, ինչպես նաև պահպանված կառույցների հնագիտական և ճարտարապետական վերլուծությունը հիմք են տալիս հաստատելու, որ մելիք Եգանի ընդունարանի շենքը պատմության նորագույն շրջանում առնվազն երեք անգամ ենթարկվել է ավերածությունների ու վերակառուցվել։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի մելիքություն, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Մելիք Եգանի ընդունարանը կառուցվել է 1737 թվականին։ Այն երեք անգամ վերակառուցվել է։ 20-րդ դարի սկզբին կառույցին ավելացվել է ևս մեկ բնակելի հարկ։ Հյուսիսարևմտյան կողմից կառուցվել է քարե սանդուղք` կտուրի մակերեսին հավասար, և շենքի պարագծով վեր են բարձրացել բնակելի հարկի պատերը: Հավանական է նաև, որ հարավարևելյան և հյուսիսարևմտյան կողմերից պատշգամբ է կառուցվել։ Բնակելի հարկի լուսամուտները և դուռը հարավարևելյան կողմից են: Նույն ժամանակահատվածում են կառուցվել նաև ապարանքի նոր տերերի եռահարկ երկու տները: Հավանաբար հենց նրանք էլ Մելիք Եգանի ընդունարանը վերափոխեցին բնակելի տան: Այդ շրջանին կարելի է վերագրել ընդունարանի շենքի տանիքի, ինչպես նաև նախասրահի կամարակապ ճակտոնի լիակատար փլուզումը: Կարելի է ենթադրել, որ կամարն ավելի վաղ է քանդվել, և նրա տեղում երրորդ հարկի պատերի ծանրությունը կրող երկու նեղ կամարներ են կառուցվել:
Երկրորդ փուլը վերաբերում է 20-րդ դարի 60-ական թվականներին։ Այդ ժամանակ վերակառուցվել է բնակելի երրորդ հարկը: 1980-ականների ուսումնասիրությունների տվյալներով և հնաբնակների վկայություններով՝ ընդլայնվել էր երրորդ հարկի պատշգամբը, որի ամբողջ պարագծով հենարաններ էին հիմնվել։ Այդ նպատակով բուտաբետոնային հիմքեր ու հենապատ էր կառուցվել շենքին հարող տարածքի հարավարևելյան մասում: Հյուսիսարևելյան ճակատի կողմից պատշգամբ տանող նոր փայտաշեն սանդուղք, ինչպես նաև զանազան դիմահար պատեր ու պարիսպներ էին կառուցվել: Երրորդ հարկում վերակառուցվել էր հարավարևմտյան պատը` մեծ լուսամուտի բացվածքով: Այս փուլում առավել լուրջ վնասներ և ավերածություններ են հասցվել հուշարձանին։
1990-ական թվականների սկզբին՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, շենքը հրդեհի է մատնվել, որի հետևանքով ամբողջովին այրվել են պատշգամբի և կտուրի փայտյա բոլոր մասերը:
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2009-2016 թթ․ Տողի մելիքական ապարանքների տարածքում պեղման, ուսումնասիրման աշխատանքներ են իրականացրել հնագետներ Գագիկ Սարգսյանը, Աղավնի Ժամկոչյանը, Ֆրինա Բաբայանը, Տիգրան Ալեքսանյանը և ճարտարապետության պատմաբան Մանվել Սարգսյանը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
2009-2010 թթ. կատարված պեղումները, խուզահորանումներն ու չափումները ի հայտ են բերել ուշագրավ մի շարք դետալներ, որոնք պարզություն են մտցրել շենքի կառուցողական առանձնահատկությունների և նրա կառուցման պատմության մեջ:
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մուտքը հյուսիսարևելյան կողմից է։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու լուսամուտ հյուսիսարևելյան (մուտքի երկու կողմերում), մեկ լուսամուտ՝ հարավային կողմից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, կղմինդրածածկ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է փոքրաչափ տեղական քարերով, սրբատաշ կրաքարով և կրաշաղախով։
Հարդարանքը
Տիպը
Հյուրասրահ, ընդունելության դահլիճ Չափերը` երկարությունը
11 մ Չափերը` լայնությունը
4,5 մ Չափերը` տարածքի մակերեսը
69 մ² Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Լավ (վերականգնված) Արժևորումը
Մելիք Եգանի ընդունարանի շենքը Արցախի ուշ միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության անգնահատելի արժեք ունեցող և բացառիկ օրինակներից է։ ----------------------------
1 Ընդունարան, ընդունելության տեղ, հյուրասրահ։
2 Արձանագրությունն առաջին անգամ վերծանել է վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։ Այն որոշ վրիպակներով հրատարակվել է «Դիվան Հայ վիմագրության» V պրակում (էջ 180-181)։
Տե՛ս նաև Հակոբ Փափազյանի «Մելիք Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը» հոդվածը։
3 Բեկ (բեգ, պեյ) բառը նշանակում է իշխան, բեկլարբեկ՝ իշխանաց իշխան։ Հանդիպում է նաև բեգլարբեկ տարբերակով։ Ընդունարանի մուտքի արձանագրության մեջ հիշատակվում է պակլարպէկ։
Չափագրություններ

«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց, Մելիք Եգանի ընդունարան
Լուսանկարներ







...
Հիմնական մատենագիտություն
Սարգսյան Մ․ - Սարգսյան Մանվել, անձնական արխիվ։
.
Մ․Ս․, Ռ․Խ․, Ա․Հ․