Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 5
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Մինա խանումի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը տապանաբակում կանգնեցվել է 1885-1886 թթ․։ Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Կարմիր գյուղի (Դռնավարզ) Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում՝ հարավարևելյան պատի տակ, պահպանվել է միակտոր, դեպի վեր լայնացող, սեղանաձև տապանաքար։ Այն ունի ընդգծված քիվ և կանգնեցված է ցածր պատվանդանի վրա, որը կրկնում է քիվի, ինչպես նաև ստորին գոտու գծային հորինվածքը։ Տապանաքարի հարավային նիստին ութտողանի արձանագրությունն է, որի առաջին տողը փորագրված է հուշարձանը երիզող քիվի վերին գոտում և շարունակվում է նույն նիստին՝ լրացնելով ողջ դաշտը․ «Ասդ շիրմաւ տապանիս ամփոփեալ դնի մարմին | վաղաթառամ Մինա-խանումին որ թողե[ա]լ զամեն | համակե[ա]լ ի սգի փոխեցավ առ Տ[է]ր յութ տասան | հասակի։ Մինա-խանում դուստր է Տ[է]ր Իսրայ[ե]լ | յազգեն Տ[է]ր Մանուէլե[ա]նց դռնավարզեցւոյ, որ ամ|ուսնացե[ա]լ ընդ Իվանբէկ ի յազգէն Թարխանե[ա]նց | շուշիքենդեցւոյ։ Ծնեալ է 1868 փետ(րվար) վախճան․․․ | նոյ(եմբեր) 1885 ամի։ Եւ իմ եղբորս կարօտ մնացի»1։
Տապանաքարի հիմնական հարդարանքը կազմում են քիվի, հիմքի և պատվանդանի գծանախշ գոտիները, ինչպես նաև արևմտյան նիստին պատկերված նույնպես գծանախշ, մեծադիր, ելնդավոր խաչաքանդակը՝ անկյուններում բուսազարդ նախշերով շրջանակի մեջ առնված։ Վիմագիրը հրապարակվում է առաջին անգամ։ Մատենագիտական տեղեկություններ մեզ հայտնի չեն։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արձանագրությունը հրապարակվում է առաջին անգամ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Սեղանաձև տապանաքար Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր է Արցախի Դռնավարզի (Կարմիր գյուղ) պատմության, ինչպես նաև հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։
----------------------------
1 Արձանագրության ընթերցումը՝ Ա․ Հայրապետյանի։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․