Դաշուշեն, Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակ, տապանաքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Տապանաքար
Այլ անվանումներ
Թադևոս Առաքելյանի տապանաքար

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Թադևոս Առաքելյանի տապանաքարը կերտվել և կանգնեցվել է 1853-1854 թթ․ Դաշուշենի1 Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում։ Այն ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մեջ։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Դաշուշեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դաշուշեն
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 15,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է գյուղամիջում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 877 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի աջ կողմում՝ ափից շուրջ 700 մ հեռավորության վրա։
Նկարագրություն
Թադևոս Առաքելյանի տապանաքարը գտնվում է Դաշուշեն (Քարաշեն) գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի անմիջապես աջ կողմում։ Այն ուղղանկյունաձև, մեծ չափերի շիրմաքար է՝ կերտված քվարցային ավազաքարից։ Հարավային նիստի կենտրոնական մասում՝ պարզ, ուղղանկյուն շրջանակի մեջ, տապանագիրն է. «Այս է տապան լուսահոգի Թաթեոս | քոխվա Առաքելեան որ է Խոհու (հավանաբար Խոյ) մհալի | Մահլազանի կողացի այժմս աստ գանկ|եաց Ս[ուր]բ եկեղեցիս ի 1853 Ամի»։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի հետևյալ հանգամանքը․ Թադեոս Առաքելյանը, որը Դաշուշեն գյուղի տանուտերն էր, ծագումով Պարսկաստանի Խոյ գավառի Մահլազան գյուղից էր տեղափոխվել այստեղ։ Նրա ընտանիքի հովանավորությամբ են կառուցվել թե՛ Սուրբ Աստվածածին եկեղեցին, թե՛ գյուղի երկթռիչք կամուրջը։ 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանաքար
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դաշուշեն գյուղի և բնակչության պատմության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Դաշուշեն գյուղը Արցախի Հանրապետության անկախության տարիներին վերանվանվել է Քարաշեն, սակայն կարճ ժամանակ անց այն վերագտել է իր սկզբնական անունը։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագիտական տեղեկություններ հայտնի չեն։

.
Ա․Հ․