Դաշուշեն, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Այլ անվանումներ
Ժամ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Դաշուշենի1 Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1843 թվականին։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքն օգտագործվել է այլ նշանակությամբ․ նախ գործել է որպես մշակույթի տուն, ապա՝ տնտեսական պահեստ։ Արցախի Հանրապետության անկախությունից հետո եկեղեցին վերանորոգվել է և գործել մինչև 2023 թվականը։ Նույն թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դաշուշեն (Քարաշեն) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, տապանաբակ, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դաշուշեն
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 15,5 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է գյուղամիջում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 877 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի աջ կողմում՝ ափից շուրջ 700 մ հեռավորության վրա։ Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Դաշուշենի գյուղամիջյան հատվածում։ Հուշարձանի մասին տեղեկությունները շատ սուղ են։ Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Աղուանից երկիր եւ դրացիք» աշխատության մեջ հիշատակել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ուներ մեկ քահանա2։ Հիշատակության արժանի աղբյուր է նաև Եղիշե (Հովակիմ) ավագ քահանա Գեղամյանցի «Ուղեգնացական ակնարկները», որտեղ հեղինակը նշում է, որ գյուղն «ունի մի անշուք և փոքրիկ եկեղեցի, որոյ արձանագրութիւնն է. Յիշատակ է Թադէոս Առաքելեանի ի թուին 1843»3:
Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ քարերով։ Մշակված են միայն կամարների և անկյունային հատվածների եզրաքարերը։ Խորանի կամարակապը և թաղակիր կամարը կառուցված են սրբատաշ կրաքարերով։ Միանավ թաղակապ սրահ է՝ 11 մ երկարությամբ և 8 մ լայնությամբ։ Արևելյան կողմում զույգ ավանդատներով խորանն է, որի հյուսիսային և հարավային պատերին առկա է մեկական որմնախորշ։ Բեմը բարձրադիր է։ Վերջինիս երկու կողմերից դեպի խորան է տանում չորսական աստիճան։ Ուշագրավ է հյուսիսային պատի մեծ կամարակապ խորշը, որի խորքում ընդգրկված է մկրտության ավազանը։
Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերի և դրանց կենտրոնական որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարի վրա։ Կառույցն ունեցել է կղմինդրե ծածկ, որը խորհրդային տարիներին փոխարինվել է թիթեղով։ Եկեղեցին լուսավորվել է հինգ լուսամուտներով։ Հարավային լուսամուտը, որը հավանաբար խորհրդային տարիներին ձևափոխվել է, բացված է մուտքից արևելք և առանձնանում է թե՛ իր ձևով, թե՛ չափերի մեծությամբ։ Մյուս լուսամուտներն իրենց կառուցվածքով բնորոշ են ժամանակի ճարտարապետական ավանդույթներին․ ունեն արտաքուստ փոքր բացվածքներ և դեպի ներս լայնացող կառուցվածք։ Դրանցից երեքն արևելյան կողմում են, մեկը՝ հյուսիսային։
Մուտքը գտնվում է հարավային պատի արևմտյան կողմում։ Վերջինիս սրբատաշ, կամարաձև բարավորի վրա փորագրված է երկտող շինարարական արձանագրություն․ «Կամաւն Աստըծոյ կառուցաւ այս Ա[ստուա]ծածինի Սուրբ եկեղեցիս յիշատակ իմ | Թաթոս4 Առաքելեան եւ ի Կուլուն5 եւ ի ծնողաց իմոց յիշել անմահ պատարաքս ծ[ե]ր»6:
Խորհրդային տարիներին քերվել են բարավորի բոլոր պատկերաքանդակները։ Կենտրոնական հատվածում նշմարվում են խաչաքանդակի և դրա երկու կողմերում փորագրված կառուցման՝ 1843 թվականի հետքերը։
Եկեղեցու մուտքից աջ՝ տապանաբակի մեջ, պահպանվել է ծնունդով Պարսկահայքի Խոյ գավառի Մահլազան գյուղից Դաշուշենում հաստատված և եկեղեցին հիմնադրած Թադևոս Առաքելյանի տապանաքարը։
Խորհրդային շրջանում արևմտյան կողմից եկեղեցուն կցակառուցվել է երկհարկանի շինություն, որը հետագայում դարձել է գյուղապետարան։
Արցախի Հանրապետության անկախության տարիներին եկեղեցին բարերարների միջոցներով վերանորոգվել է։ Տանիքի կենտրոնական հատվածում ավելացվել է քառասյուն մետաղյա ռոտոնդա-զանգաշտարակ:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2011-2012 թթ․ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից Դաշուշենի տարածքում իրականացվել են հուշարձանների հաշվառման և վկայագրման աշխատանքներ։ Եկեղեցին ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ, թաղակապ սրահ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, գետաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի հինգ լուսամուտ, որոնցից մեկը բացվում է հարավային կողմից, մեկը՝ հյուսիսային, երեքը՝ արևելյան։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղապատ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը կառուցված են միջին չափերի տեղական քարերով և կրաշաղախով։ Մշակված և սրբատաշ քարերով են իրականացված բացվածքների եզրաքարերը և կամարները։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
11 մ Չափերը` լայնությունը
8 մ Պահպանվածությունը`
Լավ (վերանորոգված)
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դաշուշեն գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Դաշուշեն գյուղը Արցախի Հանրապետության անկախության տարիներին վերանվանվել է Քարաշեն, սակայն կարճ ժամանակ անց այն վերագտել է իր սկզբնական անունը։
2 Բարխուտարեանց Մ․, 1999, էջ 227։
3 Գեղամյանց Ե․, 2010, էջ 25։
4 Նույնն է՝ Թադևոս։
5 Համաձայն եկեղեցու տապանաբակի № 2 տապանաքարի՝ վիմագրում հիշատակվում է Թադևոս Առաքելյանի կինը՝ Գուլին։
6 Արցախի բարբառով՝ դուք դերանվան սեռական հոլովաձևը՝ ձեր։
Լուսանկարներ