Տող, Դիզակի մելիքների մատուռ-դամբարան
Հուշարձան
Տիպային անվանումը
Մատուռ-դամբարան Հատուկ անունը
Մելիքական դամբարան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվածքային առանձնահատկությունների և փաստագրական տվյալների համադրությունը վկայում է, որ մատուռ-դամբարանը կառուցվել է 18-րդ դարի կեսերին։ Այստեղ հուղարկավորություններն իրականացվել են մինչև 1844 թվականը։ Խորհրդային տարիներին՝ մասնավորապես 1930-ականներին, տապանատունը քանդվել է։ 2020 թվականի հոկտեմբերին Տող գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից, և այժմ եկեղեցին ու նրա պատմական միջավայրը ներկայացվում են որպես աղվանական։
Սկզբնական պատկանելությունը
Դիզակի մելիքություն, Տող ավան
Պահպանման միավորի անվանումը
Մատուռ-դամբարան
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Մատուռ-դամբարան, գերեզմանոց, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում դարձել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կենտրոնը։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 856 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի վտակ Թաղոտա գետի ձախ կողմում՝ Տողասար լեռան արևելյան թեքադիր լանջին։ Նկարագրություն
Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավարևելյան կողմում՝ պատին կից, պահպանվել են փոքր չափերի մատուռի ավերակներ։ Կառույցը ծառայել է որպես Դիզակի մելիքների դամբարան։ Այն ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջան խորանով շինություն է։ Ենթադրվում է, որ կառուցվել է 1740-ական թթ․ վերջին՝ Մելիք Եգանի մահից հետո՝ որպես իշխանական տոհմի տապանատուն։
Դամբարանի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․ «Եկեղեցուս հարաւային կողմին պատկից շինուած է մի նեղ և երկար մատուռ իբրև դամբարան, որի մէջ ամփոփուած են բոլոր մէլիքներն ու մէլիքազուններն»1։
Բարխուդարյանցը տապանատան գերեզմանաքարերից գրի է առել Ղուկաս քահանայի (1715), Մելիք Եգանի (1744), վերջինիս որդիներ Արամի (1745) ու Եսայու (1781), ինչպես նաև Արամի որդի Բաղր Բեկի (1789) վիմագրերը․
«Այս է տապան Մէլիք Եկանի հայր Ղուկաս վարդապետի, ով կարդայ ողորմի ասէ․ թվին ՌՃԿԴ․»։
____________________________________________________________________
«Այս է տապան քաջ իշխանին
Եկան անուն մեծ Մէլիքին,
Որ է որդի բարեպաշտին
Ղուկաս անուն վարդապետին․
Եղև սիրեցեալ ամենայնին
Նատիր անուն թագաւորին։
Տիրապետեաց սայ ի երկրին
Ի Աղուանից ի նահանգին
Յոյժ պատուեցավ Պարսից ազգէն
Քան զիշխանս Հայոց երկրին․․․ ՌՃՂԳ․»։
____________________________________________________________________
«Այս է տապան քաջ իշխանին
Մէլիք Եկանի որդի պարոն Մէլիք Արամին,
Որ շատ սիրական էր Նատիր Շահին,
Որ յառաջ վախճանեցաւ հայր սորին,
Որ շափաղաթ ունէր Նատիր Շահին,
Որ է Բ․ հաքիմ էլավ Ե․ մուհալին․
Շահն ոզեց (ուզեց) Արամ տարաւ,
ԶՌ (6000) թուման ջարմայ առաւ,
Ուրախ սրտով յղի (ուղի) արաւ,
Մէկ ամ կացաւ, վախճանեցաւ․
Ողորմի թվ․ ՌՃՂԴ․
Որ փոխեցավ առ Աստուած,
Որ ընթեռնուք, մէկ բերան Աստուած ողորմի ասացէք»։
____________________________________________________________________
«Այս է տապան մեծին Մէլիք Եկանի որդի Մէլիք Եսայուն և էր սա իշխան կարգեալ Նատիր Շահէն․ ԼԳ․ ամ տիրեաց երկրիս Դիզակու և արար բազում քաջութիւն և յաղթութիւն ընդ անօրէնսն, և էր ինքն պարթև և յոյժ զօրաւոր քան զառաջինսն իւր և թել կենաց սորա և կամաւ Աստուծո վախճանեցավ թվ․ ՌՄԼ․ հոգտեմբերին բ․-ին գշ․ որ ընթեռնուք, մէկ Հայր մեղայ ասացէք․ ամէն»։
____________________________________________________________________
«Այս տապան լուսահոգի Մէլիք Արամի որդի Բաղր բէկին․ թվ․ ՌՄԼԸ․ էր»2։
Խորհրդային տարիներին, երբ Սուրբ Հովհաննես եկեղեցին վերափոխվել է ակումբի, մելիքական տապանատունն ավերվել է։ Տապանաքարերը ջարդվել են, բեկորատվել և օգտագործվել որպես դահլիճի տախտակամած հատակի գերանների հենարաններ։ Անկախության տարիներին եկեղեցու հատակի տակ բեկորատված վիճակում հայտնաբերվել է Մելիք Եգանի շիրմաքարը, որը միակ պահպանված օրինակն է Մակար Բարխուդարյանցի հիշատակած տապանաքարերից։
2017 թվականին մելիքական տապանատան վերաբերյալ տեղեկությունները հստակեցնելու, ինչպես նաև Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքը ուսումնասիրելու նպատակով Արցախի Հանրապետության Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի ղեկավարությամբ եկեղեցու հյուսիսային և հարավային բակերում իրականացվել են հնագիտական պեղումներ։ Պեղումերի արդյունքում հարավային բակի արևելյան հատվածում՝ եկեղեցուն կից, բացվել է 9,10 x 4,20 մ չափերի մի ուղղանկյուն սենյակ։ Շինությունը կառուցված է արտաքուստ սրբատաշ կրաքարից։ Այն հիմնված է անմիջապես ժայռի վրա, որտեղ վերին և ստորին մակարդակների միջև տարբերությունը 1,6 մ է: Դամբարանի արևելյան պատի ստորին հատվածում և արևմտյան կողմում բացվել են պատի և մուտքի ստորին շարքի սրբատաշ քարերը։ Մատուռը կառուցված է եղել տեղական ճեղքված քարով, սրբատաշ կրաքարով և կրաշաղախով։ Հարավային գերեզմանատան տարածքում պահպանվել են նաև սրբատաշ քարեր, որոնք ամենայն հավանականությամբ եղել են մատուռ-դամբարանի տանիքի ծածկասալերը։
Քարերի մշակման եղանակը վկայում է, որ կառույցը ժամանակակից է Տողի մելիքական ապարանքի շինություններին։ Մատուռի պատերի ներսում հայտնաբերվել են հորիզոնական դիրքով տեղադրված փայտե գերանների մնացորդներ։ Պատերին ամրություն տալու համար նախատեսված այս շինարարական ավանդույթը տարածված է եղել ուշ միջնադարյան շատ կառույցներում: Հուշարձանի թվագրման համար կարևոր նշանակություն են ունեցել հարավային պատի շարվածքում վերօգտագործված երկու թվակիր տապանաքարերը՝ ՌՃՀԸ (1729 թ.) և ՌՃՀԹ (1730 թ.)։
Հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանի կարծիքով՝ 1729 թվականը կարելի է սահմանել շինության կառուցման ստորին ժամանակագրական սահման3։
Մատուռի ներսում պեղումների ընթացքում բացվել են տարբեր մակարդակներում արված 14 թաղումներ։ Դրանցից չորսը հայտնաբերվել են հողի մակերևույթից մոտ 0,4 մ խորության վրա։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս չորս թաղումներն իրականացվել են շատ ավելի ուշ շրջանում և անմիջականորեն կապված չեն կառույցի հետ։ Ընդ որում՝ թաղումներից մեկը կատարվել է անմիջապես կիսակլոր աբսիդում։ Անդրադառնալով թաղումներին՝ հոդվածի հեղինակները նշում են․ «Հետաքրքիր էր թաղում N 2-ը, որի միջոցով հնարավոր եղավ թվագրել այս շերտի թաղումները: Այս թաղման հետ բացվեց նաև հանգուցյալի հագուստի մի քանի բեկոր, փայտի, ինչպես նաև մեխերի բավականեծ քանակություն: Հագուստի վրա պահպանվել էին կոճակներ, ուսադիրներ և որոշ նշաններ: Թաղման հետ բացված ցարական ժամանակներով թվագրվող «Брокар и К» օծանելիքի ապակե սրվակը թույլ տվեց թաղումը թվագրել 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկզբով։ Չորս կմախքները վավերացվելուց հետո հեռացվեցին։ Պեղումները շարունակելով, նույն հատվածում իրար կողք բացվեց ևս 10 թաղում: Վերջիններս ենթարկվել են մանրամասն մարդաբանական ուսումնասիրության՝ մարդաբան Հասմիկ Սիմոնյանի կողմից․․․․
Կարելի է վավերացնել. բոլոր թաղումներն իրականացված են դիադրման եղանակով, կմախքները գտնվում են մեջքի վրա, արևմուտք-արևելք կողմորոշմամբ: Թաղումները պատկանում են միջին տարիքի արական սեռի անհատների: Ամենաերիտասարդը 25-35, իսկ ամենատարեցը 40-45 տարեկան են: Ըստ մեզ հասած պատմական տվյալների՝ հայտնի է միայն Մելիք Եսայու ծննդյան և մահվան տարեթվերը՝ 1720 -1781 թթ, այսինքն նա մահացել է 61 տարեկան հասակում (Магалян 2012, 202): Թաղումներից որևէ մեկը չի պատկանում այդ տարիքի տղամարդու։ Կմախքներից վերցրած նմուշները հստակ թվագրության նպատակով 2017 թվականին ենթարկվեցին C hետազոտության՝ Բելֆաստի թագավորական համալսարանի լաբորատորիայում: Երկուսի նմուշներից լաբորատոր հետազոտության արդյունքում որևէ տվյալ հնարավոր չի եղել պարզել: Մյուս ութ նմուշների համաձայն, թաղումներն իրականացվել են 1727-1844 միջակայքում: Տեսնում ենք, որ որոշները համապատասխանում են Մելիք Եգանի հարազատների թաղումներին և չի բացառվում, որ սա այն տապանատունն է, որը հիշատակվում է տարբեր աղբյուրներում»4։
Չնայած այն հանգամանքին, որ պեղումների ընթացքում մատուռի ներսում մելիքների աճյուններ չեն հայտնաբերվել, մի քանի տապանաքարերի բեկորներ, որոնք գտնվում են անմիջական հարևանությամբ, ապացուցում են նկարագրված մատուռի պատկանելիությունը մելիքական տոհմին։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի մելիքություն, 18-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի և շինարարական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կառույցի մասին տեղեկություններ է հաղորդել ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ (1895)։ 2017 թ․ հուշարձանը պեղվել և ուսումնասիրվել է հնագետ Նժդեհ Երանյանի և ճարտարապետության պատմաբան Մանվել Սարգսյանի կողմից։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
2017 թվականին պեղվել են մատուռ-դամբարանը և հյուսիսային ու հարավային տապանաբակը։ Պեղումների արդյունքում դամբարանում հայտնաբերվել են 14 թաղումներ։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղակապ (չի պահպանվել)
Տանիքը (նյութը, ձևը)
Սրբատաշ սալաքար (պահպանվել են բեկորներ)
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են եղել հիմնականում փոքրաչափ կոպտատաշ և սրբատաշ քարերով ու կրաշաղախով։
Տիպը
Մատուռ-դամբարան Չափերը` երկարությունը
9,10 մ Չափերը` լայնությունը
4,20 մ Պահպանվածությունը`
Ավերակ Արժևորումը
Կարևոր է Դիզակի մելիքական տան պատմության, ինչպես նաև ուշ միջնադարյան հայկական դամբարանաշինության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 75։
2 Նույն տեղում, էջ 75-76։
3 Տե՛ս Ն․ Երանյան, Հ․ Պետրոսյան, 2022, էջ 33-34։
4 Նույն տեղում, էջ 34:
Չափագրություններ
Տող, Դիզակի մելիքների մատուռ-դամբարան
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Ջալալյանց Ս., 2016 - Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Երևան, 2016։
Սարգսյան Մ․ - Սարգսյան Մանվել, անձնական արխիվ, Երևան, Կիևյան 1ա, 24։
.
Մ․Ս․, Ռ․Խ․