«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Պատմաճարտարապետական արգելոց
Հատուկ անունը
«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց
Այլ անվանումներ
Մելիք Եգանի ապարանք
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Մելիք Եգանի ապարանքը կառուցվել է 1737 թվականին։ Պալատի տարածքում Մելիք Եգանի ժառանգների շինարարական գործունեությունը շարունակվել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ 2009-2011 թթ․ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ տարածքում կազմակերպվել և իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում վավերացվել են կիսաքանդ և ամբողջական տարբեր կառույցներ` գլխատուն, ընդունարան, ձիանոց, ինչպես նաև տնտեսական նշանակության այլ շինություններ։ Պեղումներից հետո ապարանքի շենքերի մի մասն ամբողջությամբ վերականգնվել է, մի մասը՝ մասնակի, մյուս մասն էլ՝ ամրակայվել։ Արցախի Հանրապետության կառավարության կողմից 2013 թվականին Դիզակի պալատական և պաշտպանական համալիրի հիմքի վրա ստեղծվել է «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցը՝ որպես ազգային պետականության խորհրդանիշ։ Համալիրի տարածքում իրականացված պեղումների ընթացքում ի հայտ եկած գտածոների հիման վրա ընդունարանի շենքում հիմնվել է հնագիտական թանգարան։ «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցը դարձել էր Արցախյան գինու ամենամյա փառատոնի անցկացման վայրը։

Սկզբնական պատկանելությունը
Տող գյուղ, Դիզակի մելիքություն

Պահպանման միավորի անվանումը
Պատմամշակութային պետական արգելոց

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
1 Մելիք Եգանի ապարանքի բնակելի մաս
4 Ձիանոց
5 Բեկերի բնակելի տներ
6 Սուրբ Հովհաննես եկեղեցի
7 Ղուկաս վարդապետի կացարան
8 Մելիքների դամբարան
9 Բնակելի տուն
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութից 9 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տող գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 833 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի վտակ Թաղոտա գետի ձախ կողմում՝ Տողասար լեռան արևելյան թեքադիր լանջին։
Նկարագրություն
Տողը պատմական Արցախի հայտնի բնակավայրերից մեկն է: Այն հիշատակվում է դեռ միջնադարից՝ որպես շեն ու բարգավաճ քաղաքատիպ ավան։ Գտիչ վանքի պատին արված 1246 թվականի արձանագրության մեջ գյուղը նշվում է որպես վանքապատկան բնակավայր։ 14-րդ դարից սկսած տարբեր քոչվորական ցեղերի ասպատակությունների հետևանքով բնակավայրը հետզհետե կորցրել է իր նախկին կարևորությունը, իսկ պաշտպանական շինությունները և եկեղեցիները ավերվել են։ Արդեն ուշ միջնադարում Առաքել Վարդապետը այն նկարագրում է որպես մեկուկես հազար տնով բարգավաճ, պարսպապատ քաղաք-ամրոց․ «Բերդաքաղաքս ի հնումն բաղկանայր ի հազար ի հինգհարիւր տանց, ըստ շնչագրութեան Պարսից արքային: Ամենեքեան ընտիր վաճառականք, և բազմազանց հարստութեան ճոխացյալք, ընդ ամենայն երկիրս և ի հեռավոր քաղաքս տերութիւնս ցրուեալ և տարակայեալ իւրաքանչիւր ոք ի շահավաճառութեան պարապեալ: Տունս և բնակութիւնս բազմածախ գանձուք զարդարեալ: Նաև զթէատրոն` կազմ և պատրաստ զորանց պատրաստեալ միշտ և յավէտ ձիընթաց արագութեամբ խաղային: Թիւ աղիւսագործ կրպակաց վաճառականաց մինչև ի հազարաւորս հասանէր: Արևելեան կողմ ամուր պարսպապատ պատուարօք ամրացուցեալ. ընդ նմին թողեալ զերիս մեծամեծ դրունս երկաթակակապ կախեալ, բայց մնացյալ կողմանսն ընդ դրութեամբ իւրով փակեալ է թիկնապահ լեառն բարձրաբերձ: Նաև` չորս սագաշեն սրբատաշ կամարակապ կառուցեալ զեկեղեցիս հիմնեալ ի վերայ մասանց սրբոց... Իսկ մինն եկեղեցացն իսպառ աւերեալ աւերեցավ հիմնայատակ, արատաւորեալ էր ի հին ժամանակի յայլազգաց. մնացեալքն ամբողջք են»1։

Տողի ապարանքը պատկանում է 18-րդ դարի սկզբին այստեղ հաստատված մելիքական տոհմին, որի տոհմապետը եղել է Լոռու գավառից այստեղ եկած Ղուկաս քահանան: Ապարանքի ընդունարանի գլխավոր մուտքի արձանագրության և այլ գրավոր աղբյուրների համաձայն՝ Ղուկասի որդի Ավանին 1736 թվականին պարսից Նադիր շահը ցմահ (մինչև 1744 թ․) շնորհել է բեգլարբեկի (իշխանաց իշխան) կարգավիճակ, ինչպես նաև Եգան (միակ) անունը։ Դա հայկական իշխանության կայացման ժամանակաշրջանն էր (1736-1744 թթ․): Վեց մելիքությունները՝ Դիզակը, Վարանդան, Խաչենը, Ջրաբերդը, Թալիշը և Քոչիզը, միավորվեցին մեկ վարչաքաղաքական միավորի մեջ, որը հայտնի է «Խամսա» անունով: Մոտ երկու տասնյակ տարի Արցախի ժողովրդի համար համեմատաբար անվտանգ պայմաններում ինքնուրույն ապրելու հնարավորություն ստեղծվեց։ Այս մասին մելիք Եգանը իր պալատի ընդունարանի շքամուտքի վրա թողել է հետևյալ արձանագրությունը․
«Թվին ՌՃՁԶ (1737)։ | Յիշատակ Է թանապայաս | այս է, որ ես Ղուկազ Վարդայպետի որդի, | որ է իմ անուն Մ[ե]լ[ի]ք Եկան, որ առաջեւ խէլխն գամ | դեռն ինձ կարքեցին քօխ[ա]յ յեդ նորաց, որ օլքան | ղալ դեռ|աւ: Շահ սո|լթան Հուսէյ|նի տղա|յ շահ Թա(h)մաս|իպէ թաքաւ|որի յին[չ] չա|փ ղուլուղ ար[կ]|է, որ պիրաւ | ինձ տունցէ|ս մէլիքութ|ուն դվավ, ա|յլ օսմա|նլուն եկա|վ առավ | ի ձեռ նորայնիցն, | որ ս(ր)ան էլ աս չափ ղ|ուլուղ արկէ, որ պիրեն | Դիզակ, | ես թողեցի ոչ Հայեասդանաս | եսիր գալու, ինձ դ․․․|վավ սօվլ|ղ։ Արաղին Շա|հ Նայդի|ր զօրէղ | թաքաւոր ե|կաւ զօրօք | առաւ օլք|աս ի ձեռե|ս օսմանլ|ուէն անայ։ | Նորայ էս|չափ ղուլուղ արկէ, որ | դրաւ ինձ այս եր Զ (6) մոհիլ|իս, ազկ քր[(ի)սդ(ոն)ե(ա)յ, որ մէկն Թ|ալիշ, մէկն Չար(ա)յպ(եր)թ, մէկն Խա|չան, մէկն Վարանդայ, մէկն Ք|ոչեզ, մէկն Տուզաղ։ Այ|[ս]դունց խանը պակլարպէ|կայ տեղ արար ինձ, չափայղա|թ արաւ։ Օվ որ յեդօվ կար|թէ այս գիրես, իմանայ, որ մեր | որպէսութուն այսպէս եղաւ, մին | ողորմեա այսէ, եղեւ, ամեն»2։
 
Ընդունարանի մուտքը։ Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
 
Հատկանշական է հատկապես այն փաստը, որ մելիք Եգանը իր երկիրն անվանում է Հայաստան: Ուշագրավ է նաև, որ իր իշխանության տակ գտնվող տարածքը գրեթե համընկնում է Արցախի Հանրապետության տարածքին: Համաձայն արձանագրության՝ ակնհայտ է այն ինքնիշխան քաղաքական ուժը, որի հետ հաշվի էին նստում հարևան հզոր ուժերը: Իշխանաց իշխանի տիտղոս ստանալուց հետո Մելիք Եգանը ակտիվ ռազմաքաղաքական և դիվանագիտական գործունեություն է ծավալում՝ ամրապնդելով իր իշխանությունն ու ճանաչումը։ Նա միաժամանակ ձեռնարկում է իր նստավայրի ամրապնդման, տարածքի պաշտպանական շինությունների կառուցման և եկեղեցիների վերականգնման աշխատանքներ:
Ապարանքը կառուցված է Տողի կենտրոնական մասում` առնվազն 8 մ բարձրությամբ թեք լանջի վրա: Շենքերն ու նրանց կառուցվածքը իրենց վրա են կրում թեքադիր ռելիեֆի և այստեղ եղած ավելի հին կառույցների դրոշմը: Հատկապես ուշագրավ է, որ բոլոր շինությունների հիմքում ավելի հին, մասնավորապես՝ պաշտպանական նշանակության զանգվածեղ պատեր են: Ապարանքի տարածքում հայտնաբերվել են առնվազն երեք ժամանակաշրջանների` պայմանականորեն «մինչմելիքյան», «մելիքական» և «հետմելիքյան» կառուցապատման հետքեր:
Մելիքական տոհմի շինարարական գործունեությունը սկիզբ է առնում Ղուկաս քահանայի՝ Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող կամարակապ սենյակի կառուցմամբ, որը քահանայի ընտանիքի առաջին կացարանն էր (այդ կառույցի մնացորդները պահպանվել են մինչ օրս): 1736 թվականին Եգանը վերականգնել է Սուրբ Հովհաննես եկեղեցու տանիքը3, ինչի մասին է վկայում գլխավոր մուտքի արձանագրությունը: 1737 թվականին կառուցվել են մելիքական ապարանքի հիմնական շենքերը` ընդունարանը, բնակելի տները, մուտքի դարպասները:
Հետագայում՝ 1747 թվականին, մելիք Եգանը և նրա որդի մելիք Եսային նորոգել են նաև Տողի Սուրբ Ստեփանոս եկեղեցու տանիքը, այդ մասին նույնպես արձանագրված է եկեղեցու դռան ճակատակալ քարի վրա4։

Մելիքական շրջանի շենքերի պատերի մեջ ագուցված են ավելի վաղ շրջանի շինություններից քարեր: Համալիրի հարավարևելյան կողմում 20-րդ դարի սկզբին կառուցված եռահարկ երկու բնակելի շենքերը մելիքական ապարանքի վերջին կառույցներն են: Ցայսօր տարածքում պահպանվել են 20-րդ դարի սկզբի բնակելի տներ` իրենց տնամերձ հողամասերով: Մելիքական շրջանի անվնաս մնացած գրեթե բոլոր շենքերը հետագայում օգտագործվել են որպես տնտեսական շինություններ:



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի մելիքություն, 18-20-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրությունների

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
1737 թվականին կառուցվել են մելիքական ապարանքի հիմնական շենքերը` ընդունարանը, բնակելի տները, մուտքի դարպասները: Իշխանական ապարանքի կառուցապատումը շարունակվել է մինչև 20-րդ դարի սկիզբը։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տողի մելիքական ապարանքի մասին հիշատակում են ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» երկասիրության մեջ, Առաքել Վարդապետ Կոստանյանցը «Դիզակի մելիքութիւնը» (նիւթեր հայ մելիքութեան մասին) ուսումնասիրության մեջ և Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը «Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան» աշխատության մեջ։ Տողի մելիքական ապարանքին անդրադարձել է նաև ճարտարապետ Արտակ Ղուլյանը «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» գրքում։ Հոդվածներով հանդես են եկել Հակոբ Փափազյանը (Մելիք Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը, Լրաբեր հասարակական գիտությունների) և Մանվել Սարգսյանը (Մելիքական բնակելի համակառույց Տող գյուղում, Պատմա-բանասիրական հանդես)։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Բնակելի, հոգևոր և պաշտպանական համալիր
Չափերը` տարածքի մակերեսը
Համալիրն ընդգրկում է շուրջ 3,5 հա։
----------------------------
1Կոստանյանց Ա․, 1913, էջ 7-8: 

2Արձանագրությունն առաջին անգամ վերծանել է վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։ Այն որոշ վրիպակներով հրատարակվել է «Դիվան Հայ վիմագրության» V պրակում (էջ 180-181)։
Տե՛ս նաև Հակոբ Փափազյանի «Մելիք Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը» հոդվածը։

3Տե՛ս Բարխուտարեանց Մ., 1895, էջ 74:

4Տե՛ս նույն տեղը, էջ 77։

Չափագրություններ
Տողի ճարտարապետական արգելոցի հատակագիծը
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Կոստանյանց Ա․, 1913 - Առաքել Վարդապետ Կոստանյանց, Դիզակի մելիքութիւնը (նիւթեր հայ մելիքութեան մասին), պրակ Ա, Վաղարշապատ, 1913:


Ջալալեանց Ս., 1858 - Սարգիս արքեպիսկոպոս Ջալալեանց, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մաս Բ, Տփխիս, 1858։

Րաֆֆի, 1959 - Րաֆֆի, Խամսայի մելիքությունները, Երկերի ժողովածու, հ․ 10, Երևան 1959։

Սարգսյան Մ․, 1987 - Սարգսյան Մանվել, «Մելիքական բնակելի համակառույց Տող գյուղում», Պատմա-բանասիրական հանդես, Երևան, № 1987։

Սարգսյան Մ․ - Սարգսյան Մանվել, անձնական արխիվ, Երևան, Կիևյան 1ա, 24։

Փափազյան Հ․, 1985 - Փափազյան Հակոբ, Մելիք Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը, Լրաբեր հասարակական գիտությունների, 1985։

.
Մ․Ս․