Դահրավ, Սառա նահատակի մատուռ-սրբատեղիի գերեզմանոց, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է ամենայն հավանականությամբ 10-11-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։ Հուշարձանը տեղաշարժված է, ինչի մասին է վկայում ծառին հենած դիրքը։
2023 թվականի սեպտեմբերից Դահրավ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրավ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դահրավ գյուղից 3,2 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ լեռան գագաթին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1645 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի Պտրեցիք և Մեղրագետ վտակների ջրբաժան լեռնաճյուղի վրա՝ Մեղրագետի Ցրտագետ վտակի ակունքամերձ հատվածում։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Սուրբ Սառա նահատակ սրբատեղիի գերեզմանոցի կենտրոնական մասում՝ ծառին հենած։ Սա ենթադրության հիմք է տալիս, որ հուշարձանը հետագայում բնակիչների կողմից տեղաշարժվել է՝ ելնելով պահպանական նկատառումներից։
Փոքր չափերի խաչքարն իր պատկերագրական առանձնահատկություններով վերաբերում է 10-11-րդ դարերին։ Կենտրոնական մասում՝ կիսաշրջանաձև խորանի ներքո, հիմնախաչն է, որի խաչաթևերը պսակվում են զույգ շրջանաձև ելուստներով։ Հորիզոնական խաչաթևերի ստորին երկու կողմերում մեկական փոքր խաչաքանդակ է պատկերված՝ խաչաթևերի զույգ շրջանաձև ելուստներով։ Խաչի հիմքից աջ և ձախ ուղղվածությամբ դեպի վեր են բարձրանում արմավաճյուղերը, որոնցից ձախակողմյանը ամբողջությամբ հողմահարված է։ Կենտրոնական հորինվածքը ներառված է վերևում շրջանաձև, պարանահյուս զարդագոտու մեջ։ Խաչքարն ունի պատվանդանի մեջ ագուցելու համար նախատեսված սրածայր հիմք։
Հուշարձանը ներառված չէ ԱՀ կառավարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար, 10-11-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարի պատկերագրության, ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2021 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից Սուրբ Սառա նահատակի մատուռի տարածքում կատարված դաշտային ուսումնասիրությունների շնորհիվ խաչքարը հայտնաբերվել և տեղում վավերացվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր պատմամշակութային նշանակություն ունի Դահրավ գյուղի պատմության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․