Մատաղիս, Սուրբ Եղիշե եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Եղիշե
Այլ անվանումներ
Սուրբ Եղիշա

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1898 թվականին և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նշանակությամբ։ Անկախության շրջանում եկեղեցին մաքրվել և բարեկարգվել է։ 2020 թվականի հոկտեմբերից Մատաղիս գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Համացանցում հայտնված ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերը փաստում են, որ եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի։ Եկեղեցում կեղծ ծիսակատարություններ են իրականացվել ուտի «հոգևորականների» և «ուխտավորների» մասնակցությամբ։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մատաղիս

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական տարբեր ժամանակներում Մատաղիսը մաս է կազմել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք, Մեծ Առանք, Ներքին Խաչեն գավառների (հետագայում՝ Ջրաբերդի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան Մատաղիս

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մատաղիսի արևմտյան հատվածում՝ գյուղի հին թաղամասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 432 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի ձախ կողմում՝ Մատաղիսի ջրամբարի ափին։
Նկարագրություն
Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի հին թաղամասի հարավարևելյան եզրին է գտնվում Սուրբ Եղիշե եկեղեցին։ Համաձայն արձանագրության՝ շինարարությունն սկսվել է 1892 թվականին և ավարտվել 1898-ին։ Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր աշխատության մեջ անդրադարձել է գյուղին և դեռևս չօծված եկեղեցուն․ «ՄԱՏԱՂԻՍ ՇԷՆ. Հիմնարկուած է Թարթառ գետի ձախ ափի վերայ Պառաւի կամրջից փոքր ինչ վերև. խոր ձոր է գիւղիս տեղն և բարձր լեռներ շրջապատած են գրեթէ չորս կողմերն. իսկ Թարթառն վշվշալով և մռմռալով հոսում է շինիս ստորին կողմով: Բնակիչք բնիկ, հողն արքունի, սակաւ և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, եկեղեցին նորաշէն, կիսատ և դեռ անկնունք, 15 մետր 50 ս. երկարութիւն 8 մետր 50 սանթիմ լայնութիւն. քահանան գալիս է Վարնկաթաղից: Ծուխ 35, ար. 90, իգ. 75»1։

Եկեղեցին կառուցված է տեղական միջին չափի քարերով, կրաշաղախով և ավազաքարով։ Հարավային պատն արտաքուստ երեսպատված է կիսամշակ և սրբատաշ դեղին կրաքարերով։ Սրբատաշ են սյուների, կամարների և բոլոր բացվածքների շրջանակների քարերը։

Կառույցը ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղածածկ սրահ է, որի համաչափ կառուցվածքը շեշտում է ներքին տարածքի հանդարտ վեհությունը։ Կողային համեմատաբար նեղ նավերի թաղերը խարսխված են հյուսիսային ու հարավային պատերի որմնամույթերին և կենտրոնական չորս մույթերից բարձրացող կամարներին։ Դրանց միջև վեր է խոյանում կենտրոնական, ավելի լայն ու բարձր նավը, որի թաղը հենվում է նույն այդ մույթերից և խորանի երկու որմնամույթերից սկիզբ առնող կամարներին։ Այս համաչափ ու ներդաշնակ համակարգը ոչ միայն կերտում է սրահի կառուցողական ամրությունը, այլև ստեղծում է լուսաշատ, տարածականորեն բաց և տպավորիչ միջավայր։

Արևելյան կողմում գտնվում է կիսաշրջանաձև խորանը՝ կից ավանդատներով։ Իր տեղում դեռևս պահպանվել է խորանի վարագույրի փայտյա ձողը։ Խորանի կողապատերին կան փոքրաչափ պատրհաններ։ Բեմը բարձրադիր է, և նրա երկու կողմերից դեպի խորան են բարձրանում չորսական աստիճաններ։ Բեմառէջքին և այլ հատվածներում փոքրիկ, պարզ խաչապատկերներ են քանդակված։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ ավանդատան մուտքի մոտ, մկրտության ավազանն է՝ տեղադրված կամարակապ խորշի մեջ։ Հարավային կողմից բացված միակ մուտքը կամարաձև է։ Այն արտաքուստ հարդարված է խաչաձև շրջանակով։ Մուտքի վերնամասում՝ կամարին և կողերին, փորագրված է շինարարական արձանագրությունը․ «Շինուեցաւ Սուրբ Եղիշէի եկեղեցիս արդեամբն | Մատաղիսու միաբան ժո(ղո)վուրդականաց։ Սկսւա|ծ է | 1892 թ., աւար|տւած է | 1898 թ.»։ Արձանագրությունից վեր՝ կենտրոնում, ագուցված է պարզ ելնդավոր խաչաքանդակ։

Եկեղեցին լուսավորվում է վեց լուսամուտներով, որոնցից երեքն արևելյան կողմում են, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։ Արևելյան և արևմտյան լուսամուտները փոքր են, կամարաձև և ունեն դեպի ներս լայնացող կառուցվածք։ Հարավային լուսամուտները բացված են մուտքի երկու կողմերում, կիսակամար են և չափերով մեծ։ Երկթեք տանիքի ծածկասալերը չեն պահպանվել։ Ներսից պատերը սվաղված են և կրապատված։




Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
 
  
 
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնասպիտակավուն կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի վեց լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, (ծածկասալերը չեն պահպանվել)  
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափի քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարով են կառուցված բոլոր բացվածքները, սյուները, կամարները և հարավային պատի արտաքին ճակատը։

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
15,5 մ
Չափերը` լայնությունը
8,5 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մատաղիս գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ս․Դ․, Ա․ Լ-Ե․