Թալիշ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Ամենափրկիչ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1894 թվականին և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակով։ Արցախի անկախության շրջանում եկեղեցին մաքրվել և բարեկարգվել է։ 2020 թվականի հոկտեմբերից Թալիշ գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական տարբեր ժամանակներում Թալիշը մաս է կազմել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք գավառի (հետագայում՝ Գյուլիստան), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 652 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Ինջա գետից 4 կմ հարավ։ Նկարագրություն
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի կենտրոնական հատվածում՝ Խլափանց և Երի թաղերի միջև է գտնվում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Եկեղեցու մասին պատմական տվյալները շատ սուղ են։ Հատկանշական է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի անդրադարձն այս կառույցին․ «․․․․ եկեղեցին նորաշէն, կառուցեալ հասարակութեան ծախքով չորս միապաղաղ սիւների վերայ, որ ունի 21 մետր 85 սանթիմ երկարութիւն, 13 մետր լայնութիւն․ երկու դուռն հարաւային և հիւսիսային կողմից․ քահանայ մի»1։
Կառույցը ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղածածկ սրահ է, որի հզոր ու խիստ համաչափ կառուցվածքը շեշտում է ներքին տարածքի հանդարտ վեհությունը։ Կողային համեմատաբար նեղ նավերի թաղերը խարսխված են հյուսիսային ու հարավային պատերի որմնամույթերին և կենտրոնական չորս մույթերից բարձրացող կամարներին։ Դրանց միջև վեր է խոյանում կենտրոնական, ավելի լայն ու բարձր նավը, որի թաղը հենվում է նույն այդ մույթերից և խորանի երկու որմնամույթերից սկիզբ առնող կամարներին։ Այս համաչափ ու ներդաշնակ համակարգը ոչ միայն կերտում է սրահի կառուցողական ամրությունը, այլև ստեղծում է լուսաշատ, տարածականորեն բաց և տպավորիչ միջավայր։
Արևելյան կողմում գտնվում է կիսաշրջանաձև խորանը՝ կից ավանդատներով։ Բեմը բարձրադիր է, և նրա երկու կողմերից դեպի խորան են բարձրանում չորսական աստիճաններ։ Խորանի կողապատերին բացված են փոքրաչափ պատրհաններ։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ ավանդատան մուտքի մոտ, մկրտության ավազանն է՝ տեղադրված կամարակապ խորշի մեջ։ Ի սկզբանե եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ հարավային և հյուսիսային կողմերում։ Հետագայում հարավային մուտքը փակվել է։ Հյուսիսային մուտքն ունի կամարաձև բացվածք, որն արտաքուստ եզերված է կրկնակամար շրջանակով։ Եկեղեցին լուսավորվում է ինը լուսամուտներով։ Եկեղեցու հյուսիսային պատին բացված են երկու, իսկ հարավային պատին՝ երեք մեծաչափ լուսամուտներ՝ կիսակամար վերնամասով։ Դրանց լրացնում են արևելյան և արևմտյան կողմերի փոքրաչափ լուսամուտները, որոնք ունեն դեպի ներս լայնացող կառուցվածք՝ ապահովելով ներքին տարածքի հավասարաչափ լուսավորությունը։ Արևելյան երեք լուսամուտներից կողային երկուսը լուսավորում են ավանդատները, իսկ կենտրոնականը՝ խորանը։ Արևմտյան ճակատի կենտրոնական հատվածում բացված է ևս մեկ լուսամուտ, որը լրացնում է ընդհանուր համակարգը և հավասարակշռում եկեղեցու ներքին լուսավորությունը։ Տանիքը երկթեք է և ծածկված թիթեղով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Եկեղեցու հիմնադրման վերաբերյալ տեղեկություն է փոխանցել բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։
«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում» Թալիշի եկեղեցու կառուցման վերաբերյալ սխալմամբ նշվում է 1899 թվականը2։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնասպիտակավուն կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու մուտք հյուսիսից և հարավից, որոնցից վերջինը փակված է։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի ինը լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան, երեքը՝ հյուսիսային, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան կողմից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղապատ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափի քարերով և կրաշաղախով։ Պատերը շարված են հիմնականում կիսամշակ քարերով, սրբատաշ կրաքարից են բոլոր բացվածքների շրջանակները, մույթերը և կամարները։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
22 մ Չափերը` լայնությունը
12 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Թալիշ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 226։
2 Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., 1986, էջ 396։
Չափագրություններ
Թալիշ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ