Շահմասուր, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Այլ անվանումներ
Ապուն խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13-րդ դարերում։ Խորհրդային տարիներին խաչքարը տապալվել էր: Այն վերստին կանգնեցվել և վերածվել է սրբատեղիի 20-րդ դարի 90-ական թվականներին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Շահմասուր գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Շահմասուր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Իրանք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Շահմասուր։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Շահմասուր

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Շահմասուր գյուղից 730 մ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1270 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում` գետից 2,5 կմ հյուսիս։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից 730 մ հյուսիս-արևմուտք` Ճղպրաթաղ1 կոչվող տարածքում։ Հայտնի չէ խաչքարի նախնական տեղադրության վայրը, ինչպես նաև այն կանգնեցնելու նպատակը և նշանակությունը։ Խաչքարը վերստին կանգնեցնելու մասին ԱՀ ԿԳՄՍ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին պատմել է շահմասուրցի Միրզա Էմիրյանը, որի վկայությամբ խաչքարը երկար տարիներ երեսնիվայր ընկած է եղել։ Միրզայի հայրը՝ Իմիրանց Սերյոժան, որ վատառողջ էր, երազում տեսնում է, թե ինչպես աներևույթ մի ձայն իրեն հորդորում է Ճղպրաթաղ տարածքի ընկած այդ խաչքարը կանգնեցնել։ Իմիրանց Սերյոժան իր երկու որդիների օգնությամբ վերստին կանգնեցնում է տապալված խաչքարը, դրանից հետո նա ապաքինվում է։ Այդ օրվանից «հրաշագործ» խաչքարը սրբատեղի է դառնում ոչ միայն Սերյոժայի ընտանիքի, այլև ազգատոհմի և մյուս շահմասուրցիների համար, իսկ սրբատեղին հայտնի է դառնում Ապուն խաչքար2 անվանմամբ։

Խաչքարը միջին չափերի, հիմքից դեպի վեր լայնացող ուղղանկյունաձև կոթող է։ Կենտրոնական ծաղկած խաչը երկու կողմերից և վերևից շրջապատված է լայն և անկանոն հյուսկեն զարդագոտով։ Թևերի եռաբողբոջ վերջավորություններով և հյուսվածազարդ հորինվածքով ծաղկած խաչի հիմքից սկիզբ է առնում և դեպի երկու կողմ տարածվելով՝ վեր բարձրանում մեկական գալարապտույտ խաչարմատ, որ ավարտվում է դասական արմավաճյուղերով։
Հատկապես ուշագրավ է խաչքարի ստորին հատվածում՝ խաչարմատից ցած քանդակված զինվորի պատկերաքանդակը՝ ձեռքերը կոնքերին դրած և սուրը գոտուց կախած։ Վերջինս ունի երկար ու սրածայր մորուք և գլխին կրում է հավանաբար սրածայր գլխարկ։ Նրա երկարափեշ զգեստի տակից երևում են դեպի ձախ ուղղված ոտքերը։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2022 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն ավազաքար

Չափերը` լայնությունը
68 սմ
Չափերը` բարձրությունը
128 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
15 սմ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի միջնադարյան խաչքարարվեստի, ինչպես նաև Շահմասուր գյուղի ժողովրդական ավանդությունների և ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Ճղպրաթաղ կամ Ճղոպուրի թաղ տեղանունը առաջացել է ճղոպուր (ընկույզ) բառից և նշանակում է ընկուզենիների թաղ կամ ընկուզենուտ։

2 Ապուն խաչքար, Արցախի բարբառով նշանակում է հայրիկի խաչքար։ Տե՛ս ներքոնշյալ հղմամբ։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․ Ա․ Լ-Ե․