Դրմբոն, Մաչախա խաչ սրբատեղի, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Մաչախա խաչ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 11-12-րդ դարերում` որպես գերեզմանակոթող։ Հետագայում կանգնեցվել է Դրմբոնից Մեհմանա տանող դաշտամիջյան ճանապարհի եզրի բարձրադիր հատվածում և ծառայել որպես սրբատեղի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Պատկանում է Մաչախ գյուղատեղիի միջնադարյան գերեզմանոցին։

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Կուենք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Դրմբոն։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Դրմբոն

Տեղագրությունը
Գտնվում է Դրմբոն գյուղից 1,5 կմ արևելք՝ Մաչախ կոչվող տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհի եզրի բարձրադիր հատվածում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 946 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու գետի աջ կողմում՝ Սարսանգի ջրամբարից 2,2 կմ հարավ։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Մարտակերտի շրջանի Դրմբոն բնակավայրից 1,5 կմ արևելք՝ Մեհմանա տանող դաշտամիջյան ճանապարհին՝ Մաչախա խաչ սրբատեղիում։ Այն պատկանում է վիմագրական աղբյուրներում հիշատակված Մաչախ (Մաչեղ)1 անունով գյուղի գերեզմանոցին։ Գյուղատեղիի միջնադարյան գերեզմանոցի տարածքը խորհրդային տարիներին հերկվել է։ Բազմաթիվ կոթողներ տեղափոխվել են մոտակա չմշակվող տարածքներ՝ դրանց թվում նաև այս մեծադիր խաչքարը, որը մեկ այլ խաչքարի հետ հետագայում կանգնեցվել է ճամփեզրի բարձրադիր հատվածում։

Անկանոն ուղղանկյունաձև սալաքարի դիմային հատվածում՝ նույնպես ուղղանկյունաձև խաչախորանի ներքո, գտնվում է զույգ բողբոջաձև խաչաթևերով մեծադիր ծաղկած խաչը։ Հիմնախաչի ստորին ձախ և աջ մասերում առկա են եղծված, դժվարնկատելի խաչաքանդակներ։ Կենտրոնական հորինվածքը երկու կողմից շրջապատված է պարանահյուս լայն զարդագոտով, որը վերևում ամբողջանում է գալգալիմի մշտարթուն և քառադեմ անիվները խորհրդանշող երեք անվազարդերով։

Խաչքարը մրապատ ու մոմապատ է, ինչը վկայում է դրմբոնցիների համար սրբավայրի և կոթողի կարևորության մասին։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 12-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2022 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հնագետ Գագիկ Սարգսյանի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Հնագետը տարածքում դիտարկել է նաև կուրգանային դամբարանաբլուր, իսկ սրբատեղիի հուշարձանները թվագրել է 11-12-րդ դարերով։

Պատմական համառոտ տեղեկանք

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանակոթող
Չափերը` լայնությունը
62 սմ
Չափերը` բարձրությունը
160 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
33 սմ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Հուշարձանը կարևոր պատմամշակութային նշանակություն ունի Խաչենի իշխանության Մաչախ գյուղատեղիի պատմության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Մաչախ գյուղը գտնվել է ներկայիս Դրմբոն գյուղի արևելյան մասում, որտեղ դեռևս պահպանվել են որոշ հետքեր։ Գյուղը «Մաչեղ» անվամբ առաջին անգամ հիշատակվել է 1240 թվականին Գանձասարի եկեղեցու հյուսիսային պատին փորագրված իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ծավալուն շինարարական արձանագրության մեջ։
Տե՛ս Բարխուդարյան Ս․, 1982, էջ 38։

Լուսանկարներ