«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց | Գլխատուն
Հուշարձան
Տիպային անվանումը
Գլխատուն
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գլխատունը կառուցվել է 19-րդ դարի սկզբին և որպես բնակելի կառույց՝ օգտագործվել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Հետագայում շենքն օգտագործվել է բացառապես տնտեսական նպատակներով։ Մելիքական ապարանքի տարածքում 2009-2011 թթ․ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հնագիտական պեղումների ժամանակ մաքրվել, ուսումնասիրվել և մասնակի վերականգնվել է նաև գլխատունը։ 2020 թվականի հոկտեմբերին Տող գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Համաձայն Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկությունների՝ իրազեկվում ենք, որ հուշարձանը ներկայումս ենթարկվում է բռնայուրացման և օտարացման։ Ադրբեջանական իշխանությունները իրականացնում են գյուղի և արգելոցի հուշարձանների մահմեդականացման ակնհայտ գործընթաց։

Սկզբնական պատկանելությունը
Դիզակի մելիքություն, Տող ավան

Պահպանման միավորի անվանումը
Գլխատուն
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութից 9 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տող գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 834 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի վտակ Թաղոտա գետի ձախ կողմում՝ Տողասար լեռան արևելյան թեքադիր լանջին։
Նկարագրություն
Գլխատունը գտնվում է Տողի մելիքական ապարանքի գրեթե կենտրոնական հատվածում։ Կառույցը պատկանում է ժողովրդական բնակելի տան այն տիպին, որը տարածված էր Արցախում մինչև 19-րդ դարի կեսերը և ներկայացնում էր բնակելի տան հիմնական տարբերակ՝ կիրառելի հասարակության բոլոր խավերի համար։ Գլխատունը բնորոշ էր մեկ տանիքի տակ գերդաստանով ապրող նահապետական ընտանեկան կառուցվածքին։ Շինության մակերեսը կազմում է մոտ հարյուր քառակուսի մետր։ Գլխատունը պսակված է բրգաձև փայտյա ծածկով և ծխի համար բացված երդիկով։ Այդպիսի ծածկը կառուցվում էր փայտյա գերաններով, որոնք, աստիճանաբար նեղանալով, կազմում էին կառույցի տանիքը։ Նմանատիպ ճարտարապետական լուծումները հայտնի են հազարաշեն անվանմամբ։ Հազարաշենի կառուցվածքը հնարավորություն է տալիս կարճ գերաններով կամ չորսուներով համեմատաբար մեծ թռիչքներ ծածկել։ Հետո ամբողջ տանիքը պատվում է տոփանած կավահողով։ Որպես կանոն, Արցախի գլխատներն ունեն լայն նախամուտք-սրահներ՝ փայտյա սյուների վրա հենված, կավե շերտով պատած փայտաշեն ծածկով։

Մելիքական ապարանքի գլխատունը ներքուստ 10x9 մ չափերով ուղղանկյուն շինություն է։ Փայտյա սյուների քարե քառակուսի խարիսխները, որոնք դեռևս պահպանված են, վկայում են կառույցի գերանակապ հազարաշեն ծածկի մասին։
Միակ մուտքը բացված է կառույցի հարավային պատի արևելյան անկյունից՝ նախասրահի կողմից։ 21-րդ դարում գլխատնից պահպանվել են երկուսուկես մետր բարձրությամբ պատերի մնացորդները, փայտյա սյուների երեք քարե խարիսխները, կենտրոնական օջախը, բուխարին և երկու կիսավեր խորշերը: Գլխատան փայտյա կառուցվածքը բացակայում է։ Պահպանվել են շքամուտքի երկու ստորին անկյունաքարերը և նախամուտք-սրահի ամբողջ հատակը։
Օջախը սրահի կենտրոնում է՝ անմիջապես ծխանցքի տակ։ Պեղումներից հայտնաբերված կենտրոնական օջախը ուղղանկյունաձև է։ Այն հրակայուն, սրբատաշ քարից է և վկայում է գլխատան տերերի նյութական ապահովության մասին։ Նման օրինակներ Արցախի այլ գլխատներում առ այսօր հայտնի չեն։
Հարավարևմտյան պատի մեջ ներքուստ կան բուխարի և երկու խորշեր։ Հայտնաբերվել է նաև բուխարիի սրբատաշ քարերից մեկը, որը թույլ է տվել վերականգնել այն ամբողջությամբ և թվագրել։
Պատերը շարված են կոպտատաշ քարով և կրաշաղախով, ներքուստ սվաղված են։ Մուտքի դռան պահպանված մանրամասները փաստում են, որ կառույցն ունի այդ շրջանին բնորոշ մեծ կամարակապ շքամուտք՝ իրականացված սրբատաշ քարով։ Տող գյուղի տարածքում մինչ օրս պահպանվել են նմանատիպ շքամուտքեր, որոնք թույլ են տվել վերակառուցել վերականգնվող գլխատան շքամուտքն ամբողջությամբ։
Գլխատան հարավարևելյան պատի ստորին մասի հաստ շարվածքը վկայում է, որ այն կառուցվել է 18-րդ դարում։ Շքամուտքի երկու կողմերում նոր շարվածքն ավելի բարակ է և մատնանշում է հին և նոր կառուցապատումների շերտերը։
Հարավարևելյան ամբողջ ճակատի երկայնքով 3,6 մ լայնությամբ նախամուտք-սրահն է։
Գլխատան նույնատիպ ծավալահատակագծային կառուցվածքով շինություններ են հայտնաբերվել և ուսումնասիրվել նաև Արցախի և Սյունիքի այլ տարածքներում։


Արցախում տիպարային սխեմայով տարածված գլխատան համալիր նկարագրությունը առաջին անգամ տվել է ազգագրագետ, պատմաբան Ստեփան Լիսիցյանը (Лисициан Ст., «К изучению армянских крестьянских жилищ (Карабахский карадам)», «Известия Кавказского историко-археологического института», Тифлис, 1925, т․ III, ст․ 97-108)։

Նմանատիպ կառույցների մանրամասն չափագրումներն ու նկարագրությունները ներկայացված են ճարտարապետության պատմաբան Նուբար Պապուխյանի «Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը» մենագրության մեջ (1972), ինչպես նաև ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան Սողոմոն Վարդանյանի «Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետություն» գրքում (1959):

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի մելիքություն, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Գլխատունը կառուցվել է 19-րդ դարում։ Հետագայում շինության ներսում՝ հյուսիսարևելյան անկյունում, կառուցվել է թոնիր, որի հետևանքով անհետացել է հենասյուներից մեկի քարե խարիսխը։ Եվս մեկ թոնիր կառուցվել է նախամուտք-սրահի հյուսիսարևելյան անկյունում։ Հյուսիսարևելյան պատի կենտրոնում հայտնաբերվել է լայն բացվածք, որը ուշ շրջանի շինարարական աշխատանքների արդյունք է։ Սվաղի շերտը ամբողջությամբ թափվել է։ Գլխատանը կից, ինչպես նաև սրահի տարբեր մասերում հայտնաբերվել են կառույցի սալահատակի հարթ քարերը։
2009-2017 թթ․ «Տողի մելիքական ապարանքներ» արգելոցի տարածքում իրականացված աշխատանքների շարքում մասամբ վերականգնվել է նաև գլխատունը։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տողի մելիքական ապարանքի մասին հիշատակում են ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» երկասիրության մեջ, Առաքել Վարդապետ Կոստանյանցը «Դիզակի մելիքութիւնը» (նիւթեր հայ մելիքութեան մասին) ուսումնասիրության մեջ և Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը «Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան» աշխատության մեջ։ Տողի մելիքական ապարանքին անդրադարձել է նաև ճարտարապետ Արտակ Ղուլյանը «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» գրքում։ Հոդվածներով հանդես են եկել Հակոբ Փափազյանը (Մելիք Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը, Լրաբեր հասարակական գիտությունների) և Մանվել Սարգսյանը (Մելիքական բնակելի համակառույց Տող գյուղում, Պատմա-բանասիրական հանդես)։

2009-2016 թթ․ Տողի մելիքական ապարանքների տարածքում պեղման, ուսումնասիրման աշխատանքներ են իրականացրել հնագետներ Գագիկ Սարգսյանը, Աղավնի Ժամկոչյանը, Ֆրինա Բաբայանը, Տիգրան Ալեքսանյանը և ճատարապետության պատմաբան Մանվել Սարգսյանը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
2009 թ. կատարված պեղումները, խուզահորանումներն ու չափագրություններն ի հայտ են բերել յուրահատուկ մանրամասներ, որոնք հնարավորություն են ընձեռել պարզաբանելու շենքի կառուցվածքի մի շարք առանձնահատկություններ և նրա կառուցման պատմությունը:

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Միակ մուտքը բացված է հարավարևելյան կողմից։

Տանիքը (նյութը, ձևը)
Գերանակապ, կավածեփ (չի պահպանվել)

Տիպը
Բնակելի տուն
Չափերը` երկարությունը
10 մ
Չափերը` լայնությունը
9 մ
Չափերը` տարածքի մակերեսը
87 քառ․ մ
Արժևորումը
Կարևոր է Արցախի ժողովրդական բնակելի տների գլխատների ճարտարապետական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար։
Չափագրություններ
«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց, Գլխատուն
Նախագծի գլխավոր ճարտարապետ՝ Մանվել Սարգսյան

Չափագրությունը և գրաֆիկական կատարումը ՝ Ռուզաննա Խարազյանի

Լուսանկարներ