Կարմիր գյուղ (Դռնավարզ), որմնափակ խաչքար, կոթող № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Այլ անվանումներ
Պեմի (Բեմ) խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սրբատեղի
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 16,5 կմ հարավ։  
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 2,3 կմ հյուսիս-արևմուտք՝ Աղին նահատակ վանքից 300 մ հյուսիս։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1295 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,5 կմ հյուսիս՝ Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում էր Կարմիր գյուղի Աղին նահատակ կամ Խաչին տակ սրբավայրից 300 մ հյուսիս գտնվող Պեմ (Բեմ) կոչվող 11-րդ դարի որմնափակ խաչքարի տարածքում։ Վերջինիս մասին հիշատակել է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․ «․․․․սրբատաշ, չիչ քարով շինուած բեմն, որ ունի երեք մետր լայնութիւն, 2 հաստութիւն և 5 մետր բարձրութիւն։ Բեմիս արևմտահայեաց ճակատում զետեղուած է երեք գեղեցկաքանդակ և նրբագործ խաչարձան, որոց վերև գրուած է․ «Թվ․ ՇԻ․ կամաւ ամենակալին Աստուծոյ ես․․․Գրիգոր․․․Աստուծոյ միաբան եղբարքս լա ․․․զխաչս իշխանութեան․․․և հայրապետութեան․․․ Օհանէսի տէր Ներսէսի ո․․․ աղաւթեցեք» »1։ 
Ցավոք գրությունն ու խաչքարերից մեկը չեն պահպանվել։ Տեղաբնակ Ս․ Ստեփանյանի կողմից խաչքարը տեղափոխվել է Կարմիր գյուղ՝ ապահովության նպատակով։ Հետագայում վերջնական հանգրվան է գտել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախասրահում։


Կենտրոնում` կիսակլոր խորանի ներքո, մեծադիր, ամբողջությամբ հյուսվածազարդ, խաչաթևերի եռաբողբոջ վերջավորություններով ծաղկած խաչն է։ Վերջինիս վերնամասում` ուղղահայաց խաչաթևի կենտրոնից աջ և ձախ են տարածվում երկու ճյուղ և գեղեցիկ հյուսածո հորինվածքով կազմում են խաչախորանի կամարը, որի երկու կողմից կախված են խաչածառի պտուղները։ Հորիզոնական թևերից ցած` խաչարմատից աջ և ձախ բարձրացող զույգ ճյուղերի վրա, երկու փոքր, պարզ խաչաքանդակներ են։ Երկուսն էլ խաչաթևերի զույգ կլոր վերջավորություններ ունեն և ընդգրկված են ուղղանկյունաձև շրջանակների մեջ։
Խաչքարի ստորին կենտրոնական հատվածում ոչ մեծ չափերի, ծաղկանման հորինվածքով վարդյակ է քանդակված, որից և հիմք է առնում կենտրոնական խաչը։ Վարդյակի շուրջբոլորը ծածկված է բուսական զարդանախշերով, որոնք լավ չեն պահպանվել։

Կենտրոնական խաչն ու վադյակը երկու կողմից ընդգրկված են զարդագոտի շրջանակի մեջ, որը հմտորեն համադրում է երեք տարբեր զարդաձևեր։ Շրջանակը վերևից ամբողջացնում է լայն, ամբողջությամբ հյուսվածազարդ քիվը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության (չի պահպանվել)։

Կառուցման մասին արձանագրությունը մեզ է փոխանցել ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարն ընդգրկող հուշարձանը կերտվել է 1071 թվականին։ Ծառայել է որպես սրբատեղի։ Խորհրդային տարիներին ավերվել է։ Հետագայում խաչքարը տեղափոխվել է գյուղամիջյան եկեղեցու նախասրահ։ Գյուղը 2023-ի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Պատմական համառոտ տեղեկանք
Խաչքարի մասին որևէ տեղեկություն չկա։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար
Տիպը
Խաչքար
Չափերը` լայնությունը
60 սմ
Չափերը` բարձրությունը
110 սմ
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Կարմիր գյուղի պատմամշակութային, հոգևոր ժառանգության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ