Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Քյուրաթաղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Մաքումի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կերտվել է 1683 թվականին և ագուցվել եկեղեցու պատին։

Սկզբնական պատկանելությունը
Քյուրաթաղ գյուղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մաս է կազմել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի, հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քյուրաթաղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քյուրաթաղ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 6,3 կմ հյուսիս։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քյուրաթաղ գյուղի հարավարևմտյան հատվածում։ Ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին՝ մուտքից դեպի արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 717 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ գետից 4,16 կմ հարավ։
Նկարագրություն
Խաչքարն ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին՝ մուտքի արևմտյան կողմում։ Փոքր չափերի այս խաչքարն առանձնանում է իր պատկերագրությամբ։ Հորինվածքի կենտրոնում՝ սլաքաձև խորանի ներքո, 17-րդ դարի խաչքարարվեստում տարածված, ամբողջությամբ պարանահյուս ծաղկած խաչն է, որն առանձնանում է խաչաթևերի լայն ծաղկահյուս վերջավորություններով։ Խաչի հիմքից դեպի աջ ու ձախ են տարածվում մեկական երկար ցողուն, որոնցից յուրաքանչյուրը պսակվում է մեկական վեցթերթանի շուշան ծաղկով։ Հատկապես ուշագրավ է աջ և ձախ ցողուններին կից անիվների առկայությունը, որը ներկայացնում է այն խաչակառքը, որի վրա բարձրացավ Էմմանուելը և ստուգապես կառավարելով` ավար առավ գերվածներին1:

Արձանագրությունը գտնվում է խաչքարի վերնամասում․ «Յիշ(ա)տ(ակ) է ս(ուր)բ խ(ա)չս Մաք/ումին եւ (իւ)ր կ(ե)ն(ա)կցին»2։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը կերտվել է 17-րդ դարում։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2022 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի «Վարձք» հանդեսի 17 համարում Էմմա Աբրահամյանի հեղինակությամբ լույս է տեսել «Քյուրաթաղ» հոդվածը, որտեղ հեղինակը անդրադարձել է նաև այս խաչքարին։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է դեղնավուն կրաքարից։

Տիպը
Նվիրատվական խաչքար
Պահպանվածությունը`
Լավ
----------------------------

1Տե՛ս Մատենագրութիւնք Նախնեաց. Կորիւն Վարդապետի, Մամբրէի Վերծանողի եւ, Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1833, էջ 107։
Դավիթ Անհաղթ, Ներբող աստվածընկալ Սուրբ Խաչին. «․․․․Ապաքէն զի յամենայն կոյս ուղիղ զհայեցուածսն կալցի. քանզի քառադէմ ապաքէն ասի և կառքդ. որպէս և քառառաջէ այս կառք խաչակառք, յորում Էմմանուէլն բարձրացեալ, կառավարելով ստուգապէս աւարումն գերելոցն արար»։  

2Աբրահամյան Է․, 2022, էջ 61։

Լուսանկարներ