Քյուրաթաղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Այլ անվանումներ
1841-1844 թթ․ վավերագրերում հիշատակվում է Սուրբ Հովհաննես անվամբ։
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1683 թվականին։ Գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ 1927 թվականին շինությունը վերածվել է մշակութային ակումբի: Ավելի ուշ օգտագործվել է որպես պահեստ։ 2012 թվականին եկեղեցին վերանորոգվել է և վերաօծվել։

Սկզբնական պատկանելությունը
Քյուրաթաղ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մաս է կազմել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի, հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քյուրաթաղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քյուրաթաղ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 6,3 կմ հյուսիս։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քյուրաթաղ գյուղի հարավարևմտյան հատվածում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 717 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ գետից 4,16 կմ հարավ։
Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Քյուրաթաղ գյուղի հարավային եզրին՝ բարձրադիր հրվանդանի թեքադիր լանջին։ Ըստ մուտքի բարավորի շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1683 թվականին՝ Երեմիայի կաթողիկոսության տարիներին։ Այն կառուցել են Քյուրաթաղի բնակիչները՝ ի հիշատակ գյուղի տանուտեր Ղասումի․ «Շին(ե)ց(ա)ւ ս(ուր)բ եկ(ե)ղ(ե)ցիս | թվ(ին) ՌՃԼԲ (1683) | ի թ(ա)գ(ա)ւ(որու)թե(ան) Սիւլ|էմանին, կ(ա)թ(ո)ղիկ(ո)սութե(ա)ն Երեմիայի։ | Մեք Խօր|քիւրաթա|ղայ մեծ եւ | փոքր ժ(ո)ղ(ո)վ(ո)ւրդս շինեցինք։ Տանուտէրն | գեղիս Ղասումի|ն յ(ի)շ(ա)տ(ա)կ է»1։
Եկեղեցին 1841-1844 թթ․ վավերագրերում հիշատակվում է Սուրբ Հովհաննես անվամբ2։


Կառույցը ուղղանկյուն հատակագծով եռանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և երկու ավանդատներով։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան կամարակապ շրջանակով պատրհաններ։ Թաղը հենված է երկու զույգ սյուների վրա բարձրացող կամարներին։ Հյուսիսային պատի մեջ՝ եռակամար վերնամասով խորշում, մկրտության ավազանն է։ Մուտքը հարավից է։ Այն առանձնանում է սրբատաշ դեղնասպիտակավուն կրաքարից կառուցված գեղեցիկ կամարակապ շքամուտքով։ Վերջինս աչքի է ընկնում կամարն ընդգծող, պարանահյուս, նախշազարդ զույգ գոտիներով։ Մուտքի ձախ կողմում կա յոթտողանի արձանագրություն․ «Խաչկալս | յիշատա|կ է Խօջա | Վարդանի | կողակից | Ղզըլին, | թվ(ին) ՌՃՂԲ (1743)»3։

Մուտքից վեր՝ բարավորի վրա՝ լայն հյուսվածազարդ քառակուսի շրջանակի մեջ, գեղեցիկ խաչաքանդակ է, որը ներկայացնում է 17-րդ դարի խաչքարարվեստում տարածված, ամբողջությամբ պարանահյուս ծաղկած խաչ՝ թևերի լայն ծաղկահյուս վերջավորություններով։ Խաչի հիմքից դեպի աջ ու ձախ են տարածվում մեկական երկար ցողուն։ Խաչաքանդակի երկու կողմում վերը հիշատակված՝ 1683 թվականի շինարարական արձանագրությունն է։ Նմանատիպ շքամուտքեր հանդիպում են նույն ժամանակաշրջանում կառուցված մի շարք հուշարձաններում, որոնց թվում առանձնանում են Ծակուռիի Ծաղկավանքը, Հին Թաղասեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Ճարտարի Ղշավանքը և այլն։

Եկեղեցին լուսավորվում է դեպի ներս լայնացող 6 լուսամուտներով՝ մեկը՝ արևմտյան, երկուսը՝ հարավային, երեքը՝ արևելյան պատերին տեղադրված։ Հարավային պատի լուսամուտների ստորին հատվածում կան ոչ մեծ չափերի խորշեր։
Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է անմշակ, կիսամշակ քարերով։ Սրբատաշ են կամարները, քիվերը, ինչպես նաև բացվածքների և խորշերի եզրաքարերը։ 

Եկեղեցու պատերին արտաքուստ և ներքուստ ագուցված են ավելի վաղ շրջանի խաչքարեր, ինչպես նաև ուշ միջնադարյան արձանագիր և անարձանագիր խաչքարեր և խաչաքանդակներ՝ նվիրատվական բնույթի։ Ուշագրավ են հատկապես եկեղեցու ներսում՝ մուտքից վեր, որպես ներքին բարավոր օգտագործված մեծ չափերի գեղաքանդակ խաչքարը, ինչպես նաև հյուսածո եզրերով և ողկույզներով զարդարված միջնադարյան մեկ այլ խաչքար, որն ագուցված է մկրտարանից աջ՝ պատի հարավահայաց ճակատին։

Խորանի աջակողմյան պատը և հարավային սյունը միացնող կամարի արևմտյան ճակատին փորագրված է․ «Յ(ի)շ(ա)տ(ա)կ է ս(ուր)բ, | Քզլաղ|էն(՞), խ(ա)չս»4։

Խորանի ձախակողմյան պատը և հյուսիսային սյունը միացնող կամարի արևմտյան ճակատի կոր մակերեսին՝ սլաքաձև խորանի ներքո, քանդակված է հյուսվածազարդ խաչապատկեր, որի ձախակողմյան վերնամասում չորս տողով փորագրված է․ «Յիշ(ա)տ(ակ) է ս(ուր)բ | խ(ա)չս | Վանո(ւ)|մին»5։ Հատկանշական է խաչաքանդակի պատկերագրությունը․ ամբողջությամբ պարանահյուս և լայն ծաղկահյուս վերջավորություններով կենտրոնական խաչի հիմքից դեպի աջ ու ձախ են տարածվում մեկական երկար ցողուն, որոնցից յուրաքանչյուրը պսակվում է հավերժության խորհրդանիշ արևախաչ (դեպի ձախ ոլորված) վարդյակով։ Ուշագրավ է նաև աջ և ձախ ցողուններին կից անիվների առկայությունը, որը ներկայացնում է այն խաչակառքը, որի վրա բարձրացավ Էմմանուելը և ստուգապես կառավարելով` ավար առավ գերվածներին6 և հարթեց ճանապարհը դեպի Հավերժացում:

Նմանատիպ հորինվածք է հարավային սյունը հարավարևմտյան որմնասյանը կապող կամարի արևմտյան ճակատի ստորին հատվածում՝ կամարաձև խորանի ներքո գտնվող հյուսկեն խաչաքանդակը։ Այստեղ կենտրոնական խաչի հիմքից դեպի աջ ու ձախ տարածվող ցողունները պսակվում են մեկական փոքրիկ խաչով։ Հորինվածքի աջ կողմում արձանագրությունն է․ «Յիշ(ա)տ(ա)կ է | ս(ուր)բ Խ(ա)չս | Մարտիրոս(ի)ն»7։

Մյուս բոլոր խաչքարերը ագուցված են եկեղեցու արտաքին պատերին՝ որպես գեղարվեստական հարդարանք և լուսամուտները պսակող շրջանակ։

Եկեղեցու հյուսիսային կողմում գտնվում է գերեզմանոցը։


Խորհրդային տարիներին, երբ եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով, ձևափոխության է ենթարկվել սրահը․ հիմնական մուտքից աջ նոր մուտք է բացվել։ 2012 թվականին քյուրաթաղցի ռուսաստանաբնակ Արմեն Դավթյանի ֆինանսական աջակցությամբ եկեղեցին վերանորոգվել է։ Դրա վերաբերյալ ցուցանակ է տեղադրվել խորանի աջակողմյան պատը և հարավային սյունը իրար միացնող կամարի ստորին հատվածում։ Վերականգնվել է կառույցի նախնական տեսքը։ Մասամբ պահպանված կղմինդրածածկը փոխարինվել է մետաղյա թիթեղով։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1683 թվականին, գործել մինչև 20-րդ դարի 20-ական թվականները։ 1927 թվականից օգտագործվել է որպես գյուղական ակումբ, ապա՝ պահեստ։ Վերանորոգվել է 2012 թվականին և որպես եկեղեցի գործել մինչև 2020 թ․ հոկտեմբերը: 2020 թվականի հոկտեմբերից Քյուրաթաղ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ (1895)։

2022 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի «Վարձք» հանդեսի 17 համարում Էմմա Աբրահամյանի հեղինակությամբ լույս է տեսել «Քյուրաթաղ» հոդվածը, որն անդրադառնում է եկեղեցու ճարտարապետական և վիմագրական մի շարք մանրամասների։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով եռանավ թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները վեցն են, որոնցից երեքը բացվում են արևելյան, մեկը՝ արևմտյան, երկուսը՝ հարավային ճակատից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցին ի սկզբանե եղել է կղմինդրածածկ: 2012 թվականի վերնորոգման ժամանակ քայքայված ծածկը փոխարինվել է մետաղյա թիթեղով։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Եկեղեցին կառուցվել է կոպտատաշ և անմշակ քարերով։ Անկյունաքարերը և հիմնապատերի քարերը չափերով մեծ սալաքարեր են, իսկ բացվածքների շրջանակները, որմնասյուները և կամարները շարված են սրբատաշ կրաքարով։

Հարդարանքը
Եկեղեցու որմերին ներքուստ և արտաքուստ ագուցված եմ մեկ տասնյակից ավելի արձանագիր և անարձանագիր նվիրատվական բնույթի խաչքարեր։ Եկեղեցուն առանձնակի շուք է տալիս նրբագեղ զարդահյուսերով շքամուտքը։

Պատկերագրությունը, բովանդակությունը (լուսանկարներ)

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
13,4 մ
Չափերը` լայնությունը
9,6 մ
Չափերը` բարձրությունը
7,2 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Քյուրաթաղ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ Սուրբ Աստվածածին եկեղեցին Արցախի 17-րդ դարի եկեղեցաշինության լավագույն օրինակներից է։
----------------------------
1Աբրահամյան Է․, 2022, էջ 61։
2Նույն տեղում, էջ 58։
3Նույն տեղում, էջ 61։
4Նույն տեղում, էջ 63։
5Նույն տեղում, էջ 61։
6Տե՛ս Մատենագրութիւնք Նախնեաց. Կորիւն Վարդապետի, Մամբրէի Վերծանողի եւ, Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1833, էջ 107։
Դավիթ Անհաղթ, Ներբող աստվածընկալ Սուրբ Խաչին. «․․․․Ապաքէն զի յամենայն կոյս ուղիղ զհայեցուածսն կալցի. քանզի քառադէմ ապաքէն ասի և կառքդ. որպէս և քառառաջէ այս կառք խաչակառք, յորում Էմմանուէլն բարձրացեալ, կառավարելով ստուգապէս աւարումն գերելոցն արար»։
7Աբրահամյան Է․, 2022, էջ 61։


Չափագրություններ
Քյուրաթաղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
Գրչանկարներ