Քյուրաթաղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Ղասումի և Լելումի խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կերտվել է 1683 թվականին, նույն ժամանակ էլ ագուցվել եկեղեցու պատին։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մաս է կազմել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի, հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քյուրաթաղ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քյուրաթաղ գյուղի հարավարևմտյան հատվածում։ Ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին՝ մուտքից արևելք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 717 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ գետից 4,16 կմ հարավ։ Նկարագրություն
Խաչքարն ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին՝ մուտքից արևելք։ Ըստ արձանագրության՝ այն կերտվել է 1683 թվականին․ «Յիշ(ա)տ(ա)կ է ս(ուր)բ խաչս Ղա(ս)ումին։ Յիշ(ա)տ(ա)կ է ս(ուր)բ խ(ա)չս Լելումին, | թվի(ն) ՌՃԼԲ (1683)»1։ Արձանագրության մեջ հիշատակված Ղասումի անունը հիշատակվում է նաև եկեղեցու շինարարական արձանագրության մեջ՝ որպես Քյուրաթաղ գյուղի տանուտեր։ Խաչքարը կերտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման ժամանակ և հենց այդ ժամանակ էլ ագուցվել եկեղեցու որմին։
Դեղնավուն կրաքարից, ուղղանկյուն լայնաձիգ հորինվածքով խաչքարը ներկայացնում է կողք կողքի երկու նմանատիպ խաչաքանդակ՝ ընդգրկված սլաքաձև խաչախորանների մեջ։ Ծաղկած խաչի այս պատկերատիպը, որն առանձնանում է խաչաթևերի լայն ծաղկահյուս վերջավորություններով, հայտնի էր հայկական մանրանկարչության տարբեր դպրոցներում դեռևս 11-րդ դարից և հատկապես տարածված էր 17-րդ դարի խաչքարարվեստում։ Ինչպես մանրանկարչական, այնպես էլ քանդակային օրինակներում վերջիններս միմյանցից տարբերվում են հիմնականում խաչաթևերի հյուսվածքով։
Ուշագրավ է, որ մեր օրինակում խաչերից յուրաքանչյուրն իր հիմքից տարածվող զույգ ճյուղերով մեկ միասնական, միապարան հյուսվածք է ներկայացնում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 1683 թվական (17-րդ դար)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Արձանագրությունը գտնվում է խաչքարի վերնամասում։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը կերտվել է 1683 թվականին։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2022 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի «Վարձք» հանդեսի 17 համարում Էմմա Աբրահամյանի հեղինակությամբ լույս է տեսել «Քյուրաթաղ» հոդվածը, որտեղ հեղինակը անդրադարձել է նաև այս խաչքարին։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է դեղնավուն կրաքարից։
Տիպը
Նվիրատվական խաչքար Պահպանվածությունը`
Միջին
----------------------------
1Աբրահամյան Է., 2022, էջ 56-64։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան Է․, 2022 - Աբրահամյան Էմմա, Քյուրաթաղ գյուղի պատմական հուշարձանները, «Վարձք», № 17, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2022, էջ 56-64: .
Գ․ Բ․, Ա․ Լ-Ե․