©
Թաղասեռի Անապատ (Նապատ)
Վանք
Թաղասեռի Անապատը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից 1,5 կմ արևմուտք՝ երեք կողմից առանձնացած բարձունքի գագաթի հարթ մակերեսին։ Անվանումը հուշում է, որ այստեղ գործել է մենաստան։ Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց և դրանից արևմուտք ու հարավ գտնվող տարբեր շինություններից, որոնցից պահպանվել են միայն պատերի հետքերը։ Տեղ-տեղ նկատելի են նաև վանքը եզերող պարսպապատի հիմքերը։
Եկեղեցին պարզ թաղակապ դահլիճ է։ Արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան՝ կողային երկու նեղ ավանդատներով։ Միակ մուտքն արևմուտքից է։ Շրջակայքում երևում են հողի մեջ ամբողջությամբ խրված մի քանի պարզ տապանաքար։ Եկեղեցու պատերին ագուցված են խաչքարեր։ Մի քանի խաչքար և խաչքարերի բեկորներ էլ պահպանվել են եկեղեցու ներսում։ Եկեղեցու թաղածածկն ամբողջությամբ փլուզված է, պահպանվել է միայն խորանի թաղակապ գմբեթարդը։ Հարավային պատին ագուցված է տեղական կրաքարից պատրաստված արևային ժամացույցը, որը մասամբ հողմահարված է։
Վանական համալիրի տեսքը վկայում է 17-18-րդ դդ․ արված վերակառուցումների մասին։ Եկեղեցու պատերի մեջ և ներսում պահվող խաչքարերը հիմնականում պատկանում են 13-17-րդ դարերին։ Դա փաստում է, որ վանքը գործել է առնվազն 13-րդ դարից։
Հայտնի չէ վանքի լքման կամ ավերման հստակ թվականն ու պատճառը, սակայն այն սրբատեղի և ուխտատեղի է եղել շրջակա բնակավայրերի բնակիչների համար մինչև 2020 թվականի հոկտեմբեր 10-ը։
Լուսանկարներ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել ավելին
Չափագրություններ
Հուշարձանների վավերագրում և անձնագրավորում
Թաղասեռի Անապատ