Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի (RAA archive)
Թաղասեռի Անապատ
Հուշարձան
Տիպային անվանումը
Վանք
Հատուկ անունը
Թաղասեռի Անապատ
Այլ անվանումներ
Նապատ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 13-14-րդ դարերում և գործել է մինչև 18-րդ դարը։ Հայտնի չէ վանքի լքման կամ ավերման հստակ թվականն ու պատճառը, սակայն այն սրբատեղի և ուխտատեղի է եղել շրջակա բնակավայրերի բնակիչների համար մինչև 2020 թվականի հոկտեմբեր 10-ը։
Սկզբնական պատկանելությունը
Հայ Առաքելական Եկեղեցի, Աղվանից Կաթողիկոսություն, Թաղասեռ գյուղ։
Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքար №1, խաչքար №2, խաչքար №3, խաչքար №4, խաչքար №5, խաչքար №6, խաչքար №7, խաչքար №8, խաչքար №9, խաչքար №10։

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։ 2020 թ․ հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Տեղագրությունը
Գտնվում է Թաղասեռ և Սարինշեն գյուղերի միջակայքում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղասեռ գյուղից 1,5 կմ արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Ծովի մակերևույթից բարձր է 1079 մ։
Նկարագրություն
Անապատ վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից 1,5 կմ արևմուտք՝ երեք կողմից առանձնացած բարձունքի գագաթի հարթ մակերեսին։ Անվանումը հուշում է, որ այստեղ գործել է մենաստան։ Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց և դրանից արևմուտք ու հարավ գտնվող տարբեր շինություններից, որոնցից պահպանվել են միայն պատերի հետքերը։ Տեղ-տեղ նկատելի են նաև վանքը եզերող պարսպապատի հիմքերը։
Եկեղեցին պարզ թաղակապ դահլիճ է։ Արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան՝ կողային երկու նեղ ավանդատներով։ Միակ մուտքն արևմուտքից է։ Շրջակայքում երևում են հողի մեջ ամբողջությամբ խրված մի քանի պարզ տապանաքար։ Եկեղեցու պատերին ագուցված են խաչքարեր։ Մի քանի խաչքար և խաչքարերի բեկորներ էլ պահպանվել են եկեղեցու ներսում։ Եկեղեցու թաղածածկն ամբողջությամբ փլուզված է, պահպանվել է միայն խորանի թաղակապ գմբեթարդը։ Հարավային պատին ագուցված է տեղական կրաքարից պատրաստված արևային ժամացույցը, որը մասամբ հողմահարված է։

Պատմական տեղեկանք
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Վանական համալիրի տեսքը վկայում է 17-18-րդ դդ․ արված վերակառուցումների մասին։ Եկեղեցու պատերի մեջ և ներսում պահվող խաչքարերը հիմնականում պատկանում են 13-17-րդ դարերին։ Դա փաստում է, որ վանքը գործել է առնվազն 13-րդ դարից։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Միանավ կամարակապ սրահ
Չափերը` երկարությունը
12,9 մ
Չափերը` լայնությունը
6,1 մ
Չափերը` բարձրությունը
5,5 մ
Չափերը` տարածքի մակերեսը
Համալիրի տարածքը 3500 քմ է։
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր է Արցախի Հադրութի շրջանի, ինչպես նաև Թաղասեռի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------

Չափագրություններ
Թաղասեռի Անապատ (Նապատ) վանքի հատակագիծը
Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1988, էջ 114։

Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մկրտչյան Շ, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985 (երկրորդ հրատարակություն)1։



.
1Սույն գրքում Թաղասեռի Անապատի նկարագրության հետ կապված խնդիր կա, քանի որ հեղինակը հուշարձանը նկարագրելիս այն շփոթել է Հին Թաղասեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու նկարագրության հետ։




Գ․Բ․