Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, խաչքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական բնույթի այս խաչքարը կերտվել է 1516 թվականին և հավանաբար ընծայվել է ներկայիս եկեղեցու տեղում եղած ավելի հին սրբավայրի։ 17-րդ դարում այն ագուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու արևմտյան ճակատին։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում բնակավայրը մաս է կազմել Դիզակի և Վարանդայի մելիքություններին։ 1991- 2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 961 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի Իշխանագետ վտակի ձախ կողմում՝ գետից 2,5 կմ հյուսիս։ Նկարագրություն
Դրախտիկ գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու արևմտյան ճակատին՝ մուտքի աջ կողմում, ագուցված է 1516 թվականին կերտված նվիրատվական խաչքար։ Հավանաբար այն ընծայվել է նախկինում նույն տեղում կառուցված այլ սրբավայրի, քանի որ ըստ շինարարական արձանագրության՝ ներկայիս եկեղեցին կառուցվել է ավելի ուշ՝ 1645 թվականին։
Ուղղանկյուն կոթողի կենտրոնում ծաղկած հիմնախաչն է, որի ուղղահայաց առանցքի հիմքում ավանդական արմավազարդի փոխարեն փոքր չափերի ակն հիշեցնող գնդաձև զարդ է։ Հիմնախաչից վեր՝ կենտրոնում, նմանատիպ գնդաձև հիմքից սկիզբ են առնում և գրեթե նույնությամբ դեպի աջ և ձախ տարածվում կենտրոնում վեցթերթանի ծաղկով պսակվող, տերևազարդ և գալարապտույտ մեկական ճյուղ՝ զբաղեցնելով խաչքարի վերին ողջ դաշտը։
Խաչաթևերի զույգ ելուստները եռաբողբոջ են և հմտորեն իրար են հյուսված խաչաքանդակը երիզող նուրբ եզրագոտով։ Գեղեցիկ են մշակված նաև խաչաթևերի ներքին մակերեսները։ Մեկնելով կենտրոնի ոչ մեծ չափերի, սուր ծայրերով խորաքանդակ խաչից՝ հիմնախաչի ողջ մակերեսը ծածկված է խաչածայրերի ձևը կրկնող և հետզհետե լայնացող գծանախշով, որն իր հերթին պսակվում է ոճավորված բուսազարդով։
Հորիզոնական խաչաթևերից ցած՝ աջից և ձախից, քանդակված են եռաբողբոջ խաչաթևերով ևս երկու պարանահյուս, նրբագեղ խաչեր։ Վերջիններս կարծես իրենց հորիզոնական թևերով կրում են խաչքարի խոշորատառ արձանագրությունը․ «Թվ[ին] ՋԿԵ» (1516թ․)։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-րդ դար (1516 թ.)Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ խաչքարի վրա փորագրված արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը կերտվել է 1516 թվականին։ 17-րդ դարում այն ագուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու արևմտյան պատին՝ մուտքից աջ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է սպիտակ կրաքարից։
Տիպը
Նվիրատվական խաչքար Չափերը` լայնությունը
40 սմ Չափերը` բարձրությունը
55 սմ Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի 16-րդ դարի հայ խաչքարարվեստի, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու պատմության ուսումնասիրման համար։ Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հուշարձանի մասին մատենագիտական տեղեկություններ չկան։
.
Գ․Բ․, Ս․Դ․, Ա. Լ.-Ե.