Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Գրիգոր Նարեկացի
Այլ անվանումներ
Նարեկավանք, Նռնեգավանք
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ըստ շինարարական արձանագրության՝ կառուցվել է 1645 թվականին: Խորհրդային և անկախության տարիներին չի գործել, սակայն դրախտիկցիների համար ծառայել է որպես սրբատեղի մինչև 2020 թվականի հոկտեմբերը։
Սկզբնական պատկանելությունը
 Դրախտիկ (Հին Դրախտիկ) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր

Խաչքար № 1, խաչքար № 2, խաչքար № 3, խաչքար № 4
 

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում բնակավայրը մաս է կազմել Դիզակի և Վարանդայի մելիքություններին։ 1991- 2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Դրախտիկ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դրախտիկ գյուղից 700 մ արևմուտք՝ Հին Դրախտիկ գյուղատեղիի տարածքում՝ անտառապատ բլրի գագաթին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 961 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի Իշխանագետ վտակի ձախ կողմում՝ գետից 2,5 կմ հյուսիս։
Նկարագրություն
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գտնվում է Դրախտիկ գյուղի արևմտյան մասում՝ մի բարձրադիր բլրի գագաթի հարթ տափարակին, որի շուրջը նախկինում տարածվել է գյուղը։ Տեղացիներին այն հայտնի է Նարեկավանք և Նռնեգավանք անուններով։ Ըստ եկեղեցու մուտքի բարավորի աջ եզրաքարի վրա պահպանված արձանագրության՝ կառուցվել է Թվ(ին) ՌՂԴ (1645 թվականին), սակայն պատերին ագուցված բազմաթիվ խաչքարեր ներկայիս շինությունից ավելի հին են, մասնավորապես՝ շքամուտքի աջ կողմում ագուցված խաչքարը, որը կերտվել է 1516 թվականին։ Հավանաբար եկեղեցին վերանորոգվել է 1645 թվականին։ Եկեղեցու ներսում՝ հյուսիսային պատի կենտրոնական որմնասյան վրա, հիշատակագրական արձանագրություն են թողել նաև ճարտարապետը և իր աշակերտը․ «Շինեցաւ Ս[ուր]բ ե(կ)|եղեցիս յ[ի]շ[ա]տ[ա]կ | Յ[ո]հ[ա]ն վ[ար]դպ[ետ]ին եւ | Խ[ա]չ[ա]տ[ո]ւր աշ[ա]կ[եր]տին | թվ[ին] ՌՂԴ»։

Միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան երկու ոչ մեծ պատրհաններ։ Հյուսիսային պատրհանի ետնապատին ագուցված է 15-16-րդ դարերի տապանաքար, իսկ կողապատերին՝ 16-17-րդ դարերին բնորոշ նվիրատվական խաչքարեր, որոնցից աջակողմյան խաչքարին արձանագրված է․ «Խաչս Խան|աղէն»։ Ուշագրավ պատկերաքանդակով է առանձնանում խորշի վերնամասի խաչքարը։

Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից երեք զույգ որմնասյուների և նրանցից բարձրացող սլաքաձև կամարների վրա։ Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատի կենտրոնական հատվածից։ Լուսավորվում է արևելյան և արևմտյան ճակատների մեկական փոքր լուսամուտներով։ Կառուցված է տեղական անմշակ քարերով։ Սրբատաշ կրաքարից են միայն մուտքի եզրաքարերը, որմնասյուներն ու որմնակամարները։ Եկեղեցին չունի ավանդատներ։ Հյուսիսային պատին, իր ավանդական տեղադրությամբ, մկրտության ավազանն է՝ առնված կամարակապ խորշի մեջ։ Վերջինս կերտված է դեղնավուն կրաքարից, որի ճակատային հատվածում զույգ ծաղկած խաչապատկերներ են քանդակված։ Ավազանախորշի ետնապատին թեքությամբ ագուցված է 17-րդ դարի գեղազարդ մի խաչքար։ Եկեղեցին ունի հարուստ հարդարանք։ Գեղաքանդակ խաչապատկերներով են զարդարված որմնասյուները և որմնակամարները, իսկ արտաքին և ներքին պատերին, ինչպես նաև որմնախորշերի և լուսամուտների եզրապատերին ագուցված են միջնադարյան խաչքարեր և զարդաքանդակ բեկորներ։
Եկեղեցու հարավային պատի արևելյան որմնասյան կենտրոնական հատվածում ագուցված է Աղբայրի կողմից իր հոր՝ Սրահատի հիշատակին կանգնեցված խաչքարը։

Արևելյան կամարի հյուսիսային կողին քանդակված խաչապատկերի ստորին հատվածում կարդում ենք․ «Խ(ա)չս Խանաղին»։ Նույն կամարի այլ խաչաքանդակների ներքո գրված է․ «Խաչս Խաթո[ն]|զատէին | ինան․․․»։
Գմբեթարդի կամարի հարավային կողմում՝ խաչապատկերի ձախ հատվածում, փորագրված է․ «Խաչս տ[է]ր Մարկոս»։

Եկեղեցու արևմտյան ճակատին, որպես գեղազարդման տարրեր, ագուցված են չորս նվիրատվական գեղաքանդակ խաչքարեր։ Շքամուտքի աջ կողմում ագուցված խաչքարին փորագրված է կերտման տարեթիվը․ «Թվին ՋԿԵ» (1516 թ․)։
Նույն ոճավորմամբ է նաև մուտքի ձախ կողմում ագուցված անարձանագիր խաչքարը, որը, վստահաբար, նույն վարպետի աշխատանքն է։

Գեղեցիկ ճարտարապետական հարդարանք է ունեցել նաև շքամուտքը, որից պահպանվել է միայն բարավորը երիզող հովհարաձև շրջանակի աջակողմյան հատվածը։ Մուտքից վեր ևս երկու նվիրատվական նմանատիպ խաչքարեր են, որոնցից ձախակողմյանի վերնամասում փորագրված է․ «Խաչս Պաջիւն»։ Եկեղեցու ավերված բեմի տեղում պահպանվել է Խոջիի կանգնեցված խաչքարը։

Հուշարձանն արցախյան առաջին պատերազմի ժամանակ ենթարկվել է հրթիռակոծության, որի հետևանքով ավերվել է գմբեթարդը, և վնասվել թաղածածկի որոշ հատվածներ։

Եկեղեցու արևմտյան մասում տարածվում է Հին Դրախտիկի գերեզմանատունը, որտեղ պահպանվել են պարզ սալատապաններ և ուղղանկյունաձև տապանաքարեր։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության

Ըստ մուտքի աջակողմյան հատվածում ագուցված նվիրատվական խաչքարի 1516 թվականի արձանագրության։

Ըստ մուտքի կամարակապ եզրաքարի և եկեղեցու հյուսիսային որմնասյան վրա փորագրված վերակառուցման մասին 1645 թվականի արձանագրության։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Եկեղեցու ներկայիս շինությունը վերակառուցվել է 1645 թվականին ավելի հին սրբավայրի տեղում։ Եկեղեցին գործել է մինչև 20-րդ դարասկիզբը, այնուհետև Դրախտիկի բնակչությունը, տեղափոխվելով ավելի բարենպաստ ցածրադիր տարածք, հիմնել է ներկայիս գյուղը։ Եկեղեցին շարունակել է լինել սրբատեղի նույնիսկ Խորհրդային Միության տարիներին։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եկեղեցին վնասվել է ադրբեջանական ուղիղ նշանառությամբ արձակված արկից։ 2020 թվականի հոկտեմբերից Դրախտիկ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Պատմական համառոտ տեղեկանք
Գրիգոր Նարեկացի եկեղեցին հիշատակվում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ։ Եկեղեցուն անդրադարձել է հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը՝ «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները երկուսն են․ մեկը՝ արևելյան, մյուսը՝ արևմտյան ճակատներին։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կայծքարով, ավազաքարով, կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են մուտքի եզրաքարերը, որմնասյուները և որմնակամարները։

Հարդարանքը
Եկեղեցու պատերին ներքուստ և արտաքուստ ագուցված են մեկ տասնյակից ավելի խաչքարեր։ Որմնասյուներին և որմնակամարներին քանդակված են բազմաթիվ հիշատակագրական և նվիրատվական արձանագրություններով խաչապատկերներ։

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
13 մ
Չափերը` լայնությունը
8 մ
Չափերը` բարձրությունը
4 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դրախտիկ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ Հուշարձանի տարածքում առկա խաչքարային կոթողներն իրենց գեղարվեստական հորինվածքով և կատարմամբ ուշ միջնադարյան խաչքարային արվեստի արժեքավոր նմուշներից են։
----------------------------


Չափագրություններ
Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն


Մկրտչյան Շ․ - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։



Գ.Բ․, Ս․Դ․