Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Աղբայրի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
13-14-րդ դարեր (17-րդ դարում ագուցվել է եկեղեցու պատին)

Սկզբնական պատկանելությունը
Դրախտիկ գյուղ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում բնակավայրը մաս է կազմել Դիզակի և Վարանդայի մելիքություններին։ 1991- 2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Դրախտիկ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դրախտիկ գյուղից 700 մ արևմուտք։ Ագուցված է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարավային պատի արևելյան որմնասյան կենտրոնական հատվածում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 961 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի Իշխանագետ վտակի ձախ կողմում՝ գետից 2,5 կմ հյուսիս։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ներսում․ ագուցված է հարավային պատի արևելյան որմնասյան կենտրոնական հատվածում։ Կերտված է սպիտակ կրաքարից։ Կանոնավոր ուղղանկյուն կոթողի հորինվածքի կենտրոնում մեծադիր ծաղկած խաչն է՝ ընդգրկված կամարաձև խորանի մեջ։ Կենտրոնական խաչի ստորին աջ ու ձախ կողմերում քանդակված են մեկական փոքրիկ խաչեր՝ պարանահյուս, գեղազարդ։ Բոլոր երեք խաչաքանդակները սկզբնավորվում են ստորին հատվածի բազմաճյուղ և նախշազարդ խաչարմատից։ Հիմնախաչի թևերն ավարտվում են եռաբողբոջ զույգ տերևներով, իսկ խաչի ողջ մակերեսը ծածկված է նրբագեղ հյուսկեն բուսազարդերով։
Խաչաքանդակ հորինվածքից ցած՝ քարի հարթ մակերեսին, փորագրված է. «Ես Աղբայր կանգեցի | հաւր իմո Սրահատ ամ․․|․․․»։ Եռատող արձանագրության վերջին տողից տեսանելի է միայն վերին կեսը, քանի որ կոթողի ստորին եզրը ուղիղ գծով հատված է։ 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-14-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների և արձանագրության քննության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը կերտվել է 13-14-րդ դարերում, 17-րդ դարում այն՝ որպես գեղազարդման տարր, ագուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարավային պատի արևելյան որմնասյան կենտրոնական հատվածում։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը չի ուսումնասիրվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է սպիտակ կրաքարից։

Չափերը` լայնությունը
43 սմ
Չափերը` բարձրությունը
75 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
26 սմ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու տարածքում և պատերին առկա խաչքարային կոթողները՝ իրենց գեղարվեստական հորինվածքով և կատարմամբ, հայկական միջնադարյան խաչքարային արվեստի արժեքավոր նմուշներից են։ Կարևոր նշանակություն ունի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու պատմության ուսումնասիրման համար։ Այս խաչքարն ուշագրավ է նաև իր արձանագրությամբ և յուրօրինակ անձնանունների վկայությամբ։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հուշարձանի մասին մատենագիտական հիշատակություններ չկան։
.
Գ․Բ․