Լուսանկարը՝ Նունե Մինասյանի
Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Խոջիի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շինությունից ավելի վաղ շրջանի խաչքար է (հավանաբար 15-16-րդ դդ․), որը 17-րդ դարում օգտագործվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու շինարարության ժամանակ։

Սկզբնական պատկանելությունը
Դրախտիկ գյուղ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում մաս է կազմել Դիզակի և Վարանդայի մելիքությունների), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Դրախտիկ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Դրախտիկ։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դրախտիկ գյուղից 700 մ արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 961 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի Իշխանագետ վտակի ձախ կողմում՝ գետից 2,5 կմ հյուսիս։
Նկարագրություն
Վերջին տվյալներով՝ խաչքարը գտնվում էր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու խորանում՝ գմբեթարդի ավերված քարակույտերի մեջ։ Հայտնի չէ սկզբնական տեղադրությունը, սակայն հավանական է, որ այն եղել է արևելյան լուսամուտի եզրաքարերից մեկը։ Այդ մասին է վկայում նաև խաչքարի աջ կողին ավելի ուշ ավելացված նույնատիպ, սակայն ավելի անվարժ քանդակված խաչապատկերը։ Բնույթով նվիրատվական խաչքարը փոքր չափերի գրեթե քառակուսի է։ Հորինվածքն ընդգրկում է լայն հյուսվածազարդ շրջանակի մեջ առնված զույգ խաչեր, որոնք հորիզոնական խաչաթևերի ներքին կլոր ելուստներով իրար են ձուլված։
Խաչքարի ստորին հատվածում զարդագոտու փոխարեն հորինվածքի շրջանակն ամբողջացնում է եռատող արձանագրությունը (այժմ` եղծված), որտեղ պահպանվել է նվիրատու Խոջիի անունը, որը խաչը կանգնեցրել է իր ընտանիքի՝ հոր, մոր և եղբոր հոգիների փրկության համար․ «թվկ թ հ․․․ ծը․․․ ես Խոջի կան/կեցի զխաչըս հայր իմաւ․․․ եմո/․․․․ մո/ր)․․․(ե)ղբա[յ]ր իմ․․․»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 15-16-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների և արձանագրության քննության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը կերտվել է 15-16-րդ դարերում։ 17-րդ դարում այն ագուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու պատին։ Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հրետակոծության հետևանքով եկեղեցու արևելյան հատվածը քանդվել է, որի արդյունքում խաչքարն ընկել և վնասվել է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Խաչքարն ուսումնասիրված չէ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է դեղնավուն կրաքարից։

Չափերը` լայնությունը
50 սմ
Չափերը` բարձրությունը
61 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
22 սմ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Միջին
Արժևորումը
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու տարածքում և պատերին առկա խաչքարային կոթողներն իրենց գեղարվեստական հորինվածքով և կատարմամբ հայկական ուշ միջնադարյան խաչքարային արվեստի արժեքավոր նմուշներից են։ Այս խաչքարն ուշագրավ է թե՛ իր հորինվածքով, թե՛ արձանագրությամբ։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հուշարձանի մասին մատենագիտական հիշատակություններ չկան։



Գ․Բ․, Ս․Դ․, Ա․Լ․-Ե․